Ծննդոց գրքի մեկնություն 28:2

Ա. Լոպուխին

Վե՛ր կաց, գնա՛ Փադան–Արամ՝ Միջագետք, քո մոր հոր՝ Բաթուելի տունը, և այնտեղից քո մորեղբայր Լաբանի դուստրերից քեզ կի՛ն առ։ [2] (Սինոդական թարգ․)
   
   Սուրբ Թեոդորետը պատասխանում է այն հարցին, թե այսքան օրհնություններից հետո ինչո՞ւ է Հակոբը փախչում հայրական տնից՝ զրկվելով ամեն ինչից. «Այս դժբախտություններում բացահայտվում է Աստծո նախախնամությունը... Հակոբը հենց դրա համար է միայնակ փախչում, որպեսզի մեծ ունեցվածք կուտակած (այսինքն՝ հզորացած) վերադառնալով՝ ինքն էլ հասու լինի Աստծու ծագրին, և ուրիշներին էլ սովորեցնի այն։ Հակոբի վերաբերյալ Իր նախախնամությունը Աստված անմիջապես ցույց է տալիս հայտնությամբ» (Եր. Թեոդորետ, Պատ. 85–րդ հարցին, հմմտ. Հովհան Ոսկեբերան, էջ 574)։ Այն երկիրը, ուր պետք է ուղևորվեր Հակոբը, և որը Եղիազարի՝ այնտեղ առաքվելու պատումում պարզապես Աբրահամի հայրենիք էր անվանվել (Ծննդ. 24։4, 7), այժմ Իսահակն ուղղակի կոչում է Միջագետք (եբր.՝ Փադան–Արամ): Այդ երկիրն արդեն ավելի ծանոթ էր դարձել նախահայրերի ընտանիքի համար, ուստի Հակոբը միայնակ է ճանապարհ ընկնում: Իսահակը հանձնարարում է Հակոբին, որ նա կնության առնի Լաբանի դուստրերից մեկին։ Այդ հանձնարարությունը, որ նրան տրվում է Ռեբեկայի խորհրդով և Աբրահամի օրինակով, այնուամենայնիվ վկայում է այն մասին, որ Իսահակը լավ է հասկանում աստվածպետական օրենքը, այն է՝ նահապետական ընտանիքի արյան մաքրությունը։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Գնա՛ Ասորիների Միջագետք, քո մօր հօր՝ Բաթուէլի տունը եւ այնտեղից, քո մօրեղբայր Լաբանի դուստրերից քեզ կին ա՛ռ:
(Արարատ թարգ․) Վե՛ր կաց, գնա՛ Փադան-արամ (Միջագետք)՝ քո մոր հայր Բաթուելի տուն և այնտեղից քո մորեղբայր Լաբանի դուստրերից քեզ համար կին առ:
(Գրաբար) այլ արի գնա ի Միջագետս Ասորւոց, ի տուն Բաթուելի հաւր մաւր քոյ. եւ առ անտի քեզ կին ի դստերաց Ղաբանու եղբաւր մաւր քոյ: