Ծննդոց գրքի մեկնություն 40:9

Ա. Լոպուխին

9-13․ Եվ մատռվակապետը պատմեց իր երազը Հովսեփին․ «Երազումս տեսա, որ առջևս մի որթ կար, [9] և այդ որթի վրա  երեք ճյուղեր կային, և երբ այն բողբոջեց՝ ծաղիկ տվեց, նրա ողկույզները խաղող տվեցին։ Փարավոնի բաժակը ինձ մոտ էր․ վերցնում էի խաղողը, ճմլում փարավոնի բաժակի մեջ և բաժակը տալիս էի փարավոնի ձեռքը»։ Եվ Հովսեփը նրան ասաց ․ «Ահա  դրա մեկնությունը․ երեք ճյուղերը երեք օրերն են, երեք օր կանցնի, և փարավոնը քեզ նույն մատռվակապետի պաշտոնին կնշանակի, և փարավոնի բաժակը նրա ձեռքը կտաս, ինչպես նախկինում, երբ նրա մատռվակն էիր»։ (Սինոդական թարգ․)
   
   Հերոդոտոսը բացառում է Եգիպտոսում խաղողի որթատունկի մշակումը (2գիրք 77) և ասում, որ եգիպտացիները գինու փոխարեն խմում են գարեջուր։ Հերոդոտոսի այս վկայությունը սուրբգրային քննադատներին առիթ է տալիս խաղողի այգու և խաղողի գինու մասին Ծննդոցի հատվածի գրությունը տեղափոխել ավելի ուշ ժամանակաշրջան (հմմտ․ Թվ․ 20։5, Սաղ․77։47, 104։33)։ Սակայն Հերոդոտոսի վկայությունը բավականին անորոշ է․ իր պատմության այլ տեղերում նա խոսում է քրմերի կողմից զոհաբերությունների ժամանակ խաղողի գինու (οινος αμπελινος) օգտագործման մասին (2գիրք 37, 39) և անգամ Դիոդորոս Սիցիլիացու, Ստրաբոնի և Պլինիոսի նման նույնացնում է Օսիրիոսին Դիոնիսիոս–Վակհի հետ (2գիրք 42, 48, 144)։ Հավանաբար, այդ պատճառով նշյալ համարում Հերոդոտոսը ասում է, որ Հունաստանի համեմատ Եգիպտոսում գինեգործությունը քիչ էր զարգացած: Եթե անգամ այս վկայությունը հասկանանք ուղղակի իմաստով, այդ դեպքում  ևս Հերոդոտոսի եզրակացությունը Հովսեփի ժամանակաշրջանի վերաբերյալ բավականաչափ հիմնավոր չէ, քանզի Հերոդոտոսին Հովսեփից բաժանող 13 դարերի ընթացքում կարող էր էապես փոխված լինել Եգիպտոսի տեսքը (իսլամի կողմից արգելված լինելու պատճառով գինեգործությունը այժմ Եգիպտոսում այդքան էլ զարգացած չէ)։  Սակայն եգիպտագիտությունը  բերում է անառարկելի փաստեր՝ հօգուտ Աստվածաշնչի և ընդդեմ Հերոդոտոսի: Բենի Հասսանի, Փեբեի և մեծ բուրգերի շրջակայքում հուշակոթողների վրա հայտնաբերվել  են գինեգործությանը վերաբերող բազմաթիվ պատկերներ, որոնք մեզ են հասել  Հովսեփի ժամանակաշրջանից։

   Լսելով մատակարարի երազի պատկերավոր ներկայացումը, որտեղ  նա անում էր իր պարտականությունները, Հովսեփը տալիս է երազի մեկնությունը. երեք օրից փարավոնը կբարձրացնի մատռվակի գլուխը, այսինքն՝ հիշելով նրա վաստակը և համարելով նրան անմեղ՝ կվերանշանակի  նախկին պաշտոնին  (հմմտ. Դ Թագ. 25։27)։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Տակառապետը Յովսէփին պատմեց իր երազը եւ ասաց. «Երազում իմ առաջ երեւաց մի որթատունկ:
(Արարատ թարգ․) Եվ մատռվակապետը Հովսեփին պատմեց իր երազն ու ասաց. «Երազումս տեսա, որ իմ առջև մի որթատունկ կար:
(Գրաբար) Եւ պատմեաց տակառապետն զերազն իւր Յովսեփայ` եւ ասէ. Թուէր ինձ ի տեսլեան իմում, որթ մի առաջի իմ: