Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 22:29

Հովհաննես Ծործորեցի

Յիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Մոլորուածնե՛ր, ո՛չ Գրքերն էք հասկանում եւ ո՛չ էլ Աստծու զօրութիւնը.

 

   Հիսուսը պատասխանեց նրանց` ասելով. «Մոլորյալնե՛ր, ոչ Գրքերը գիտեք, ոչ էլ Աստծո զորությունը:

   [Հիսուսը] չի հակաճառում, թե ինչպե՛ս յոթն էլ նրան կին առան, որովհետև կամ հայտնապես սուտ էր [այդ պատմությունը], ինչպես ցույց տրվեց, կամ էլ եղածը պատահականություն էր: Իսկ ինչ վերաբերում է հարությանը, որ ասում են, թե չկա, իսկ թե կա, ապա մարմնի միջոցով է, երկու կարծիքներին էլ պատասխանում է և ցույց տալիս, որ կա՛ հարություն և ո՛չ այնպես, ինչպես դուք եք կարծում:

   Ուստի ասում է. «Մոլորյալնե՛ր, ոչ Գրքերը գիտեք, ոչ էլ Աստծո զորությունը», այսինքն` [Սուրբ] Գրքից եք խոսում` փորձելով Ինձ, բայց բնավ տեղյակ չեք նրան, նաև Աստծո զորությանը, որը փորձով շատ եք տեսել: Հետևաբար, զարմանալի չէ, որ փորձում եք Ինձ, Ում չեք ճանաչում:

   Բայց ի՞նչ է [Սուրբ] Գիրքը քարոզում, որը նրանք չգիտեին: Այն, որը հետո [Տերն Ինքը] մեջբերում է. «Ես Աբրահամի Աստվածն եմ, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը» (հմմտ. Ելք 3։6): Ուրեմն` եթե սա գիտենային, ապա նրանց հոգիների անմահությունը կխոստովանեին և հարությունը: Իսկ «Աստծո զորությունը» կամ այն մեկնությունն է, որ կա [Սուրբ] Գրքում, որի միայն բառերն էին [սադուկեցիները] տեսնում և ոչ թե իմաստները, ինչպես այս [խոսքում], որն ասում է [Աստված]. «Ես եմ սպանում և Ես կենդանացնում» (Բ Օր. 32։39), և որը հայտնապես հարությունն է քարոզում, քանի որ [Աստված] չի ասում. «Ես կենդանացնում եմ և Ես սպանում», այլ նախ` «սպանում եմ», և ապա` «կենդանացնում», կամ էլ` [նշանակում է]` Նա, Ով կարող էր անգոն գոյացնել, գոյություն ունեցողին ինչպե՞ս չէր կարողանա կենդանացնել: Եվ կամ` [Աստծո] զորությունն այն է, ինչի մասին [Տերն] ասում է հաջորդիվ, և ինչը [սադուկեցիները] չգիտեին:
   

Ստեփանոս Սյունեցի

Յիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Մոլորուածնե՛ր, ո՛չ Գրքերն էք հասկանում եւ ո՛չ էլ Աստծու զօրութիւնը.
   
    «Հիսուս, նրանց պատասխանելով, ասաց. «Մոլորվածնե՛ր»:

   Որովհետև, բացի Մովսեսից մյուս մարգարեներին չէին ընդունում, և գրքերի զորությունը չէին հասկանում և միայն բառերին էին նայում: Քանզի եթե հասկանային [հետևյալ խոսքը]. «Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի [Աստվածը], Հակոբի Աստվածը և կենդանիների Աստվածը, այլ ոչ մեռելների» (Մատթ. 22։23), ապա կընդունեին նրանց հոգու անմահ լինելը և կհավատային հարությանը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Յիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Մոլորուածնե՛ր, ո՛չ Գրքերն էք հասկանում եւ ո՛չ էլ Աստծու զօրութիւնը.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:23