Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 20:25

Հովհաննես Ծործորեցի

25-26. Յիսուս նրանց իր մօտ կանչեց ու ասաց. «Գիտէք, որ ազգերի իշխանաւորները տիրում են ազգերի վրայ, եւ մեծամեծները իշխում են նրանց վրայ: Ձեր մէջ եւս չպէտք է այդպէս լինի. այլ ձեզնից ով կը կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի.
   
   Հիսուսը նրանց Իր մոտ կանչեց և ասաց. «Գիտեք, որ ազգերի իշխանները տիրում են նրանց, և մեծամեծերը իշխում նրանց վրա. այդպես պիտի չլինի՛ ձեր մեջ:

   Թեպետ կանչելով նախ խոսքով հանդարտեցնում և [Իրեն] մոտեցնելով հանգստացնում է, սակայն Իր մոտ կանչելը գործով անձամբ օրինակ ծառայելն է` որպես թե ասելով. «Ի՛նձ նայեք», ինչպես որ երբ հեզության ու խոնարհության մասին էր ուսուցանում, մի անգամ [ասաց]. «Սովորե՛ք Ինձնից, որ հեզ եմ» (Մատթ. 11։29), մի անգամ էլ` «Մի օրինակ ցույց տվեցի ձեզ, որպեսզի ինչպես Ես արեցի, դո՛ւք էլ անեք» (Հովհ. 13։15): Այդպես էլ այստեղ. քանի որ երկուսը տասից բաժանվեցին, Իր մոտ բերելով միավորում է և նախ [երկուսի] ախտը պարսավում, որպեսզի [տասին] մխիթարի, և ապա այդ օրինակով նաև բարկությունը մարում:

   «Գիտեք,-ասում է,-որ ազգերի իշխանները տիրում են նրանց»:

   Ցույց է տալիս, որ հեթանոսություն է գահերիցություն խնդրելը կամ հպարտությամբ ու նախանձով շարժվելը, և այդ ախտին հատուկ է մեծամեծերի՛ն հաճախ լլկել. ոմանք գոռոզանում են, ուրիշներ` նախանձում նրանց: Սա ասելով` [Տերը] կսկծեցնում է նրանց, որպեսզի զգաստանան: Ուստի «այդպես պիտի չլինի՛ ձեր մեջ», որովհետև չեկա հեթանոսական թյուր օրենքը հաստատելու, այլ ուղղելու, որովհետև նրանց մոտ տիրում է նա, ով իշխան է, իսկ Ինձ մոտ ավագ է նա, ով կրտսեր է` ըստ Հակոբի ու Եսավի դեպքի, որովհետև այնտեղ ասվեց.

   «Ավագը կրտսերին կծառայի» (Ծննդ. 25։23), և պատվավոր համարվեց կրտսերը` ըստ այսմ. «Հակոբին սիրեցի և Եսավին ատեցի» (Մաղ. 1։2):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Յիսուս նրանց իր մօտ կանչեց ու ասաց. «Գիտէք, որ ազգերի իշխանաւորները տիրում են ազգերի վրայ, եւ մեծամեծները իշխում են նրանց վրայ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:20