Հովհաննես Ծործորեցի (†1338)
Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»:
Սովորեցրեք նրանց պահել այն ամենը, որ պատվիրեցի ձեզ (28:20):
[Տերը] սա ասում է գործի մասին, որը հավատի հիմքի վրա պիտի կառուցեն` ըստ առաքյալի 1685, որպեսզի միայն մկրտության հավատին ապավինելով` գործի մեջ չծուլանան, ինչպես շատերը, որովհետև հավատն առանց գործերի մեռած ու դատարկ է, ինչպես ասում է առաքյալը 1686: Այդ պատճառով էլ [Տերը] բոլոր պատվիրանները ոչ միայն ուսուցանել է թելադրում, այլև պահել: Սա սովորած լինելով է նաև Պողոսն ասում. «Ամե՛ն ինչում ձեր անձերն ընծայեք իբրև Աստծո սպասավորներ» (Բ Կոր. 6:4): Գրում է և Հակոբոսը. «Եթե մի բանով սայթաքեցիր, ամբողջ օրենքին եղար պարտապան» (հմմտ. Հակ. 2:10): Եթե ամբողջ օրենքը հոգիներն ապրեցնող ու մեզ փրկող չլիներ, թերևս այդ ամենը չգրեին: Եթե «խելագար» ասելու համար [Տերը] գեհեն սպառնաց, ի՞նչ ասել բազմաթիվ հանցանքներ գործելու վերաբերյալ: Որովհետև ի՞նչ օգուտ շատերի ծառայությունից փախչելուց և մեկին ծառայելուց, քանի որ «ով մեղք է գործում, մեղքի ծառան է, իսկ ծառան հավիտյան տանը չի մնում» (Հովհ. 8:34-35): Հետևաբար, ովքեր [անգամ] մեկ սխալ են գործում, տարագրվում են արքայությունից, որովհետև ովքեր շատ ցավերից ազատվել են, բայց մեկից տառապում են, մահվան են վիճակված: Այդ պատճառով էլ [Տերն] ասում է. «Սովորեցրեք պահել ամե՛ն ինչ», որ այս ավետարանում պատվիրեցի ձեզ` իբրև բարեկամների, որպեսզի չլինի թե դուք դատապարտվեք չուսուցանելու պատճառով, իսկ նրանք` չպահելու:
Բայց դու տե՛ս իրողությունների կարգը. նախ հավատ` իբրև բոլոր բարիքների հիմք, արմատ ու սկիզբ, և ապա՛ գործ: Ուստի զուր են չարչարվում նրանք, ովքեր լոկ գործին են հետամուտ, որովհետև եթե հիմքն առանց շինվածքի խախուտ է, ի՞նչ ասել առանց հիմքի շինվածքի մասին. ամրություն բնա՛վ չի ունենա:
Եվ ահավասիկ Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին` մինչև աշխարհի վախճանը»:
Քանի որ մեծամեծ պատվերներ տվեց նրանց, սրանով հորդորում ու քաջալերում է նրանց միտքը` ասես իշխանաբար խոսելով նրանց հետ` «Ես ձեզ հետ եմ»: Սրանով պարզ դարձավ, որ Իր նախկին [խոսքերն] ասում էր նրանց մակարդակին իջնելով: Բայց հարկ է գիտենալ, որ [սա ասում է] ոչ միայն նրանց, այլև բոլորին, որ հավատացին նրանց հետ, որովհետև առաքյալները չէին մնալու մինչև [աշխարհի] վախճանը, այլ որպես մեկ մարմնի` խոսքն ուղղում է բոլո՛ր հավատացյալներին, ինչպես այլուր էլ ասաց. «Ոչ միայն սրանց համար եմ աղաչում, այլև բոլոր նրանց, որ սրանց խոսքով հավատալու են Ինձ» (Հովհ. 17:20): Այդպես էլ այստեղ է ասում. «Ահավասիկ Ես ձեզ հետ եմ», այսինքն` արագ հասնում եմ ամեն տեղ և դժվարինը դյուրին դարձնում` ըստ այսմ. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված են Իմ անունով, Ես այնտեղ եմ` նրանց մեջ» (Մատթ. 18:20): Հին [ուխտում] էլ մարգարեներին` Երեմիային ու Մովսեսին էր ասում. «Ձեզ հետ եմ` փրկելու ձեզ» (Երեմ. 42:11), և` «Քեզ չեմ թողնի և չեմ անտեսի» (հմմտ. Բ Օր. 4:31):
«Բոլոր օրերին,- ասում է [Տերը],- մինչև աշխարհի վախճանը»:
Սրանով մխիթարում է, թե ո՛չ ժամանակ առ ժամանակ [է նրանց հետ լինելու], այլ ամե՛ն օր ու ժամ` մինչև այս հավիտյանի վերջը: Միաժամանակ հիշեցնում է վախճանը, որպեսզի է՛լ ավելի ձգի դեպի Իրեն, որպեսզի անցավոր բաները մնացական չհամարեն, այլ հայացքն ուղղեն հան դերձյալի անսպառ բարիքներին, որովհետև այս անցավոր աշխարհում մարդու կրած տրտմությունները ոչնչանալու են, ինչպես և այս աշխարհը, իսկ այն բարիքները, որ վայելելու եք, անմահ են մնալու աներեկո Մեծ Օրը, որը ցանկալի է արդարներին և սոսկալի` մեղավորների համար:
Բայց հարկ է պարզել, թե ինչպես է նրանց հետ: Պետք է գիտենալ, որ ո՛չ մարմնով, որովհետև «այսուհետև Քրիստոսին մարմնով չգիտենք» (հմմտ. Բ Կոր. 5:16): Թեպետ մարմինն անբաժան է Նրանից, սակայն ըստ աստվածային նախախնամության, որով ամեն տեղ հասնում է` մոտ լինելով և ո՛չ հեռու 1687, նրանց հետ է և պաշտպանում է Իր կամքով թե՛ մինչև աշխարհի վախճանը, թե՛ մշտնջենապես` ապագա հավիտյանում: Եվ այնպես չէ, ինչպես ոմանք են կարծում, թե «մինչև»-ը [նշանակում է], որ աշակերտների հետ [Տերը] լինելու է [միայն] միառժամանակ. սա անհնար է, որովհետև ինչո՞ւ մինչև աշխարհի վախճանը մեզ հետ է լինելու, իսկ հետո` ո՛չ: [Այսպես մտածողները] չեն հասկանում, որ այս «մինչև»-ը հարակայի խոստում է և ոչ թե գալիքի մերժում. որովհետև երբ [այսպիսի խոսքը] չի հասնում սահմանակետին, գործածում է «մինչև»-ը` առանց շարունակության ընդհատման: Եվ կամ` ավելի ճիշտ է ասել, որ [Տերը մեզ հետ է] օժանդակությամբ, քանի դեռ այս կյանքի փորձությունները շատ են, իսկ երբ Խաղաղությունը ժամանի, ամեն կողմից ապահով կլինենք, Աստված կմիավորվի աստվածնե րի հետ 1688, և կխաղաղանանք հավիտենապես: Նաև` Հիսուսը ճշմարտապես մեզ հետ է Իր փրկական Մարմնի և Արյան Խորհրդի միջոցով, որն ավանդեց ի հիշատակ Իր մահվան կատարել, ինչպես և Պողոսն է գրում. «Քանի անգամ որ ուտեք այս հացն ու խմեք այս բաժակից, Տիրոջ մահը պատմեք, մինչև Նա գա» (Ա Կոր. 11:26): Սրանով Նա մեզ հետ է լինում` որպես Իր մարմնի հետ` ըստ այս խոսքի. «Սա Իմ մարմինն է. ով ուտում է սա, Իմ մեջ կբնակվի, և Ես` նրա» (հմմտ. Հովհ. 6:57):
Կամ էլ մեզ հետ լինելը սա՛ է` [Պատարագի] Խորհուրդով մեռնելը, ինչպես մենք` մարմնով, «մինչև խափանվի վերջին թշնամին` մահը» (Ա Կոր. 15:26), և [Տերը] հնազանդությունն ընծայի Հորը 1689, որով կավարտվի կամբողջանա Քրիստոսի զոհաբերությունը, որն այժմ, ըստ իս, անկատար է համարվում: Ուստի անմահաբար մորթվում է` մաքրելով մեզ ամեն մեղքից ու բժշկելով բոլոր հիվանդություններից, միայն թե արժանաբար պատրաստենք մեր անձերը մեր փրկության համար և դատապարտության համար չճաշակենք [Նրան], Որից կօտարանանք անհնազանդությամբ` որպես նեխած անդամներ և չար գործերով հնացած պատառոտուն տիկեր, և մեր անձերը գեհենին կպատրաստենք: Այլ միշտ նորոգված հոգով` մեռնենք մեղքի համար, ինչպես որ Նա մարմնով [մեռավ], և արժանի դառնանք Երկրորդ Ադամի փրկագործ չարչարանքներին: Սրբությամբ միանանք մեր Գլխին ու Տիզրոջը` Հիսուս Քրիստոսին, կատարյալ անդամներով` սնված մաքրությամբ, երկնավոր Գառի հոգևոր ճաշակմամբ, և աճելով բարի գործերի ընտրությամբ կրթված ճաշակելիքով` հասնենք «կատարյալ մարդուն` Քրիստոսի կատարելության հասակի չափով» (Եփես. 4:13): Այդպիսով թող արժանի դառնանք ժառանգելու երկնքի` ի սկզբանե պատրաստված արքայությունը, ամենակալ Հոր գթությամբ, Նրա Միա-ծին Որդի Հիսուս Քրիստոսի տնօրինությամբ և առատահեղ պարգևատու ամենասուրբ Հոգու շնորհով: Եվ [Սուրբ Երրորդությանը] վայել է փառք, պատիվ և երկրպագություն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»:
«Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը»:
Եվ ե՞րբ եղավ առաքյալների հետ մինչև աշխարհի վախճանը, քանի որ այն ժամանակ բոլորը վախճանվեցին: Այս մասին պետք է ասել, որ [խոսքը] ոչ միայն առաքյալներին է ուղղված, այլև նրանց աշակերտած բոլոր քրիստոնյաներին:
Փառք Քրիստոսին մեր Աստծուն. ամեն:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 28:18
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: