Հովհաննես Ծործորեցի (†1338)
Երբ երեկոյ եղաւ, եկաւ Յովսէփ անունով արիմաթիացի մի մեծահարուստ մարդ, որ Յիսուսին աշակերտել էր:
Երբ երեկոյացավ, Արեմաթեայից մի հարուստ մարդ եկավ, ում անունը Հովսեփ էր, և ով աշակերտել էր Հիսուսին:
Այս Հովսեփը սկզբում ծածուկ էր [աշակերտում], բայց այժմ` Քրիստոսի մահից հետո, մեծ համարձակություն ցուցաբերեց: Նա ոչ թե մի աննշան կամ անծանոթ ու օտար մարդ էր, այլ Արիմաթեա քաղաքի, որտեղից Սամվելն էր 1638, հարուստներից ու նշանավորներից, որ եկել բնակվում էր Երուսաղեմում, որպեսզի այդ խորհրդին սպասավորեր, քանի որ «նա էլ էր սպասում Աստծո արքայությանը» (Մարկ. 14։43), ուստի չմասնակցեց օրենսգետների, փարիսեցիների ու քահանաների խորհրդին ու գործին, ինչպես ասում են ավետարանիչները 1639: Որովհետև ինչպես որ քաղաքով էր հեռու, քանի որ արեմաթացի էր, այդպես էլ խոսքով ու գործով` նրանց խորհուրդներից ու ընթացքից, և ուրեմն հավատով մերձավոր էր Քրիստոսին, այդ պատճառով էլ [ավետարանիչն] ասում է.
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
57-58. Երբ երեկոյ եղաւ, եկաւ Յովսէփ անունով արիմաթիացի մի մեծահարուստ մարդ, որ Յիսուսին աշակերտել էր: Սա Պիղատոսի մօտ գնալով՝ Յիսուսի մարմինը խնդրեց: Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրուի:
Հազիվ էին քահանայապետարանի պատգամավորները, խաչյալներին մեռցնելու և վերցնելու հրամանն առած՝ Պիղատոսի մոտից մեկնել, ահա դատավորին է ներկայանում սինեդրիոնի ավագանիների կամ ծերերի դասակարգի մի անդամակից, հայտնում է, թե խաչված Նազովրեցին մեռել է, և արտոնություն է խնդրում, որ իրեն թույլատրվի՝ կատարել Նրա պատվավոր թաղումը։ Արդեն նշեցինք, որ հռոմեական օրենքով կախաղանի ու խաչի դատապարտվածները զրկված էին անգամ թաղման իրավունքից, և այդ պատճառով է, որ բացառության համար, պետք էր դատավորից հատուկ արտոնություն ստանալ։ Կայսերական կառավարության ներկայացուցչից ստացված հրամանը երաշխավորում էր գործի կանոնավոր կատարումը, փակում հակառակորդների կողմից նախապատրաստվող դժվարությունների և շփոթությունների առաջը։
Պիղատոսին ներկայացողը Հովսեփ Արեմաթացին էր, բնիկ Արիմաթեմ, այժմ՝ Ռամլե քաղաքից, Երուսաղեմից Հոպպե իջնող ճանապարհի վրա գտնվող մի նշանավոր տեղից։ Հովսեփը նախարար է կոչվում իր ժողովրդականության համար, որովհետև գերագույն ժողովի իշխաններից էր։ Իր մասին ավետարանիչները վկայում են, թե «այր բարեգործ, արդար և պարկեշտ» և միանգամայն մեծատուն, ինչն անշուշտ առավելություն էր, որովհետև Հիսուս Ինքըն էլ ասել էր, թե որքան դժվար է, որ հարստություն ունեցողները միանգամայն առաքինի և արքայության արժանի անձեր լինեն Մարկ․ 10:23։ Թեպետ Արեմաթիացին սինեդրիոնի անդամ էր, սակայն զգուշացել էր Հիսուսի թշնամիների կողմից ժողովով գործված անիրավություններին մասնակից լինելուց և «չէր միաբանեալ ընդ խորհուրդս եւ ընդ գործս նոցա», որովհետև մտքով ու սրտով հարել էր Հիսուսի քարոզներին և հավատացել Նրա հռչակած Ավետարանին, «եւ ինքն իսկ ակն ունէր Արքայութեան Աստուծոյ»։ Հետևաբար, ինքը կարող էր համարվել Հիսուսի հետևողներից, սակայն իրեն բացահայտել չէր համարձակվում՝ փորձանքի չհանդիպելու համար, այլ մնում էր «աշակերտ Յիսուսի ի ծածուկ՝ վասն ահին Հրէից»։ Գուցե հույս ուներ այսպես անուղղակի ծառայություն և օգնություն ցույց տալ Հիսուսին՝ նույնիսկ արգելելով Նրա թշնամիների գաղտնի դավաճանությունները։ Սակայն եկավ վերջին օրը, և Հովսեփը, բոլոր վարանումները մի կողմ թողնելով, «աշակերտեցաւ իսկ Յիսուսի» Ավետարանին։
Վերջին գիշերն ու ցերեկն անշուշտ Հովսեփի համար տագնապի ժամեր եղան։ Իր հարգած ու պաշտած Հիսուսին հասած վտանգն ու չարչարանքը, խաչելությունն ու մահը զգաց և տեսավ և եթե խիղճը հանգիստ էր պահում՝ մասնակից չլինելով, ապա սիրտը խիստ անհանգիստ էր, քանի որ չէր կարողանում որևէ օգնություն գտնել։ Եթե չկարողացավ մեղմել Հիսուսի չարչարանքները, արգելել մահը, որոշեց պահպանել գոնե Նրա պատիվը և չթողնել, որ Հիսուսի մահվանից հետո Նրա թշնամիները նախատեն մարմինը՝ անարգական և անշուք թաղումով։ Ի վերջո, իր ներքին ողջ արիությունը ձեռքն առավ, մտածեց նաև, որ Հիսուսի մահվանից հետո թշնամիները ատելությունն էլ մեղմացած կլինի և այդ համոզմամբ համարձակվեց ու դատավորի պրետորիոնը գնաց «եմուտ առ Պիղատոս», խնդրեց, որ խաչյալ Նազովրեցու մարմինը իրեն հանձնելու և Նրա պատվավոր թաղումը կատարելու արտոնություն տրվի և «խնդրեաց զմարմինն Յիսուսի»։
Պիղատոսի համար դժվար չէր, մահվան վճիռն արձակելուց հետո, հօգուտ Հիսուսի որևէ նպաստավոր զիջողություն անել, քանի որ է՛լ ավելի էր մեծացել նրա խղճի խայթը, ինչպես նաև անհանգիստ էր հրեաների բռնադատությունից հաղթված լինելու զայրույթից։ Բայց զարմացավ, որ Հիսուսի խաչված լինելու լուրից գրեթե անմիջապես հետո Նրա մեռնելու լուրն է հասնում։ Սովորոաբար խաչվածների մահը շատ ավելի երկար է տևում և քահանայապետարանը քիչ առաջ էր մեռցնելու և վերցնելու հրամանը ուզել։ Լուր ուղարկեց և իր մոտ կանչեց Գողգոթայի խաչյալների վրա հսկող հայրուրապետին։ Երբ վերջինս եկավ, հետաքրքրությամբ հարցրեց, թե ինչպե՞ս եղավ, որ «այնչափ վաղ մեռաւ»։ Ղուկիանոսը, որ ստուգել էր մահը և նկատել նշանները, տեսել կողի խոցվելը, եղածները մեկ առ մեկ պատմեց Պիղատոսին՝ այն համոզված շեշտով, որոնք կազմվել էին Գողգոթայի վրա ունեցած զգացումներով, նաև ավելացրեց, թե Նազովրեցին խաբեբա չէր, վեր էր սովորական մարդկանցից, Իր վեհ հոգին ու հրաշալի նշանները հաստատում էին, թե «Արդարեւ այրս Որդի Աստուծոյ էր»։
Երբ Պիղատոսն այս ամենը լսեց, Հիսուսի խաղաղորեն ու ինքնիրեն մեռնելը, Նրա մահը հրաշալի նշաններով ուղեկցվածլինելը «ստուգեց ի հարիւրապետէ անտի», այլևս վարանում չունեցվ, սրտի կատարյալ գոհունակությամբ ընդունեց եղած առաջարկը, «շնորհեաց զմարմինն Յովսեփայ» և, դառնալով հարյուրապետին, տված արտոնության ու օրինավոր գործադրության համար անհրաժեշտ հրահանգները կրկնեց և հրամայեց «տալ զմարմինն» Հովսեփին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: