Ա. Լոպուխին
53-57. Անցան եգիպտացիների երկրի առատության յոթ տարիները, [53] և վրա հասան սովի յոթ տարիները, ինչպես ասել էր Հովսեփը։ Եվ ողջ աշխարհում սով եղավ, սակայն եգիպտացիների երկրում հաց կար։ Երբ սովի մատնվեց նաև եգիպտացիների երկիրը, ողջ ժողովուրդը փարավոնից հաց խնդրեց։ Փարավոնը բոլոր եգիպտացիներին ասաց․ «Գնացե՛ք Հովսեփի մոտ ու արե՛ք այն, ինչ կասի ձեզ»։ Երբ սովը տարածվեց ամենուր, Հովսեփը բացեց ցորենի շտեմարանները և սկսեց ցորեն վաճառել եգիպտացիներին։ Բոլոր երկրներից գալիս էին Եգիպտոս՝ Հովսեփից հաց գնելու, որովհետև սովը տարածվել էր ողջ երկրում։ (Սինոդական թարգ․)
Նեղոսի վարարման նվազման պատճառով, ինչպես սովորաբար լինում է Եգիպտոսում, պտղաբերությունը դադարում է, և սով է սկսվում Եգիպտոսում ու շրջակա երկրներում՝ Լիբիայում, Արաբիայում, Պաղեստինում, Փյունիկիայում և այլն։ Սովի առաջին շրջանում Եգիպտոսի բնակիչները կարող էին սնվել սեփական պաշարներով, որոնք անկախ պետական պաշարներից առատության յոթ տարիներին ամբարել էին առանձին ընտանիքները։ Սակայն հետագայում սեփական պաշարները սպառվեցին, և ժողովուրդը սկսեց աղաչել փարավոնին, և վերջինս նրանց ուղարկեց Հովսեփի մոտ։ Վերջինս էլ (ըստ Միդրաշի՝ նա բոլոր իր մոտ եկողներին առաջարկում էր թլպատվել․ Bereschit−rabba. Par. 90. S. 441) այդ ժամանակ բացեց արքայական շտեմարանները և դրանցից հաց վաճառեց․ սկզբից՝ միայն եգիպտացիներին, ապա նաև օտարերկրացիներին։ Այս հանգամանքն էլ դարձավ Հովսեփի եղբայրների՝ Եգիպտոս ժամանելու և վաճառված եղբոր հետ (վաճառելուց մոտավորապես 21−22 տարի անց [13 տ. + 7 տ.+ 1(2)]) նրանց հանդիպման առիթը։
--------------------------------
[53](Էջմիածին թարգ․) Անցան Եգիպտացիների երկրի առատութեան եօթը տարիները,
(Արարատ թարգ․) Եվ անցան առատության յոթ տարիները Եգիպտոսի երկրում:
(Գրաբար) Եւ անցին եւթն ամք լիութեանն, որ եղեն յերկրին Եգիպտացւոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: