Ծննդոց գրքի մեկնություն 40:16

Ա. Լոպուխին

16-17․ Տակառապետը  տեսավ, որ նա լավ մեկնեց երազը,  և  Հովսեփին ասաց.  «Ես էլ եմ երազ տեսել. երազիս մեջ գլխիս վրա ընտիր ալյուրով լի երեք զամբյուղ կար։ [16] Վերևի զամբյուղի մեջ կային մատակարարների պատրաստած այն բոլոր ուտելիքները, որ ուտում էր փարավոն արքան։ Թռչունները ուտում էին իմ գլխի վրայի զամբյուղից»։(Սինոդական թարգ․)
   
   Լսելով ընկերոջ երազի վերաբերյալ բարի մեկնությունը (եբր. «տով», այստեղ՝ «երջանիկ, բարենպաստ», Յոթանասնիցում հստակ չէ՝ ορφως, Վուլգաթայում՝ prudenter, սլավ.՝ ուղիղ. տակառապետը չէր կարող վստահ լինել, որ  մեկնությունը  ճշգրիտ է, քանի որ դեռ ապացուցված չէր)՝ տակառապետը պատմում է Հովսեփին իր երազը, որը նմանություններ ուներ մատռվակի երազի հետ՝ պաշտոնի կատարումը, 3 թիվը (վանդակավոր զամբյուղները, հարկ է թարգմանել եբր.՝ «սալեք հորի», այլ ոչ թե հացի զամբյուղները, ինչպես Յոթանասնիցում, Վուլգաթայում և այլ թարգմանություններում)։ Գլխի վրա զամբյուղ կրելը լիովին բնորոշ էր եգիպտական կենցաղին: Ըստ Հերոդոտոսի (2։38)՝ Եգիպտոսում տղամարդիկ գլխի վրա էին կրում ծանր բեռները, իսկ կանայք՝ ուսերի։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Երբ մատակարարը տեսաւ, որ նա երազին ուղիղ մեկնութիւն տուեց, ասաց Յովսէփին.«Ես էլ եմ երազ տեսել: Երազիս մէջ գլխիս վրայ ընտիր ալիւրով լի երեք զամբիւղ կար:
(Արարատ թարգ․) Եվ երբ հացագործապետը տեսավ, որ լավ մեկնեց երազը, ասաց Հովսեփին. «Ես էլ երազումս տեսա, որ գլխիս ալյուրի երեք զամբյուղ ունեի:
(Գրաբար) Իբրեւ ետես մատակարարն թէ ուղիղ մեկնեաց, ասէ ցՅովսէփ. Եւ ես տեսանէի յերազի, թուէր ինձ թէ երիս խանս նաշհւոյ ունէի ի գլուխ իմում: