Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:56

Հովհաննես Ծործորեցի (†1338)

բայց այս բոլորը եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»: Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ թողեցին նրան ու փախան:
   

    Այլ այս ամենը եղավ, որպեսզի մարգարեների գրածներն իրականանային»:

    Կամ ավետարանիչն է սա ասում, կամ Տերն Ինքն է տարակուսանքը փարատում, թե ինչո՛ւ կամեցավ դա: Որպեսզի կատարվեին մարգարեների կանխատեսումները: Սրանով նաև [ջանում է] ուղղության բերել ու բժշկել նրանց, ովքեր ասում էին, թե Նա հակառակ է Հորը: Եվ մինչև վերջին ժամը նրանցից վերցնում է պատասխանատվությունը. որովհետև եթե մարգարեներին համաձայն լինելո՛վ Իրեն մահվան մատնեց, ինչպե՞ս կարող էր Հորը հակառակ լինել կամ ուսուցանել. ընդհակառակը` հույժ համաձայն էր [Նրան], ինչպես և կար իրականում: Այլև ցույց տվեց, որ կամովին և ոչ թե ակամա է չարչարվում:

    Այդ ժամանակ բոլոր աշակերտները թողեցին Նրան ու փախան:

    Երբ Նրան բռնում էին, [աշակերտները] մնացին Նրա մոտ, բայց երբ այս ամենը խոսեց ամբոխի հետ, փախան, որովհետև դրանից հետո տեսան, որ ազատվելու հնարավորություն չկա, քանի որ կամովին հանձնվեց և ասաց, որ ամեն ինչ կատարվում է ըստ գրվածների: [Սա եղավ], որպեսզի կատարվեր Տիրոջ խոսքը` «Գայթակղվելու եք Ինձնից» (Մատթ. 26:31), և` «Կհարվածեմ Հովվին, և հոտի ոչխարները կցրվեն» (Զաք. 13:7, Մատթ. 26:31)
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

բայց այս բոլորը եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:51
   
56-57. Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ թողեցին նրան ու փախան: Իսկ նրանք բռնելով Յիսուսին՝ տարան Կայիափա քահանայապետի մօտ, ուր օրէնսգէտներն ու ծերերը հաւաքուել էին:
   
    Մարգարեթւթյունների կատարման հետ առնչվող գործողությունները արդեն կատարվել էին։ Հիսուս իր հետ եղողներին արգելել էր պաշտպանական միջոցներ ձեռնարկել, երկնային ու գերբնական պաշտպանություն խնդրելու մտադրություն եւ հարձակվողներին դիմադրելու ցանկություն չուներ։ Միայն դեռեւս նրանց չհանձնված կամեցել էր իր մտածումը հայտնել, եղելության իսկությունը պարզել եւ այդ նենգ գործի մասնակիցներին հանդիմանել։ Նպատակ ուներ նաեւ բոլորի մեղսակցությունը մեջտեղ բերել՝ Հուդայի մատնությունը, քահանայապետերի եւ դպիրների ստորությունը, նրանց խորհուրդների խարդախությունը եւ հարձակվող խմբի տկարությունը։ Եվ այս բոլորին դիմադրում էր միայն իր բարձը, վեհ եւ աստվածավայել ընթացքը։ Բոլոր տեսակի պաշտպանություններից ձեռնաթափ լինեցուց հետո, հոժարակամ հանձնվողին բռնելը մեծ ճիգ չէր պահանջում, որն էլ եղավ ամբոխի կատարածը։
    Մոտեցան եւ բոլոր կողմերից շրջապատեցին Հիսուսին, ձեռքերը կապեցին եւ ուրախությամբ ու ցնծությամբ, որ վերջապես այսքան տարիներ ի վեր հետաձգված գործը ավարտեցին, Հիսուսին իրենց մեջ առնելով շարժվեցին դեպի Երուսաղեմ՝ Գեթսեմանիից Կեդրոնի ձորակը իջնելով եւ այնտեղից դեպի քաղաք բարձրանալով։ Հովհաննեսը տեղեկացնելով Հիսուսին բռնողների մասին, դարձյալ ասում է «գունդն եւ հազարապետ եւ սպասաւոր Հրէից», որը հիշատակել էր նաեւ նրանց գալու ժամանակ։ Գնդի հետ միասին հազարապետի հիշվելը, դարձյալ ակնարկ է հռոմեացի զինվորների ներկայության, թեպետ այս կոչումը կարող էր պատշաճել նաեւ քահանայապետարանի զինված բարապանների եւ նրանց գլխավորին։ Բայց նույնիսկ հռոմեացի զինվորներին վերագրելով, երբեք պետք չէ Հիսուսի ձերբակալվելը հռոմեական իշխանության կողմից կատարված համարել, որովհետեւ այն ոչ միայն հռոմեական դատարանով չէ ի կատար ածվել, այլ նաեւ, եթե դատավորի հրամանով եղած լիներ, ձերբակալվածին ուղղակի դատավորին կհանձնեին եւ ոչ թե՝ քահանայապետին։ Ինչպես ուրիշ տեղ էլ ասացինք հռոմեացի զինվորներից որոշ մաս սովորաբար քահանայապետի տրամադրության տակ էր լինում, նրանց իշխանության եւ անձնական պաշտպանության համար (Մատթ. 26:47) ։ Այս հանգամանքը նշված է նաեւ Ավետարանում Մատթ. 27:65, եւ հետեւաբար, այդ դեպքում քահանայապետերն ու ժողովականները կարող էին անուղղակի կերպով օգտվել հռոմեացի զինվորների ծառայությունից։
    Մինչ զինված ամբոխը զգուշությամբ տանում էր Հիսուսին, որպեսզի կամ փախչելու կամ փախցնելու փորձ տեղի չունենա, քահանայապետից, դպիրներից ու ծերերից ներկա գտնվողները ուրախությամբ հետեւում էին այս ամենին եւ միմյանց միջեւ խորհրդակցում իրենց անելիքի մասին։ Նրանց հետ էր նաեւ Հուդան, որ ստանձնած գործը վերջնականապես հաջողության հասցրած լինելու համար սակարկված վարձատրությունը գանձելու մասիին էր մտածում եւ ժամ առաջ արծաթները ձեռքը բռնելու համար ժողովականների վրա ճնշում էր գործադրում։
    Միայն առաքյալնների կացությունն էր շատ դժվարացել։ Հիսուսի պաշտպանության համար նրանց ճիգը՝ նրա իսկ հրամանով ետ էր մղված, եւ իրենց ձեռնաթափ լինելով՝ Հիսուս ձերբակալվել էր։ Նա թշնամիների ձեռքն էր ընկել եւ նրանազատելու ճիգերն էլ արդեն ավելորդ էր։ Հիսուսի հակառակորդները հակառակ էին նաեւ իրենց։ Ճիշտ է, որ Հիսուսի խոսքի պատճառով նույն պահին իրենց ձեռք չէին տվել, սակայն մինչեւ վերջ վերջ ազատ մնալը երաշխավորված չէր, եւ անիմաստ էր իրենք իրենց վտանգի ենթարկելը եւ օգտակար էլ չէր։ Գուցե վերջին վայրկյաններին իրենց էլ ձերբակալելու տրամադրություններ զգացին, երիտասարդի բռնելու մասին եղած հիշատակությունը այդ հավանական է դարձնում, եւ որ Հիսուսից հետո նրան հետեւողներին էլ կալանելու մտադրություններ եւ ջանքեր եղել են։ Մանավանդ, որ կատարվածը խարդախ դավաճանություն էր եւ ոչ թե օրինական եւ դատական գործառնություն։
    Այս բոլոր մտածումները առաքյալներից յուրաքանչյուրի մտքում զորացան եւ խորհրդակցելու ու որոշում կայացնելու էլ պատեհ առիթ չունեցան, այլ Հիսուսի անսպասելի ձերբակալության պատահարի տպավորության ու պաշտպանության փորձի արգելվելու ազդեցության տակ, ինչպես նաեւ անձնական վտանգի հավանականության դիմաց ամեն մեկն ինքն իրեն ազատելու եւ ապահովելու համար՝ նախ թաքնվելու, ապա խույս տալու եւ անհետանալու հնարավոր տարբերակներ օգտագործեց ու զանազան կողմեր ցրվեցին. «Յայնժամ աշակերտքն ամենեքիան թողին զնա եւ փախան»։