Ծննդոց գրքի մեկնություն 31:24

Ա. Լոպուխին

 Գիշերը երազում Աստված երևաց արամեացի Լաբանին ու նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, այնպես չլինի, որ  Հակոբի հետ չարությամբ խոսես»։ Լաբանը հասավ Հակոբին։ [24] (Սինոդական թարգ․)
   
   Աստված (որն այստեղ կրում է ընդհանուր՝ Էլոհիմ և ոչ թե հատուկ՝ Եհովա աստվածպետական անվանումը), պահպանելով Իր ընտրյալի ապահովությունը, հայտնվում է հեթանոս Լաբանի երազում և նախազգուշացնում, որ վերջինս չվնասի Հակոբին, ինչպես ավելի վաղ հայտնվել էր Աբիմելիքին` Աբրահամի համար (Ծննդ. 20:3 և հաջորդ.)։ Միդրաշը տարբերակում է այս աստվածահայտնությունները նրանցից, որոնց արժանանում էին աստվածընտրյալ ժողովրդի անդամները։ Առաջինները լինում էին միայն երազում (հմմտ. Հոբ 4.13, Bereschit–rabba. Par. 74. S. 361–462)։ Սակայն լինում էր նաև հակառակը (հմմտ. Հակոբի տեսիլքը, Ծննդ. 28, 12–16 և Բաաղամի տեսիլքը` Թվ. 23–24, 22։9): Թերևս ավելի ճիշտ կլինի ասել, որ առաջին աստվածահայտնությունները վերաբերում են Աստծո ընդհանուր տնօրինությանը, իսկ վերջինները կրում էին աստվածպետական և փրկաբանական կնիք։ Առաջինները առնչվում են հինկտակարանյան Էլոհիմի` բնության Աստծու, իսկ վերջինը` Եհովայի` փրկության Աստծո գաղափարի հետ։ Ամեն դեպքում ասորի Լաբանի՝ աստվածհայտնության արժանանալու փաստը այն հանգամանքն է մատնանշում, որ նրա հոգին ինչ–որ առումով բարեհաճ է եղել։
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Գիշերը երազում Աստուած երեւաց ասորի Լաբանին ու ասաց նրան. «Զգո՛յշ եղիր, չլինի թէ Յակոբի հետ չարութեամբ խօսես»: Լաբանը հասաւ Յակոբին:
(Արարատ թարգ․) Եվ Աստված գիշերվա երազում այցելեց ասորի Լաբանին և ասաց նրան. «Զգուշացի՛ր, որ Հակոբի հետ լավ կամ վատ չխոսես»:
(Գրաբար) Եւ եկն Աստուած առ Լաբան ասորի ի տեսլեան գիշերոյ` եւ ասէ ցնա. Զգոյշ լեր անձին քում, գուցէ խաւսիցիս ընդ Յակոբայ անզգամութեամբ: Եւ եհաս Լաբան Յակոբայ: