Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:19

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ մինչ նա ատեան էր նստում, իր կինը նրան լուր ուղարկեց ու ասաց. «Քո եւ այդ արդարի միջեւ ոչինչ չկայ, որովհետեւ այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»:

 

    Եվ մինչ նստած էր ատյանում, նրա կինը նրա մոտ [մարդ] ուղարկեց և ասաց. «Գործ չունես այդ Արդարի հետ, որովհետև շատ բաներ պատահեցին ինձ այսօր երազում Նրա պատճառով»:

    Կուսակալը հայտնապես գիտեր, որ նախանձի հետևանք էր Նրան մահվան [դատապարտելը], կինն էլ երազ էր տեսել, որը բավական էր բոլորին սթափեցնելու, բայց նրանք չզգաստացան, որպեսզի անպատասխան մնան: Բայց թե ինչո՛ւ կինը տեսավ և ոչ թե ամուսինը, պատճառն այն է, որ կինն ավելի արժանավոր անձ էր, քան ամուսինը, կամ էլ` եթե ամուսինը տեսած լիներ, թերևս այդքան հավատալի չլիներ, կամ էլ չէր հայտնի [այդ մասին]. այդ պատճառով էլ կինը տեսավ: Եվ ո՛չ անտեղի, այլ [երազում] մեծ տանջանք էր կրում, որպեսզի ամուսինը կնոջը կարեկցելով` հրաժարվեր սպանելուց: Այդ ժամանակն էլ էր նպաստավոր, որովհետև հենց այդ գիշեր էր երազը տեսել: Արդ` ոմանք ասում են, թե այս երազը դևերից էր, որովհետև [սատանան], տեսնելով, որ [Հիսուսի] մահը աշ խարհի փրկությունն է լինելու, ջանում էր այն խափանել: Իսկ այլք [ասում են], թե հրեշտակներից էր, որպեսզի Հիսուսի անմեղությունն իմանային [Նրան դատողները], և Նրա մահվան անառիթ պատճառները դատապարտվեին: Բայց կարծում եմ` կինը խորհրդանշում էր հրեա պարզամիտ ժողովրդին, որը չէր ցանկանում Նրա մահը. երազն այս կյանքն է, քանի որ երազի պես անցնում է. և [կնոջ կրած] տանջանքն էլ հրեաների` հռոմեացիների ձեռքով կատարված [կոտորածն] է` Աստծո Որդու արյան պատճառով:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ մինչ նա ատեան էր նստում, իր կինը նրան լուր ուղարկեց ու ասաց. «Քո եւ այդ արդարի միջեւ ոչինչ չկայ, որովհետեւ այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»:
   
   Պիղատոսն իր առաջարկությունն անելով, նորից պրետորիոն է մտնում, թողնում հրեաներին, որ խորհրդակցեն: Հիսուսին էլ իր հետ ներս է տանում և, ամենայն հավանականությամբ, սկսում է զբաղվել Նրա հետ, եղելությունների ու պարագաների մասին ավելի մանրամասն տեղեկություններ փնտրել: Մեզ համար այս բացատրության հիմք են ծառայում Ավետարանի «Մինչ նստէր յատենին» խոսքերը, որ ինչ որ ձևով ատյանի ու դատավարական գործերով զբաղվելն են ցույց տալիս:
   Այդ ժամանակ Պիղատոսի կնոջ կողմից մի մտերիմ է գալիս ատյան և հասկացնում, որ դատավորին բան ունի հաղորդելու: Նրա մոտ գալով՝ առանձին ու ծածուկ ասում է. «Ձեր տիկնոջ՝ Պրոկուղայի հանձնարարությամբ գալիս եմ ձեզանից խնդրելու, որ հրեաների կողմից զրպարտված Նազովրեցի Հիսուսին խնայեք և թույլ չտաք, որ հրեաների ատելությունը նպատակին հասնի: Պրոկուղա տիկինն ասում է, որ այս գիշեր շատ վատ երազ է տեսել այդ մասին և երազում իմացել է, որ Նազովրեցին արդար է, և նրա հակառակորդները չարաչար վնասների պիտի հանդիպեն: Ուստի չի ցանկանում, որ Հիսուսի դեմ եղած թշնամության մեջ բաժին ունենաս, նրա մահվան գործակից լինես»: Այստեղ ավարտվում է Ավետարանի պատմությունը՝ առանց բացատրելու միջադեպի ելքը: Սակայն հնարավոր չէ տեսնել, որ Պիղատոսը, արդեն շփոթված, մի աստիճան էլ հաստատվեց իր վարանումներում, առանց, սակայն, խնդրի լուծումը գտնելու:
   Պիղատոսի կնոջ Կղավդիա Պրոկուղայի երազը տարբեր կերպերով են մեկնաբանում մեկնիչները. ոմանց համար այն բնական մի երազ է, ուրիշների համար՝ գերբնական տեսիլք: Սովորական երազ համարելու համար, իբր թե դժվարություն է առաջացնում ժամանակը: Հիսուս միայն առավոտյան Պիղատոսի մոտ բերվեց, հետևաբար, այն ժամանակ միայն կինը տեղեկություն ունեցավ, և դրանից հետո քնելու և երազ տեսնելու ժամանակ չկար: Բայց բոլորովին պետք չէ ասել, թե կինը միայն Հիսուսին ատյան բերելուց հետո կարող էր տեղեկություն ստանալ: Հիսուս արդեն հանրածանոթ անձնավորություն էր, և, դատավորի հետ մեկտեղ իր կինն էլ կարող էր Նրա մասին լավ կարծիք ունենալ: Զատկի գիշերը, երբ ողջ քաղաքը ուրախության և շարժման մեջ էր, դատավորն այդ ամենից անտեղյակ լինել չէր կարող, մանավանդ, որ այս պատճառով պաղեստինցիների Կեսարիայից Երուսաղեմ էր եկել՝ հսկելու: Հիսուսի ձերբակալության և այդ պատճառով տեղի ունեցած գործողություններին, դատավորի հետ իր կինն էլ հանգիստ աչքով չէին նայել եղածին, և Հիսուսին խղճացել և եղածն էլ անիրավություն էին համարել: Այդ զգացողություններով քնած կինը շատ հեշտությամբ կարող էր գիշերվա վերջնահաշվարկում երազներ տեսնել: Եվ երբ իմանում է, որ այդ գործը Պիղատոսի գլխին են կապել, շտապում է լուր ուղարկել իր ամուսնուն, որպեսզի երազում տեսած ձախորդությունները նրան չպատահեն: Հռոմեացի կանանց և առհասարակ կանանց երազներին տված կարևորությունը քաջածանոթ է:
   Նրանք, ովքեր տեսիլքի են վերագրում Պրոկուղայի երազը, պակաս դժվարությունների չեն հանդիպի: Ոմանք աստվածային տեսիլքը հեթանոս կնոջն անհարմար գտնելով, այն վերագրում են դիվային ազդեցությանը, իբր թե սատանան այս կերպ կամենում էր արգելել մարդկության փրկագործությունը և իր դժոխային իշխանության կործանումը: Իսկ նրանք, ովքեր կամոնում են աստվածային ազդեցությանը վերագրել սույն տեսիլքը, նրանում Հիսուսի անմեղության երկնային վկայությունն են տեսնում: Պրոկուղային նկարագրում են որպես հրեական կրոնին հակամետ և Հիսուսի քարոզչություններին համակիր մեկը, որի պատճառով էլ արժանացել էր աստվածային այցելությանը: Հույների և լատինների մեջ այնքան է խորացել այս կարծիքը, որ կարծում են, թե Պրոկուղան՝ Տիպերիոսի նախկին պչրուհին, վերջում քրիստոնյա է դարձել և նրանց Հայսմավուրքի մեջ մտել Սրբուհի Պրոկուղայի անունով, իբրև հիշատակելի սուրբ: Այս տեղեկությունները մեջ բերեցինք միայն որպես հետաքրքրական և չենք կարծում, թե այս եղելության մեջ բնական երազից ավելի որևէ բան փնտրելու կարիք կա: