Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:67

Հովհաննես Ծործորեցի (†1338)

67-68. Այն ժամանակ թքեցին նրա երեսին, բռունցքով հարուածեցին նրան, եւ ոմանք էլ ապտակեցին նրան ու ասացին. «Մարգարէացի՛ր մեզ, դո՛ւ, Քրիստո՛ս, ո՞վ է, որ քեզ հարուածեց»:

 

    Այդ ժամանակ թքեցին Նրա երեսին, կռփահարեցին Նրան, և ոմանք ապտակեցին Նրան` ասելով. «Մարգարեացի՛ր մեզ, Քրիստո՛ս, ո՞վ հարվածեց Քեզ»:

    Տե՛ս ավետարանչի ճշմարտասիրությունը, թե ինչպես է, որ անգամ նախատինքը չի թաքցնում և ամոթալի չի համարում, այլ պատմում է` մեծ փառք համարելով, ինչպես և կա իրականում, որով և ցույց է տալիս [իր պատմածի] հավաստիությունը: «Թքեցին,- ասում է,- Նրա երեսին»: Արդ` եթե սպանելու էին, ինչպես և դատեցին, ի՞նչ պետք կար ծաղրուծանակի: Որպեսզի իմանաս նրանց անառակ բարքը, որ ասես որս գտած` իրենց թշնամությունն էին ցույց տալիս և դա տոն համարում: Այդ նախատինքը նաև նրանց հանդգնությունն ու անեզրական չարությունն էր նշանակում, որովհետև թքում էին Նրա երեսին, Ով ի ծնե կույրին լուսավորեց թուքով և ծովը պատռեց. արևը, խաչի վրա Նրա երեսը տեսնելով, իր ճառագայթները հետ քաշեց: Ցույց է տալիս նաև մեր Տիրոջ հեզությունը, որ կարող էր մեկ խոսքով անդնդասույզ անել նրանց, բայց հանդարտությամբ կրում էր նրանց արհամարհալից թշնամանքը, որպեսզի դրանով ամոթի թուքը վերացներ մեր երեսից, մեղքերի կռուփը թեթևացներ մեր վրայից և վերքի ապտակն առողջացներ:

    «Ապտակեցին Նրան և ասացին. «Մարգարեացի՛ր մեզ, Քրիստո՛ս, ո՞վ հարվածեց Քեզ»:

    Մարկոսն ասում է` եղեգներով ձաղկում էին, իսկ Ղուկասը` «Նրա երեսը հագուստով ծածկում ու ապտակում էին» (հմմտ. Ղուկ. 22։64), և ոչ միայն գործով, այլև խոսքերով էին ծաղրում` «մարգարե» կոչելով, ինչպես շատերը, որպեսզի իրենց ամբողջ մոլորությունը հագեցնեին: Եվ իբրև մի արհամարհված ու երեքդանգյան 1544 մարդու` քամահրում ու լրբությամբ մեջտեղ առած` ծաղրում էին: [Տերը] սրանով իրականացնում էր մարգարեների կանխասացությունները. Եսայունը` «Թիկունքս տվեցի հարվածների և ծնոտս` ապտակների, և երեսս չշրջեցի, երբ թուք էի ընդունում» (Ես. 50։6), և Զաքարիայինը` «Մարգարե չեմ» (Զաք. 13։5), այսինքն` Նա մարգարե էր, բայց իբրև «հողագործ» մշակ` աշխատեց նրանց համար բժշկությամբ, իսկ «մարդ» Իսրայելը նախանձեց Նրան «իր մանկությունից ի վեր» 1545, և ծնունդից մինչև մահ նախատեցին Նրան:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

67-68․ Այն ժամանակ թքեցին նրա երեսին, բռունցքով հարուածեցին նրան, եւ ոմանք էլ ապտակեցին նրան ու ասացին. «Մարգարէացի՛ր մեզ, դո՛ւ, Քրիստո՛ս, ո՞վ է, որ քեզ հարուածեց»:
   
   Երբ սինեդրիոն ու նախագահ Կայիափան հանուն ժողովի քահանայապետարանի բարապաններին ու սենեկապաններին, բոլոր սպասավորներին ու ծառաներին հրաման տվեց, որ Հիսուսին մինչև առավոտ զգուշությամբ պահպանեն, թույլ տվեց, որպեսզի ուզածներն անեն Նրա հետ։ Արդեն ընդունված սովորություն էր, որ դատապարտյալը արդեն համարվում էր զրկված Իր անհատական որևէ իրավունքից, և ով ինչ ցանկանում էր, կարող էր անել, որովհետև դատապարտյալը այլևս անձի կամ կյանքի իրավունք չուներ, այլ բոլորի աչքին իբրև անարգ առարկա էր։ Այդ տեսությունը և ժողովականներից իրենց մարդկանց փոխանցված և ներշնչված ատելությունն առիթ և իրավունք տվեցին քահանայապետարանի սպասավորությանը, որ գիշերվա մնացած ժամերին ինչ որ ուզում են անեն Հիսուս հետ և ամեն տեսակ նեղություն և տանջանք հասցնեն Նրա գլխին, առանց կարգի և չափի, և ում մտքով ինչ անցնում էր, կամ ինչ գալիս էր՝ համարձակ ու առանց հակառակության գործադրում էին։
    Երեք ավետարաններում այդ մասին գրված բացատրությունները իրար մոտեցնելով, գտնում ենք, որ «արքն, որ պահէին զնա, այպն, առնէին զն վաւ, հարկանէին, տանջէին, թքէին ընդ երեսս նորա, ձորձ զգլխով արկանելով, հարցանէին եւ ասէին՝ Մարգարեաց, ո՞վ է որ եհարն զքեզ, եւ այլ բազում ինչ հայհոյութեամբ խօսէին ի նա»։ Մի խոսքով Հիսուսին շրջապատած և սպասավորների խուժանը չորս կողմից պատած, ամեն մեկն իր ուզածն էր անում, քստմնելի ձաղկանքի և ծաղրուծանակի ենթարկելով Նրան։ Ավետարանների մեջբերած բառերը բավականին բացահայտ լինելու համար հարկ չենք համարում ամեն մի գործողության կերպերը մանրամասն պարզաբանել։ Միայն նշում ենք, որ Հիսուսի մարմնին հասցված բռունցքներից, ապտակներից, տանջանքներից ու հալածանքներից բացի Նրա սիրտը ծակող նախատինքներն էլ խառնված էին ձաղկանքներից։ Այսպիսին էին իբրև սուտ մարգարե ծաղրելու նպատակով գլխին մի բան գցելով և վրայից հարվածելով, խփողին գիտենալու համար եղած հարցումները և Հիսուսի աստվածային պաշտամունքի, վարպետության և կոչման դեմ ասված անլուր հայհոյանքները։