Ծննդոց գրքի մեկնություն 41:25

Ա. Լոպուխին

25-32․ Եվ Հովսեփն ասաց փարավոնին․ «Փարավոնի տեսած երազները նույն իմաստն ունեն․ Աստված փարավոնին հայտնել է այն, ինչ որ անելու է։ [25] Յոթ գեղեցիկ երինջները յոթ տարի են նշանակում, յոթ գեղեցիկ հասկերը նույնպես յոթ տարի են նշանակում։ Փարավոնի տեսած երազները նույն իմաստն ունեն։ Դրանցից հետո եկած տգեղ ու նիհար  յոթ երինջները նույնպես յոթ տարի են նշանակում, իսկ չորուկ ու արևմտյան քամուց խորշակահար յոթ հասկերը ազդարարում են, որ յոթ տարի սով է լինելու։ Աստված փարավոնին հայտնել է այն, ինչ անելու է։ Եգիպտացիների ողջ երկրում յոթ բերքառատ տարիներ են լինելու։ Դրանց կհաջորդեն սովի յոթ տարիներ․ կմոռացվեն  բերքառատ տարիները։ Սովը կսպառի երկիրը, և մարդիկ չեն իմանա բերքի առատությունը դրան հաջորդող սովի պատճառով, քանի որ սովը շատ սաստիկ է լինելու: Այն, որ փարավոնի երազը կրկնվել է երկու անգամ, վկայում է, որ Աստծու խոսքը ճշմարիտ է, և որ Աստված չի հապաղելու կատարել այն։ (Սինոդական թարգ․)
   
   Գալով փարավոնի երազների մեկնությանը՝ Հովսեփը հատուկ համոզիչ զորությամբ շեշտում է խոսքերի նախախնամական իմաստը (ինչի մասին արդեն նշել էր 16−րդ համարում)։ Այս երազների միջոցով աստվածային նախախնամությունը Եգիպտոսի արքային հայտնում է երկրի գալիք տարիների ճակատագիրը։ Միևնույն ժամանակ որպես երազների գերագույն նշանակության և դրանց անփոփոխելիության ապացույց՝ Հովսեփը բազմիցս մատնանշում է, ըստ էության նույնական, երկու ձևով փարավոնի երազի կրկնությունը կամ երկակիությունը (հ․  25, 26, 32), թեև դրանք կարող են ոչ նույնական իմաստ ունենալու մասին միտք առաջարկել: Ընդհանուր առմամբ, Հովսեփի մեկնությունը աչքի է ընկնում յուրահատուկ պարզությամբ, բնականությամբ և ճշմարտանմանությամբ (որը փաստացի ապացուցվեց հետագայում) և այդ կետերով շատ տարբերվում է հեթանոս քրմերի մեկնություններից։ Այն հանգամանքը, որ խոսքերի ակնհայտ պարզությունը անմեկնելի եղավ Եգիպտոսի իմաստունների համար, ցույց է տալիս Նախախնամության հատուկ ներգործությունը․ այն, որ Աստված Հովսեփի միջոցով կատարեց Աբրահամի սերնդի հետ կապված իր ծրագրերը։
   26-27 համարներում զուգահեռ բացահայտվում են երազների պատկերների իմաստը, իսկ 28-31 համարները նույնն են ասում, սակայն առանց հստակ պատկերների։ 32−րդ համարը շեշտում է մեկնության բացարձակ ճշտացիությունը և նրա  մոտակա իրականացումը։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Յովսէփն ասաց փարաւոնին. «Փարաւոնի տեսած երազները մէկ իմաստ ունեն. Աստուած փարաւոնին յայտնել է այն, ինչ անելու է:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփն ասաց փարավոնին. «Փարավոնի երազները նույն իմաստն ունեն. Աստված փարավոնին հայտնել է, թե ինչ պիտի անի:
(Գրաբար) Եւ ասէ Յովսէփ ցփարաւոն. Երազն փարաւոնի մի է. զոր ինչ Աստուած առնելոց է` եցոյց փարաւոնի: