Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 28:12

Հովհաննես Ծործորեցի (†1338)

12-13. Եւ նրանք ծերերի հետ միասին հաւաքուելով՝ խորհուրդ արեցին, շատ դրամ տուեցին զինուորներին ու ասացին. «Կ՚ասէք, թէ նրա աշակերտները, գիշերով գալով, գողացան նրան, մինչ մենք քնի մէջ էինք:
   

    Եվ նրանք, ծերերի հետ ժողովվելով, խորհրդակցեցին շատ արծաթ տալ զինվորներին ասացին. «Կասեք. «Նրա աշակերտները գիշերը եկան ու գողացան Նրան, մինչ մենք քնած էինք»:

    Երբ զինվորները վկայեցին ճշմարտությունն այն մասին, թե ինչու երկրաշարժն ու երևումները եղան, քանի որ այդ նշանների մի մասը համատարած էր, ինչպես [խաչելության ժամանակ տարածված] խավարը, մի մասն էլ` մասնավոր, ինչպես երկրաշարժը, [որ պատահեց] զինվորների համար,-ուրեմն, երբ պատմեցին սրանք` իսկապես տեսած լինելով, [քահանայապետերն] այնուհետև մի ու րիշ խորամանկ հնար մտածեցին ծերերի հետ: Տաճարի արծաթը վերցրին անխնա` կաշառքով կուրացնելու պահապաններին, որպեսզի պատահածն աշակերտների գողությունը համարվեր: Քանի դեռ ողջ էր [Հիսուսը], Նրա արյունը գնեցին և իրենց անձերի վրա առան [դրա պատասխանատվությունը], Նրա մահվան ժամանակ գերեզմանը [գնեցին], այժմ էլ հարության մասին պատմությունը կամեցան գողանալ ինչքով:

    «Շատ արծաթ տվեցին զինվորներին,- ասում է [ավետարանիչը],- և ասացին. «Կասեք` աշակերտները գիշերը եկան ու գողացան»:

    Ինչպե՞ս գողացան, ա՛յ բոլորից ավելի անմիտ, թշվառ ու տգե՛տ մարդիկ, եթե ձեր վախից չէին համարձակվում դուրս գալ [իրենց կացարանից]: Դե ասա՛, մի՞թե կնիք չկար [քարի] վրա, մի՞թե վախեցած պահապանները շուրջը չէին նստել կամ բազմաթիվ ձեռքերի կարիք չկար` քարը գլորելու համար: Կամ զմռսված մարմինն ինչպե՞ս էին մերկացնելու, երբ այն կպել էր կտավներին ու կարվել, և հնարավոր չէր դյուրավ մերկացնել, այլ շատ ժամանակ էր անհրաժեշտ դա անելու համար: Ուրեմն սա անհավատալի բան է, և այսպիսի գողությունը` անհնար: Սա ձեր առատ արծաթն է վկայում, որը ոչ միայն զինվորներին եք տալիս, այլև կուսակալին խոստանում:

    Նաև սա կասենք. ինչո՞ւ պիտի գողանային, մի՞թե հարության կրոնը կարկատելու համար: Եվ ինչո՞ւ պիտի այդպիսի բան հորինեին նրանք, ովքեր փափագում էին գոնե մի տեղ փախչել ու փրկվել: Կամ ինչո՞ւ չգողացան առաջին գիշերը, երբ պահապանների վախը չկար, որովհետև պահապաններին պահանջեցին և գերեզմանը կնքեցին շաբաթ օրը: Սակայն հարությո՛ւն առավ [Տերը], և Կյանքը դուրս եկավ մահվան դռնով, որպեսզի դառնար արդարների դուռ` Նրանով մտնելու 1678 [կյանք]: Որովհետև երբ Նա արգելափակվեց, արգելափակվածներին ազատ արձակեց, և Նրա մահվամբ ապրեցին մեռյալները: Իսկ երբ ելավ գերեզմանից, հեթանոսներից նրանց, ովքեր մահակից են լինում Քրիստոսին, Սուրբ Հոգու դրոշմով` Ավազանի մկրտության միջոցով, տարավ մտցրեց Եկեղեցի: Հագուստը գերեզմանում թողեց, որպեսզի Ադամն առանց հագուստի մտնի դրախտ, ինչպես էր առաջ` նախքան մեղանչելը. քանի որ [Տերն] այնտեղ ելնելիս մերկացավ, ապա երբ [Ադամը] մտնելու լինի, կմերկանա մեղքից ու ապականությունից: Կամ էլ այն նպատակով թողեց հագուստն այնտեղ, որ ներկայացնի մեռելների հարության խորհուրդը. որովհետև ինչպես Ինքը հարություն առավ Իր փառքով և ոչ թե հագուստով, այդպես էլ մենք ենք [հարություն առնելու] մեր գործերով և ոչ թե ծածկույթով 1677:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ նրանք ծերերի հետ միասին հաւաքուելով՝ խորհուրդ արեցին, շատ դրամ տուեցին զինուորներին ու ասացին.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 28:11