Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Սա լսելով՝ Հերովդես թագավորը վրդովվեց, և ամբողջ Երուսաղեմը` նրա հետ»։
Հերովդեսը, որպես թագավոր, բնականաբար վախենում էր թե´ իր և թե´ իր ժառանգների համար: Իսկ ինչի՞ց վախեցավ Երուսաղեմը` այն դեպքում, երբ մարգարեները վաղուց ի վեր կանխագուշակել էին Քրիստոսի մասին` որպես Փրկիչ, որպես Շնորհատու և Ազատարար։ Ուրեմն ի՞նչը շփոթեցրեց հրեաներին: Այն միևնույն թեթևամտությունը, որը նախկինում ևս նրանց հեռացրել էր Աստծուց՝ իրենց Շնորհատուից, քանի որ նույնիսկ լիակատար ազատություն ստանալուց հետո էլ հրեաները մտաբերեցին եգիպտական մսերի մասին։
Տե´ս, որ մարգարեներն իրենց աչքից ոչինչ բաց չեն թողել. նրանցից մեկը վաղուց ևեթ կանխատեսել էր նաև այս մասին. «Քանզի մեզ համար Մանուկ ծնվեց, Որդի տրվեց մեզ» (Ես. 9:5-6): Սակայն չնայած իրենց մեջ հարուցված շփոթմունքին, Երուսաղեմի բնակիչները ձեռնամուխ չեն լինում իրենք իրենց աչքով ստուգել կատարվածը, չեն հետևում մոգերի քայլերին, որևէ տեսակի հետաքրքրասիրություն չեն ցուցաբերում. ահա´ թե ինչքան կարծրասիրտ ու ամենից առավել անփույթ էին նրանք: Նրանք պետք է պարծենային, որ իրենց համար Թագավոր է ծնվել, և որ այդ Թագավորի Ծնունդը գրավել էր նույնիսկ պարսկական երկրից ժամանած մոգերին: Չէ՞ որ ամենքը պետք է հնազանդվեին այդ Թագավորին, չէ՞ որ հանգամանքներն այդքան անսպասելիորեն դրական փոփոխության էին ենթարկվել, չէ՞ որ իրենց պատմության այդ նոր էջը հենց ամենասկզբից այդքան լուսավոր էր….
Հրեաները, սակայն, այս իրողությունից ևս ավելի լավը չդարձան, չնայած որ բոլորովին վերջերս էին ազատագրվել պարսկական գերությունից։ Եթե հրեաների համար որևէ այլ գերագույն խորհուրդ չբացահայտվեր էլ, ապա միայն սույն իրադարձությունից դատելով` նրանք կարող էին հանգել հետևյալ եզրակացությանը. «Եթե մոգերը մեր Թագավորին այսչափ պատվում են դեռ միայն Նրա Ծննդյան ժամանակ, ապա որչափ առավել կվախենան այդ Թագավորից ու կհնազանդվեն Նրան, երբ Նա հասուն տարիքի հասնի, իսկ մենք էլ, Նրա շնորհիվ, բարբարոսներից շատ ավելի փառավորված կդառնանք»։ Սակայն հրեաներն այդօրինակ ոչ մի մտքով չզմայլվեցին. ահա թե ինչքան մեծ էր նրանց անտարբերությունը, և դրա հետ մեկտեղ նաև՝ կուրությունը։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Եւ երբ Հերովդէս արքան լսեց այս, խռովուեց, նրա հետ՝ եւ Երուսաղէմի ամբողջ ժողովուրդը:
Երբ Հերովդեսը լսեց, խռովվեց, և ամբողջ Երուսաղեմը՝ նրա հետ: Հերովդեսն իրավունք ուներ խռովվելու. քանի որ թագավոր էր, վախենում էր իր անձի և իր ժառանգորդ որդիների համար: Իսկ երուսաղեմացինե՞րն ինչու էին խռովվում, երբ մարգարեները նրանց հայտնել էին, որ [Բեթղեհեմում Ծնվածը] նրանց փրկիչն է լինելու: [Հրեաները] սովոր էին միշտ հակառակելու Աստծուն, ինչպես որ անապատում էլ, [Աստծուց] բարիքներ ընդունելով, եգիպտացիների գարշությունն էին ցանկանում: Այժմ ևս նրանք, դեռ բարիքը չտեսած, դրա լուրն առնելով, խռովվեցին: Եվ ոչ միայն խռովվեցին, այլև ավելի լավ էին համարում իրենց անձերին չարիք պատճառել, քան աշխարհի փրկության մասին լսել՝ ըստ Եսայու. «Նրանք կամենում էին հրո ճարակ դառնալ. քանզի մեզ համար Մանուկ ծնվեց, [մեզ] Որդի տրվեց» (Ես. 9։5–6): Եվ սրտի խռովքից ուշադրություն չդարձրին նրան, թե ինչ էր իրենց լսածը, և չգնացին մոգերի հետևից ու չուրախացան՝ տեսնելով, որ իրենց գերեվարողների ազգից 61 եկել են նորածին Թագավորին երկրպագելու: Պետք է հասկանային, որ եթե այնքան սարսում են Նրանից, Ով դեռ մանուկ է, ապա որքան ավելի կհնազանդվեն [Նրան], երբ արբունքի հասնի, բայց նրանք բոլոր ազգերից ավելի ծույլ ու հակառակասեր էին:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Սա լսելով՝ Հերովդես թագավորը վրդովվեց, և ամբողջ Երուսաղեմը` նրա հետ»։ (Սինոդական թարգ․)[3]
Հավանաբար Հերովդեսն ուրիշներից էր լսել մոգերի այցելության մասին լուրը: «Հերովդես թագավորը վրդովվեց» - «վրդովվել» բառը հունարենում օգտագործվում է ծովի ալիքների մասին խոսելիս և նշանակում է փոթորկվել, խռովվել։ Իսկ ահա փոխաբերական իմաստով այն նշանակում է ցանկացած տեսակի հուզական վրդովմունք և անհանգստություն։ Եթե ուշադրություն դարձնենք, թե Հերովդեսը որքան ջանքեր էր գործադրել թագավորական գահը ձեռք բերելու համար, եթե հիշենք, թե ինչպես է նա այդ նպատակով մեկնեց Հռոմ, ինչպես նաև մտաբերենք նրա գործած սպանությունները, կասկածյալների մահապատիժները, իսկ այդուհետ էլ` Հուդայի և Երուսաղեմի անհանգիստ վիճակը, որտեղ ամենաչնչին պատճառներն անգամ բավական էին մեծածավալ անկարգությունների սանձազերծման համար, ապա լիովին հասկանալի կդառնա Հերովդեսին համակած անհանգստությունը:
Այդ անհանգստությունը, կարելի է ասել, սովորություն դարձավ Հերովդեսի համար և, ինչպես երևում է, նրան չլքեց նույնիսկ իր մահից առաջ։ Նրա մեջ մի ինչ-որ մոլեգին, հիվանդագին ցանկություն կար թագավորական գահն իր և իր սերունդների համար ապահովելու հարցում: Եվ ամենազարմանալին այն է, որ այդ ցանկությունը Հերովդեսի մեջ առաջացավ, ըստ երևույթին, ոչ այնքան իր գալիք սերունդների հանդեպ տածած սիրուց, որքան իր փառասիրությունից կամ էլ որևէ տեսակի այլ դրդապատճառից։
Հերովդեսի հետ վրդովվեց նաև ամբողջ Երուսաղեմը։ Մեկնաբանները համաձայնում են այն հարցի շուրջ, որ Երուսաղեմի տագնապի պատճառը Հերովդեսի հարուցած տագնապն էր։ Սա, անշուշտ, բոլորովին բնական երևույթ էր։ Սակայն երբ այս «վրդովվել» բառը գործածվում է Երուսաղեմի վերաբերությամբ, այն, ամենայն հավանականությամբ, մատնանշում էր այդ բառի մի փոքր այլ հնչերանգը։ Երուսաղեմը տագնապի մեջ ընկավ այն մտավախությունից, որ Հերովդեսը կարող էր ինչ-որ մի անմիտ քայլ անել:
«Ամբողջ» բառը կարելի է հասկանալ որպես հիպերբոլիկ (չափազանցեցված), ընդհանուրի վրա տարածվող մի արտահայտություն, որն օգտագործվում է գերիշխող, գերակշռող տրամադրությունները կամ հասարակական կարծիքը մատնացույց անելու համար: Այսօրինակ արտահայտությունները բավականին հաճախակի կիրառություն ունեն: Այսպես. ամբողջ քաղաքը սարսափեց, չնայած որ, անշուշտ, այնտեղ կային մարդիկ, որոնք ուղղակիորեն չէին սարսափում։ Մատթեոսի Ավետարանում «Երուսաղեմ» բառը սովորաբար հանդիպում է չեզոք սեռի կիրառությամբ` հոգնակի թվով: Միայն այստեղ և, միգուցե նաև Մատթ. 3:5-րդ համարում է, որ այդ բառը գործածվում է իգական սեռի, եզակի թվի կիրառությամբ: Միայն մեկ անգամ էլ (Մատթ. 23:37) Մատթեոսն այս բառը գործածում է հատուկ ձևով («'Ιερουσαλήμ»`- «'Ιεροσόλυμα»-ի փոխարեն):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ երբ Հերովդէս արքան լսեց այս, խռովուեց, նրա հետ՝ եւ Երուսաղէմի ամբողջ ժողովուրդը։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:1
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Եւ երբ Հերովդէս արքան լսեց այս, խռովուեց, նրա հետ՝ եւ Երուսաղէմի ամբողջ ժողովուրդը:
(Արարատ թարգ․) Երբ Հերովդես թագավորը լսեց, վրդովվեց, և նրա հետ՝ ամբողջ Երուսաղեմը։
(Գրաբար) Եւ իբրեւ լուաւ արքայ Հերովդէս՝ խռովցաւ, եւ ամենայն Երուսաղէմ ընդ նմա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: