Ա. Լոպուխին
5-8․ Եվ այնպես պատահեց, որ բանտում Եգիպտոսի փարավոնի մատակարարը և տակառապետը միևնույն գիշերը երազ տեսան. յուրաքանչյուրի երազն ուներ յուրահատուկ նշանակություն։ [5] Եվ Հովսեփն առավոտյան եկավ նրանց մոտ ու տեսավ, որ երկուսն էլ հուզված են։ Եվ նա հարց տվեց փարավոնի ներքինիներին, որոնց հետ տիրոջ բանտում էր․ «Ձեր դեմքերն ինչո՞ւ են այսօր մռայլ»։ Նրանք ասացին․ «Մենք երազներ ենք տեսել, և չկա մեկը, որ կարողանա մեկնել այն»։ Հովսեփը նրանց ասաց ․ «Չէ՞ որ Աստծուց է դրանց մեկնությունը։ Պատմեցե՛ք ինձ։» (Սինոդական թարգ․)
Այս խոսքերը ներքինիների երազների վերապատման և մեկնության ներածական մասն են։ Վախենալով իրենց կյանքի համար, որը կախված էր բռնակալ փարավոնի քմահաճույքից, երկու ներքինիները, անկասկած, վերևից՝ Աստծուց, նշան էին սպասում իրենց ապագայի վերաբերյալ։ Անգամ հնարավոր է, որ նրանք հենց երազի մեջ էին ակնկալում տեսնել այն, քանի որ, ըստ Հերոդոտոսի (Պատմություն, գիրք 2, գլ․ 83), եգիպտացիների գուշակությունները Աստծո կողմից էին, և Աստծո կամքը հայտնող միջոցներից մեկը համարվում էին երազները (Bereschit–rabba Par. 88 S 432): Միդրաշը նախորդ՝ 5–րդ համարի նախադասության մեջ ասում է, որ յուրաքանչյուր ներքինի տեսնում էր իր երազը և դրա հետ մեկտեղ իր ընկերոջ երազի մեկնությունը: Ահա դրանով է կարծես բացատրվում այն, որ 16–րդ համարում տակառապետը եզրակացրեց, որ Հովսեփը լավ է մեկնում մատակարարի երազը։ Բայց, չշեշտելով այդ կարծիքի անհավանական լինելը, նրա դեմ ուղղակիորեն խոսում է 8–րդ համարը, որի համաձայն երազի մեկնությունը տրված չէր փարավոնի ներքինիներին։ Այս համարում ներկայացվում են ներքինիների և Հովսեփի տարբեր հայացքները երազների մեկնության աղբյուրի վերաբերյալ: Ներքինիներն այն կապում են գիտական մեթոդների հետ, իսկ Հովսեփի համար գիտության և լուսավորության միակ աղբյուրը Աստվածն է: Նա ուզում է նրանց համոզել, որ իր բոլոր մեկնությունները գալիս են միայն Աստծուց։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Միեւնոյն գիշերը բանտում երազ տեսան եգիպտացիների արքայի տակառապետն ու մատակարարը՝ ամէն մէկն իր երազը:
(Արարատ թարգ․) Եվ միևնույն գիշերը երկուսն էլ՝ Եգիպտոսի թագավորի մատռվակը և հացագործը, ովքեր փակված էին բանտում, երազ տեսան, ամեն մեկն իր երազը՝ առանձին նշանակությամբ:
(Գրաբար) Եւ տեսին երազ երկոքին. զիւրաքանչիւր երազ ի միում գիշերի: Տեսիլ երազոյ տակառապետին եւ մատակարարին որ էին արքային Եգիպտացւոց, մինչ էին ի բանտի անդ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: