Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 28:7

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ իսկոյն գնացէ՛ք, ասացէ՛ք նրա աշակերտներին, թէ յարութիւն առաւ. եւ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կը տեսնէք: Ահա ասացի ձեզ»:

 

   Եվ անմիջապես գնացեք ասեք Նրա աշակերտներին, որ հարություն է առել և ահա ձեզնից առաջ գնում է Գալիլեա. այնտե՛ղ կտեսնեք Նրան. ահա ասացի ձեզ»:

   Հավատքի մեջ հաստատելու և իրերի ճշմարտությունը հավաստելու համար ուրիշներին ևս որպես քարոզիչ ու ավետավոր է ուղարկում` [հայտնելու], որ [Հիսուսը] հարություն է առել, ինչպես նաև կանանց միջոցով փողահարելու, որ հարությունը բժշկում է այն մահաբեր երկունքը, որ կին Եվայի միջոցով տարածվեց աշխարհում:

   Իսկ ասելը`«ձեզնից առաջ գնում է Գալիլեա, այնտե՛ղ կտեսնեք Նրան»,հիշեցնում է ոչ միայն Հիսուսի խոսքը` «Իմ հառնելուց հետո ձեզնից առաջ կգնամ Գալիլեա» (Մատթ. 26:32), այլև այնտեղ է ուղարկում այդ վայրի առավել ապահով և անվտանգ լինելու պատճառով: «Ահա ասացի ձեզ». ինձ թվում է` սրանով օրենք է ավանդում թե` «Ահա ես դետի գործ կատարեցի. այսուհետև եթե ծուլանաք, ինքներդ ձե՛զ մեղադրեք, երբ չարչարանքի ենթարկվեք»: Որովհետև «ահա» ասելը սպառնական խոսք է, ինչպես որ հրեշտակները Ղովտին ու նրա կնոջն ասացին. «Ահա մեծարանք ցույց տվինք քեզ. շտապի՛ր փրկվել» (հմմտ. Ծննդ. 19:21-22):

   Իսկ որ Մարկոսն ասում է. «Այնտեղ կտեսնեք Նրան, ինչպես ասաց ձեզ» (Մարկ. 16:8), չի հակասում [Մատթեոսի գրածին], որովհետև Հիսուսն ասաց. «Ձեզնից առաջ կգնամ Գալիլեա» (Մատթ. 26:32), այժմ էլ հրեշտակն է ասում, որ ինչպես Նա ասաց` ըստ Մարկոսի, «ահա ես էլ ձեզ ասացի»` ըստ Մատթեոսի: Մարկոսն ասում է նաև. «Գնացեք ասեք Նրա աշակերտներին ու Պետրոսին» (Մարկ. 16:7). կամ քանի որ [Պետրոսը] մյուսներից ավելի տարեց էր ու գլխավոր, նրա՛ն ասեք, որպեսզի եթե մյուսները չհավատան, գեթ նա հավատա և հավատացնի` շատ անգամ [Հիսուսի] ճշմարիտ լինելու փորձն առած լինելով, կամ էլ [հրեշտակը] նրան հանվանե է նշում, որպեսզի նա իր ուրացության պատճառով մյուսներից ավելի տկար չլինի:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ իսկոյն գնացէ՛ք, ասացէ՛ք նրա աշակերտներին, թէ յարութիւն առաւ. եւ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կը տեսնէք: Ահա ասացի ձեզ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 28:5