Հովհաննես Ծործորեցի
Այն ժամանակ քահանայապետները եւ օրէնսգէտներն ու ժողովրդի ծերերը հաւաքուեցին Կայիափա անունով քահանայապետի դահլիճը
Այդ ժամանակ ժողովվեցին քահանայապետերը, օրենսգետներն ու ժողովրդի ծերերը Կայիափա անունով քահանայապետի սրահում:
Խոսքերին հետևեցին նաև գործերը. որովհետև [Տերն] ասաց. «Մարդու Որդին կմատնվի», և նրանք իսկույն հավաքվեցին դրա մասին խորհրդակցելու: «Քահանայապետերը, օրենսգետներն ու ժողովրդի ծերերը»,- ասում է [ավետարանիչը]: Քահանայապետերի շատ լինելը ցույց է տալիս հրեական կարգերի խանգարումը, այն, որ սկսեցին խափանվել, որովհետև Մովսեսը հրամայել էր, որ մեկ քահանայապետ լինի և վերջինիս վախճանից հետո մի ուրիշը նրա տեղը կարգվի 1431, իսկ այստեղ ցույց է տրվում, թե շատ են: Ասում է` «քահանայապետերը», այսինքն` դեռևս ողջ լինելով` քահանայապետությունից հեռացածները և նրանց տեղը կաշառքով հափշտակած ուրիշները, ինչպես որ Զաքարիայի մասին է ասվում, որ Աբիայի դասակարգից էր 1432: «Օրենսգետներն ու ժողովրդի ծերերը». տե՛ս իրերի անչափ ապականումը, թե ինչպես էին գլխավորները հավաքվել ու մտածում անօրեն գործ կատարել, ինչպես ասում է [ավետարանիչը] թե` «Կայիափա անունով քահանայապետի սրահում», ով այդ տարվա քահանայապետն էր, հավաքվեցին, որպեսզի նրանում իրավունք ստանային [Հիսուսին սպանելու], երբ այնտեղ դա խափանել էր պետք` ըստ Օրենքի. «Գառը մի՛ եփիր իր մոր կաթում» (Ելք 23:19), և` «Թռչունը մի՛ բռնիր իր բնում» (հմմտ. Բ Օր. 22:6): Սրահում ժողովվելը նաև նշանակում էր քահանայապետությունից ու ճոխ պատվից նրանց արտաքսումը:
Մաղաքիա արք. Օրմանյան
3-5․ Այն ժամանակ քահանայապետները եւ օրէնսգէտներն ու ժողովրդի ծերերը հաւաքուեցին Կայիափա անունով քահանայապետի դահլիճը եւ խորհուրդ արեցին, որպէսզի նենգութեամբ բռնեն Յիսուսին ու սպանեն: Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»:
Երբ Հիսուս Ձիթենյաց լեռան վրա այդ հայտնությունների մասին էր խոսում, ձորի հանդիպակաց կողմում՝ Սիոնի բարձունքի վրա, տաճարի մոտ, քահանայապետական ժողովարանի մեծ սրահում գումարվել էր հրեաների բարձրագույն ժողովը, Նազովրեցի Հիսուսի նկատմամբ վերջնական որոշում կայացնելու նպատակով։
Նախագահում էր Կայիափա քահանայապետը, խմբվել էին քահանայական դասի գլխավորները, դպրաց դասից եղող ժողովականները, ժողովրդի ավագանին կամ ծերերը։ Բոլորն էլ Հիսուսի հաջողություններից սրտմտած և իրենց դիրքի խախտվելը զգալով, իրենց դեմ ուղղված հանդիմանություններից զայրացած ու ժողովրդական խանդավառությունից իրենց համար անհաճո արդյունք առաջանալու կասկածից զգաստացած, ցանկանում էին այս բոլորի վերջը տալ և որևէ վերջնական ու արմատական որոշումով ապահովել իրենց դիրքը։ Խոսեցին ու խորհրդակցեցին և նախապես մտածած միջոցից այլ տարբերակ չկարողացան գտնել՝ այն է Հիսուսի կյանքին վերջ տալ՝ գործիչին վերացնել, որպեսզի գործը խափանվի։ Այս որոշումը համաձայնությամբ կայացվեց։ Չենք համարձակվում ասել՝ միաձայնությամբ, որովհետև Նիկոդիմոսն ու Հովսեփ Արեմաթացին, ինչպես նաև ուրիշներ էլ կային ժողովին մասնակցող, որ ստվար մեծամասնության դեմ ձայն բարձրացնելը անհնարին համարեցին։
Սպանության որոշումից հետո սկսեցին խորհել գործադրության ձևի մասին։ Օրինավոր ամբաստանության և դատական ձևակերպությունների ու դատաստանական վճռի ձևը ժողովականներին դժվար թվաց։ Օրենքի դեմ հանցապարտության փաստ գտնելու դժվարությունը մի կողմից և ժողովրդական ցույցերի ու Հիսուսի նպաստավոր քայլերի կասկածը մյուս կողմից, ժողովին համոզեցին օրինական ձևերից խորշել և պարզապես դարան լարելով ու խաբեությամբ Հիսուսին գաղտնապես տիրանալ, այնուհետև սպանել և Նրան հետևող ամբոխին կատարված փաստի առջև կանգնեցնել։ Այս է Մատթեոսի կողմից հիշված որոշումը. «Զի նենգութեամբ կալցին զՅիսուս եւ սպանեցեն», և Մարկոսի ժողովի հանդեպ ունեցած վերաբերմունքը. «Զիա՛րդ զնա նենգաւ կալեալ սպանանիցեն»։ Իսկ Ղուկասը ևս բացատրում է այդ որոշման պատճառը. «Բայց երկնիչէին ի ժողովրդենէ անտի»։ Վերջում պիտի տեսնենք, որ նենգության ճանապարհով էլ չկարողանալով հաջողության հասնել, ավելի դյուրին համարեցին դատական վճռով ի կատար ածել Հիսուսի սպանությունը, սակայն նախնական մտածումը դա չէր եղել։
Սպանության ձևը որոշելուց հետո առաջացավ նաև ժամանակի խնդիրը, թե ե՛րբ պետք է այն գործադրել։ Բնական էր, որ բոլորի փափագն էր օր և ժամ առաջ սպանել Հիսուսին, ուստի առանց ժամավաճառության անմիջապես գործադրությունը խնդրո առարկա չէր կարող լինել։ Սակայն տոնական օրերը մոտեցել էին. «Էր զատիկն եւ բաղարջակերք յետ երկուց աւուրց»։ Քաղաքը լցված էր տարբեր կողմերից եկած ուխտավորներով։ Մեծ բազմությամբ եկել էին նաև Հիսուսին համակրող գալիլիացիներն ու բերեացիները։ Անցյալ կիրակի օրվա մեծ հավաքույթի հիշատակը դեռ թարմ էր։ Նախորդ երկու օրերին Հիսուսի կատարած քննադատությունների և հանդիմանությունների հանդեպ ամբոխը համակրանք էր ցույց տվել, ուրեմն վտանգավոր էր այդ իրավիճակում Հիսուսի դեմ որևէ բան ձեռնարկել։ Ամբոխը կարող էր պաշտպանել Նրան, և կամ Հիսուս կարող էր հալածողների դեմ դուրս գալ, և ժողովականները չէին կարող իրենց նպատակին հասնել և թերևս վտանգի էլ ենթարկվեին։ Ուրեմն պետք էր սպասել, որ տոնը անցնի, ուխտավորները մեկնեն, գալիլիացիներն ու բերեացիները քչանան, քաղաքը հանդարտվի, և իրենք ավելի ապահով կերպով իրենց որոշումը գործադրեն։ Երուսաղեմացի ամբոխից կասկած չունեին, միայն մնում էր հսկել Հիսուսին, որ գաղտնաբար չհեռանա և չթաքնվի, որպեսզի նրան ձերբակալելու անհնարության չմատնվեն։
Այդ որոշումներով պիտի ավարտվեր չորեքշաբթի օրվա դավադրական ժողովը՝ սպանությունն ու նենգությունը վերջնականապես հաստատված և որպես մտածմունքի նյութ՝ մնացել էր միայն Հիսուսին հսկելու գործը։ Այս մասին յուրաքանչյուր ժողովական ձեռքից եկած հետախուզությունը պիտի կատարեր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: