Ա. Լոպուխին
12-14․ Նրա եղբայրները գնացին Սյուքեմ՝ իրենց հոր հոտը արածեցնելու: [12] Իսրայելը Հովսեփին ասաց. «Չէ՞ որ հիմա քո եղբայրները ոչխարներ են արածեցնում Սյուքեմում: Արի՛ քեզ ուղարկեմ նրանց մոտ»: Յովսեփը պատասխանեց. «Ես պատրաստ եմ»: Իսրայելը նրան ասաց. «Գնա տե՛ս, թե ողջ, առո՞ղջ են քո եղբայրներն ու ոչխարները, և ինձ լուր բեր»: Եվ Հակոբը նրան ուղարկեց այնտեղ Քեբրոնի հովտից և նա եկավ Սյուքեմ: (Սինոդական թարգ․)
Չնայած եղբայրների չարանենգ տրամադրվածությանը՝ այնուամենայնիվ, «ո՛չ հայրը, ո՛չ էլ պատանին ոչինչ չէին կասկածում և չէին էլ ենթադրում, որ նրանք կարող էին այսչափ դաժան լինել» (Հովհան Ոսկեբերան, զր. 61, էջ 655): Ուստի երբ եղբայրները գնացին Սյուքեմի շրջակայք՝ իրենց ոչխարների մոտ, Հակոբը, հոգ տանելով իր երեխաների անվտանգության մասին, Հովսեփին ուղարկում է՝ իմանալու նրանց որպիսությունը: Հովսեփն անմիջապես կատարում է հոր հրամանը, ինչն էլ ճակատագրական է դառնում նրա համար: Արյունահեղությունից հետո Սյուքեմը կարող էր կա՛մ կրկին վերաբնակեցված լինել (Ծննդ. 34.), կամ էլ վերացած լինել ընդհանրապես: Բայց Հակոբը վախենում էր, որ հարևան բնակիչները գուցե վրեժխնդիր լինեին իր որդիներից: Հակոբի որդիները հոտերով, ըստ երևույթին, Քեբրոնից, որտեղ ապրել էր Հակոբը, մի տեղից մյուս տեղն էին գնում (հյուսիսից արևելք):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Նրա եղբայրները գնացին Սիւքեմ՝ իրենց հօր ոչխարներն արածեցնելու:
(Արարատ թարգ․) Եվ նրա եղբայրները իրենց հոր հոտերը տարան Սյուքեմ՝ արածեցնելու:
(Գրաբար) Եւ գնացին եղբարք նորա արածել զխաշինս հաւրն իւրեանց ի Սիւքէմ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: