Հովհաննես Ծործորեցի (†1338)
նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Յակոբի եւ Յովսէի մայր Մարիամը եւ Զեբեդէոսի որդիների մայրը:
Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի ու Հովսեսի մայր Մարիամը և Զեբեդեոսի որդիների մայրը:
Շատ էին ծանոթ կանայք, սակայն միայն սրանց է ավետարանիչը հանվանե թվարկում, որովհետև Հովհաննեսն ասում է, որ խաչի մոտ կանգնած էին [Հիսուսի] մայրը, ում [Հիսուսը] հանձնեց ավետարանչին, Նրա մորաքույրը` Կղեովպասի Մարիամը, և Մարիամ Մագդաղենացին 1632: Իսկ Մարկոսն [ասում է]. «Մարիամ Մագդաղենացին, Հակոբոս Փոքրիկի ու Հովսեսի մայր Մարիամը և Սաղոմեն» (Մարկ. 15։40): Արդ` Հակոբոսի ու Հովսեսի մայր Մարիամը, ինչպես ասում է Մատթեոսը, Կղեովպասի դուստրն է` Հիսուսի մորաքույրը, ինչպես ասում է Հովհաննեսը: Լինելով Ալփեոսի կինը` նրանից ծնեց Հակոբոս Փոքրիկին, ով տասներկուսի թվում անվանվում է Հակոբոս Ալփյան, և ում [Սուրբ] Գիրքը «Տյառնեղբայր» և «Արդար» է կոչում: Իսկ Հովսեսը, Սիմոնն ու Հուդա Թադեոսը նրա եղբայրներն են, ինչպես որ Հուդա Թադեոսն իր թղթում իրեն անվանում է «Հակոբոսի եղբայր» 1633, Ղուկասը` «Հակոբի Հուդա» (Ղուկ. 6։16), իսկ Մարկոսը [նրա մորն անվանում է] «Հակոբոս Փոքրիկի և Հովսեսի մայր», ինչպես Մատթեոսը 1634: Ուրեմն` ըստ ճշմարտության, ինչպես որ ավետարանիչների մոտ ես տեսնում, այսպես է համարվել, որովհետև այս չորս եղբայրներն էլ Հիսուսի մորաքրոջ որդիներն են, որոնց «Տյառնեղբայրներ» ենք կոչում: Իսկ եթե կամենում ես սրանց համարել Հովսեփի որդիները և սրանց մայր Մարիամին` Հովսեփի կինը, ինչպես կարելի է գտնել որոշ հին պատմություններում, ապա սրան չեն օժանդակում ավետարանիչները: Որովհետև թեպետ սրանց «Քրիստոսի եղբայրներ» են անվանում, բայց ո՛չ բնավ` Հովսեփի որդիներ, և ոչ սրանց մորը` նրա կինը, ում պետք էր կոչել ավելի նրա գլխի 1635, քան թե որդիների անունով, և [Սուրբ] Գրքի շատ տեղերում ենք գտնում, որ հորեղբոր ու մորաքրոջ որդիները «եղբայրներ» են կոչվում: Իսկ Զեբեդեոսի որդիների մայրը Հովհաննես ավետարանչի և մեծ Հակոբոսի մայրն է, ում Սաղոմե է կոչում Մարկոսը: Մագդաղենացու մասին էլ քննության կարիք չունենք, քանի որ Ղուկասն ասում է, թե սա նա է, ում միջից Քրիստոսը յոթ դև հանեց 1636, և ով շրջում էր Հիսուսի հետևից ու ծառայում Նրան. նրա մասին ավելի առաջ խոսել ենք 1637:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Յակոբի եւ Յովսէի մայր Մարիամը եւ Զեբեդէոսի որդիների մայրը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:55
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: