Հովհաննես Ծործորեցի
Եւ եթէ մէկը ձեզ բան ասի, կ՚ասէք, որ Տիրոջը պէտք են. եւ նա իսկոյն դրանք կ՚ուղարկի»:
Եվ եթե մեկը ձեզ ինչոր բան ասի, ասեք` իրենց տիրոջը պետք են, և իսկույն կուղարկի դրանք»:
[Տերն] Իր աստվածային զորությունն է հայտնում, ինչպես նաև մարգարեանում, թե ինչ էին [մարդիկ] ասելու [էշի վերաբերյալ], որովհետև նրանց միտքը համոզում է` առանց ափսոսալու տալու իրենց անասունը, այն դեպքում, որ աղքատ ու հողագործ էին, բայց ոչինչ չասացին, կամ էլ հարցրին. «Ինչո՞ւ եք արձակում», ինչպես ասում է Ղուկասը (Ղուկ. 19։33): Երբ լսեցին, որ իրենց տիրոջը պետք են, այսինքն` թե էշերի տերն է պահանջում, կամ իրենց Տիրոջը Ուսուցչին են պետք, իսկույն լռեցին և չհամարձակվեցին անգամ ծպտուն հանել, որովհետև մարդկանց սիրտն Աստծո ձեռքում է: Այն էլ ոչ թե Նրան, այլ աշակերտներին տեսան և համաձայնեցին [էշերը տալ], ինչպես երբ Պասեքի պատրաստության համար [Տերն] ուղարկեց [աշակերտներին], ասաց. «Կգտնեք ուսին ջրի սափոր բարձած մի մարդու, կասեք նրան. «Ուսուցիչն ասում է` որտե՞ղ է այն տունը, ուր պիտի զատիկն ուտեմ, և նա ձեզ ցույց կտա մի մեծ, զարդարված վերնատուն, այնտեղ կպատրաստեք» (հմմտ. Ղուկ. 22։10-11): Նույնն այստեղ է անում, որով խրատում է նրանց, որ Ինքը նաև հրեաներին կարող էր խանգարել և պապանձեցնել, որ չկարողանային վնասել Իրեն, բայց չկամեցավ: Սրանից բացի, մի ուրիշ բան էլ է սովորեցնում աշակերտներին. այն, որ ինչ էլ որ մեկը խնդրի, տան և բնավ դիմադարձ չլինեն, որովհետև եթե նրանք, ովքեր չգիտեին [աշակերտներին], այդպես թույլ տվեցին [էշերը վերցնել], որքա՛ն ավելի [աշակերտները պիտի տան], երբ ծանոթ են ամբողջ աշխարհին:
Իսկ այլաբանորեն` աշակերտներից երկուսին ուղարկելը ցույց է տալիս` նախ` Նրա արարչական ու արքունական զորությունները, որոնք Աստծո կամքի սպասավորներն են բարության ու բարկության համար, որոնցով զգաստանում են մարդիկ: Երկրորդ` [այդպես] է կոչում նախախնամող հոգիներին` հրեշտակային բազմություններին, և [տարբեր] աստիճանների սուրբ մարդկանց և Աստծո օրենսգետներին: Երրորդ` երկու Եկեղեցիները. մեկը` հին Սիոնը, որ սկիզբ առավ նախնիներից և վախճան գտավ Վերնատանը, և երկրորդ` ընդհանրական սուրբ Եկեղեցին, որ ծառայելու է [Աստծուն] մինչև Քրիստոսի [երկրորդ] գալուստը և հանդերձյալում նույնպես: Չորրորդ` Հին և Նոր Կտակարանները: Հինգերորդ` Խոսքի կանխագուշակ մարգարեներին և Նրա մարդեղության հազարապետ առաքյալներին 1084: Վեցերորդ` խորհրդանշում է հատկապես ողորմությունն ու արդարությունը, որոնք միշտ Աստծո երեսի առևից են ընթանում, և Նրա աթոռը դրանցով է հաստատվում 1085 : Իսկ ինչո՞ւ է երկուսին ուղարկում: Որովհետև երկու [հոգին] մեկից լավ է, ասում է Սողոմոնը. եթե մեկը սայթաքի, մյուսի շնորհիվ ոտքի կելնի 1086:
«Գնացեք,- ասում է [Հիսուսը],- այն գյուղը, որ ձեր առջևում է»: «Գյուղ» է կոչում բովանդակ աշխարհը` նրա գեղեցկադիր կարգավորության պատճառով, կամ որովհետև այս աշխարհն Արարչի մեծության համեմատ գյուղ է թվում, կամ էլ [«գյուղ» է] սուրբ Եկեղեցին, որ հին տգեղությունից [ազատվելով]` գեղեցկացավ` ըստ [հետևյալ] երգի. «Սև եմ և գեղեցիկ, դուստրե՛ր Երուսաղեմի» (Երգ. 1։4): Բայց կամենում եմ ավետարանիչների խոսքերի տարբերությունը պարզել. որովհետև Մատթեոսն ասում է` «այն գյուղը, որ ձեր առջևում է», Մարկոսը` «այն գյուղը, որ ձեր դիմաց է» (Մարկ. 11։2), իսկ Ղուկասը` «այն գյուղը, որ ձեզ հանդիպակաց է» (Ղուկ. ԺԹ 30): «Ձեր առջևում» ասելը ցույց է տալիս արարածների հնազանդությունը առաքյալների վարդապետությանն ու մարգարեների կանխագուշակությանը, որոնք հույժ բարի են, և «ձեր» ասելը ցույց է տալիս, որ այդուհետ [առաքյալներին] էին աշակերտելու: «Դիմաց»-ը (ընդդէմ) հակառակություն է հուշում, որը կրեցին առաքյալները, մարգարեները և այլք (որոնց մասին ասվել է) անարժանների ձեռքից, ովքեր խիստ չար են` նախ Երուսաղեմի [ժողովուրդը] և ապա մյուսները: Իսկ «հանդիպակաց»-ը երկու [նշանակություն] ունի. [Տերը] կամ միջակ [արդարների] մասին է խոսում, ովքեր թեպետ չեն պատվում սրբերին, սակայն նաև չեն չարչարում, այլ երկուսում էլ հավասար են, կամ էլ խոսում է այս աշխարհի իրողություններից սրբերի օտարանալու մասին, որովհետև այս աշխարհ իրենց գալը դիպված համարեցին և ոչ թե իբրև իրենց հայրենիք [գալուստ], ինչպես որ Պողոսն իր անձն աշխարհի համար մեռած էր համարում 1087, և Դավիթն [այս աշխարհում] իր պանդխտության երկարությունը ողբում և [աշխարհը] «վրան» էր անվանում 1088:
«Եվ կգտնեք մի կապված էշ` քուռակի հետ»: «Էշ» և «քուռակ» կամ արդարներին ու մեղավորներին է [Տերը] կոչում, ովքեր մեղանչումից հետո անասուններին հավասարվեցին 1089, կամ էլ մարմնին կապվեցին, ինչն [այստեղ] «էշ»-ով է խորհրդանշվում, և դրանով ծեր թե մանուկ մահվան վտանգին մատնվեցին: Կամ [էշ] է կոչում հոգին, քանի որ հնազանդվում է ներքին մարդու օրենքին 1090, և «քուռակ»` մարմինը` անհնազանդ և օրենքին ընդդիմացող լինելու պատճառով: Կամ էլ [այս անուններով կոչում է] հրեաներին ու հեթանոսներին. «էշ» է կոչում, կարծում եմ, անմաքուր ու բեռնակիր հրեաներին` Օրենքի բեռներին` թլփատությանը, շաբաթին և այլ խտրություններին [նրանց] վարժված լինելու պատճառով, և անմաքուր են, որովհետև կռապաշտության մեջ էին ընկնում և երկնքի լուսատուների առաջ խունկ ծխում: Իսկ «կապված» են մեղքի շղթաներով` ըստ այսմ. «Իրենց ձեռքի գործերով կկապվեն մեղավորները» (Սաղմ. 9։17), և` «Սա Աբրահամի դուստր է, ում կապեց սատանան» (Ղուկ. 13։16) զանազան մեղքերով և բազմաստվածության մոլորությամբ, որոնցով էլ [կինը] կորացավ: Եվ «քուռակ»-ով խորհրդանշվում են հեթանոսները տրմուղ 1091 և անկիրթ լինելու պատճառով, քանի որ ըստ իրենց ցանկությունների ընթացան` չմտնելով Օրենքի և ուսմունքի ներքո, այլև զանազան զոհագործություններով ու աղտեղություններով վազեցին լեռներում ու ձորերում, ըստ մյուս ավետարանչի խոսքի` «դրսում` փողոցում» (Մարկ. 11։4), այսինքն` բնության օրենքից դուրս` ըստ առաքյալի 1092: Անմիտ անասունների պես եղծեցին իրենց բնածին բարքը, այս աշխարհի փողոցներում ոտնակոխ եղան դևերից ու ախտերից, ուստի [Տերն] ասում է. «Արձակեք բերեք Ինձ մոտ» նրանց, այսինքն` [արձակեք] մարմնի կապանքներից` ըստ այսմ. «Արձակի՛ր Քո ծառային» (Ղուկ. 2։29): Որովհետև երբ մարմնից դուրս ենք գալիս, մտնում ենք Աստծո մոտ` ըստ առաքյալի 1093, կամ մանկական այբուբենից [հասնում] ենք Հոգու կատարյալ ուսմունքին, հրեական հին ու ստվերական Օրենքից գնում դեպի աաքյալների հանդեպ հնազանդությունը` Նոր [օրենքի] և լույսի մեջ, նաև հեթանոսական մոլորություններից դեպի ճշմարիտ աստվածգիտությունը, երկրային կարիքների կապանքներից դեպի երկնային կյանքի ժառանգությունը:
Նաև ոչ միայն ասում է` արձակեք չարից, այլև` կատարյալ մաքրությամբ բերեք Ինձ մոտ հարսնության` պատրաստելով երկնային անկողնի առագաստը: [Մարդու հոգու] մաքրության կերպի մասին խոսելով` [Տերն] ասում է. «Եվ եթե մեկն ինչոր բան ասի ձեզ, կասեք` իրենց տիրոջը պետք են, և իսկույն կուղարկի դրանք»: Սա հայտնապես ցույց է տալիս [հրեա] օրենսգետների հակառակությունն ու Բանսարկուի մարտը. օրենսգետներն ասում էին. «Ո՞վ Քեզ տվեց այդ իշխանությունը» (Մատթ. 21։23), իսկ Բանսարկուն` «Ի՞նչ կա մեր և Քո միջև, Հիսո՛ւս, Որդի՛ Աստծո» (Մատթ. 8։29), ինչպես որ էշերի տերերն ասացին. «Ինչո՞ւ եք արձակում»: [Տերը] հրամայում է խոսքով պապանձեցնել նրանց թե` «Իրենց տիրոջը պետք են», այսինքն` բարի Հովիվը եկել է փնտրելու Իր մոլորված ոչխարին, որին [Իր] ձեռքով ստեղծեց և նրա պատկերը խոսքով կազմեց:
Արդ` արարածներն Արարչին են պետք և ոչ թե քեզ` գող ու ապստամբ ծառայիդ, որ քեզ չպատկանածը ժողովեցիր ըստ ապստամբ նախահորդ խոսքի: Այժմ նրանց Տերն այցելել է և դեպի Իրեն է կանչում, որպեսզի Աստծուն ծառայեն և ոչ թե ախտերին 1094, որոնք Իմ անունը լսելով, [ասում է Տերը], ափիբերան են լինում և իսկույն չքվում, իսկ ոչխարները` Հովվի ձայնի հետևից վազում: Սա ասելով` [Տերն] աշակերտներին ցույց է տալիս, որ դյուրին է հեթանոսներին կանչելը, նախկինում նրանց ունեցած ոչ մի բան չի կարող խանգարել նրանց: Բայց աննպատակ չի ասում «իրենց տիրոջը պետք են» [խոսքը]: «Տեր» ասելով` միաստվածությունն է ցույց տալիս, իսկ «իրենց»-ն ավելացնելով` երեք Անձերը հայտնում, որովհետև Աստվածությունը խոստովանվում է իբրև մեկ բնություն և երեք դեմք: «Իսկույն ուղարկելն» էլ նշանակում է հավատքի խոսքը, և դյուրին է, ըստ առաքյալի, սրտով հավատալն ու բերանով խոստովանելը փրկության համար 1095 և սրանով արագ մերձենալն Աստծուն: Որ առաքյալները սովորեցրին սա, երևում է [Տիրոջ` նրանց ուղղած] խոսքից թե` «Ասե՛ք»:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ եթէ մէկը ձեզ բան ասի, կ՚ասէք, որ Տիրոջը պէտք են. եւ նա իսկոյն դրանք կ՚ուղարկի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: