Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 4:18

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

18-19․ «Մինչ Հիսուս շրջում էր Գալիլեայի ծովեզերքով, Նա տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչվում, և Անդրեասին՝ նրա եղբորը. նրանք ուռկան էին գցում ծովի մեջ, որովհետև ձկնորսներ էին»։ «Եվ ասաց նրանց. «Եկե՛ք Իմ հետևից, և Ես ձեզ մարդկա՛նց որսորդներ կդարձնեմ»»։
   
    Հովհաննես Ավետարանիչն այլ կերպ է նկարագրում նրանց (Պետրոս և Անդրեաս առաքյալները) կանչվելը: Ավետարանչի խոսքերից երևում է, որ այդ կանչն արդեն երկրորդն էր, ինչը կարելի է եզրակացնել բազմաթիվ նշաններից: Մասնավորապես, Հովհաննեսի Ավետարանում է ասվում, որ նրանք եկան Հիսուսի մոտ, երբ Հովհաննես Մկրտիչը դեռևս բանտարկված չէր, մինչդեռ այստեղ (Մատթեոսի Ավետարանում)՝ նրանք եկան Հովհաննես Մկրտչի բանտարկությունից հետո: Այնտեղ (Հովհաննեսի Ավետարանում) Անդրեասն է կանչում Պետրոսին (տե´ս Հովհ. 1:41-42), իսկ այստեղ (Մատթեոսի Ավետարանում) Հիսուսն Ինքն է կանչում երկուսին էլ: Բացի այդ, Հովհաննեսն ասում է, որ Հիսուս, տեսնելով Սիմոնին, որ գալիս էր Իր մոտ, ասաց. «Դու Սիմոնն ես՝ Հովնանի որդին. դու կկոչվես Կեփաս, որ նշանակում է Քար` Պետրոս» (հմմտ. Հովհ. 1:42): Իսկ Մատթեոսը հաստատում է, որ Սիմոնն արդեն իսկ կրում էր այդ անունը. մասնավորապես, Մատթեոս Ավետարանիչն ասում է. «Տեսավ Սիմոնին, որ կոչվում էր Պետրոս» (Մատթ. 4:18): Այս նույնի մասին է վկայում նաև այն վայրը, որտեղից նրանք (Պետրոս և Անդրեաս առաքյալները) կանչվեցին, և շատ այլ հանգամանքներ, օրինակ՝ այ´ն, որ այս առաքյալները հեշտությամբ հնազանդվեցին Նրան (Հիսուսին), նաև ա´յն, որ թողեցին ամեն ինչ. սա նշանակում է, որ նրանք դեռևս նախկինում լավ պատրաստված էին դրան:
    Եվ իսկապես, Հովհաննեսի պատմությունից երևում է, որ Անդրեասը եկել էր Հիսուսի տուն և Նրանից շատ բան էր լսել (տե´ս Հովհ. 1:39)։ Այստեղ, սակայն, տեսնում ենք, որ նրանք (Պետրոս և Անդրեաս առաքյալները), լսելով ընդամենը մեկ խոսք, անմիջապես հետևեցին Նրան։ Հավանաբար, այս առաքյալները սկզբում հետևել էին Հիսուսին, ապա թողել Նրան, և տեսնելով, որ Հովհաննես Մկրտիչը բանտարկվել է, հեռացել էին և կրկին վերադարձել իրենց զբաղմունքին։ Դրա համար էլ Հիսուս գտնում է նրանց ձուկ որսալիս։ Հիսուս նրանց սկզբում չխանգարեց հեռանալ Իրենից, երբ նրանք ցանկացան դա անել, բայց և նրանց ամբողջությամբ չլքեց, երբ վերջիններս հեռացան Իրենից։ Այդպիսով, նրանց հեռանալու ազատությունը տալով, Հիսուս կրկին գնում է՝ նրանց վերադարձնելու Իր մոտ։ Ահա´ «որս» անբելու ամենալավ օրինակը։
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

18-20. Մինչ Յիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսաւ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչւում, եւ նրա եղբայր Անդրէասին. ծովի մէջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին: Եւ նրանց ասաց. «Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»: Եւ նրանք իսկոյն թողնելով ուռկանները՝ գնացին նրա յետեւից:
   

    Երբ Հիսուսը քայլում էր գալիլեացիների ծովի եզերքով, տեսավ երկու եղբայրների՝ Պետրոս կոչված Սիմոնին և նրա եղբայր Անդրեասին, ովքեր ուռկան էին գցել ծովը, քանի որ ձկնորս էին: Ասաց նրանց. «Եկե՛ք Իմ հետևից, և ձեզ մարդկանց որսորդ կդարձնեմ»: [Եվ նրանք, գործիքներն իսկույն թողնելով, գնացին Նրա հետևից]:

    Հովհաննես [ավետարանիչը] սրանց կանչվելն այլ կերպ է ներկայացնում  184, Մատթեոսը՝ այլ, ինչից պարզ է դառնում, որ սա երկրորդ կանչն է և ո՛չ թե առաջին: Որովհետև Հովհաննես [ավետարանիչը] կանչից հետո շատ բաներ է պատմում և ապա՛ ասում, որ դեռ Հովհաննես [Մկրտչին] չէին բանտարկել  185, իսկ այստեղ [ասվում է], որ Հովհաննեսի մատնությունից հետո՛ [Հիսուսը] եկավ և կանչեց: Այնտեղ Պետրոսին Անդրեասն է կանչում, իսկ այստեղ երկուսին էլ՝ Հիսուսը: Այնտեղ [Հիսուսը] Սիմոն անունը փոխում է Պետրոսի, իսկ այստեղ [արդեն] Իր դրած [անունով] է կանչում: Այնտեղ Հիսուսի հետ գնում են այն տունը, [ուր մնում էր Հիսուսը], և շատ բաներ լսում [Նրանից], իսկ այստեղ, իբրև Նրանից նախապես խրատվածներ, ամեն ինչ թողնում են և գնում Նրա հետևից: Ուստի պարզ է, որ այն ժամանակ միայն տեսան [Հիսուսին] ու լսեցին Նրա խոսքերը, բայց չհետևեցին Նրան, այլ վերադարձան Հովհաննես [Մկրտչի] մոտ: Իսկ երբ տեսան, որ վերջինիս բանտարկել են, իրենց ձկնորսության արհեստին վերադարձան, և Հիսուսն այս [վիճակում] նրանց գտավ և վերստին կանչեց: Սա նույնպես որսորդության նշան է, որ երբ սկզբում կամեցան հեռանալ [Նրանից], չարգելեց ստիպելով, այլ մի փոքր ժամանակով թույլ տվեց, որպեսզի երկրորդ կանչով դյուրավ ու հոժարությամբ դեպի Իրեն ձգի:

    Իմացիր նաև կանչման կերպը: Ոչ իշխանություն է խոստանում տալ, ոչ հարստություն, ինչպես այս աշխարհում, այլ անսովոր բան՝ ձկների փոխարեն մարդկանց որսորդ դառնալ: Սակայն նրանք, թեպետ զբաղված էին ձկնորսության արհեստով, որը բոլորից առավել քաղցր ու գայթակղիչ է, բնավ չդանդաղեցին, չասացին՝ գնան տուն, նախ ընտանիքի հետ խոսեն, այլ ամեն ինչ թողեցին և Նրա հետևից գնացին, ինչպես և հետո ասաց [Պետրոսը]. «Ահա մենք ամեն ինչ թողեցինք և եկանք Քո հետևից», և [Տերը] խոստացավ, որ Իր [երկրորդ] գալստյանը [Պետրոսն ու մյուս առաքյալները տասներկու] աթոռներին կնստեն  186:

    Այստեղ [Տերը] գործին համապատասխան խոստում է տալիս. անբան ձկների փոխարեն հրամայում է բանական մարդկանց որսալ. ոչ թե կյանքից դեպի մահ, ինչպես ձկների դեպքում, այլ մահվանից կյանք, ոչ թե խոնավ ջրերից, այլ այս աշխարհի աղի մեղքերի ծովից՝ ասես կարթով բարձրացնելով խորագիտության խոսքով՝ ըստ [Տիրոջ] ասածի. «Եղե՛ք խորագետ» (Մատթ. 10։ 16): Այստեղ, [ինչպես] պատմում է Ղուկասը, նաև հրաշք է գործվում Տիրոջ ձեռքով. ձկների մի բազմություն Նրա հրամանով որսացվում է Պետրոսի ուռկանների մեջ 187 ՝ խորհրդանշելով հեթանոսներին, ովքեր [առաքյալների] ավետարանման ուռկանով որսացվելու էին հավատքի համար:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Մինչ Յիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսաւ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչւում, եւ նրա եղբայր Անդրէասին. ծովի մէջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին:
   
    «Մինչ Հիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչվում, և նրա եղբայր Անդրեասին. ծովի մեջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին»:
Կափառնայում գնալուց հետո Զաբուղոնի և Նեփթաղեմի սահմանների մոտ բովանդակապես քարոզելով երկնքի արքայության մոտենալու մասին՝ գնաց Գալիլիայի ծովեզերքը: Եվ իրոք ծովեզերք, և ոչ թե ծովի վրա կամ նավ մտավ, քանի որ տեսնում էր հաստատության վեմը՝ Պետրոսին, ով երբեք չսասանվեց ծովի ալեկոծությունից, այսինքն՝ այս ալեկոծյալ աշխարհի ծփանքներից, որ թեպետև նավում էր՝ մարդկային մարմնում, սակայն մարմինն ու արյունը չէ, որ նրան սովորեցրին ճանաչել Աստծու Որդուն (Մատթ. 16։17): Մարմինն ու արյունը խորհրդանշում են մարդկային կենցաղի ավանդություններն ու սովորությունները:

    Նրա հետ մեկտեղ տեսնում է նաև Անդրեասին՝ նրա եղբորը, ծովը ուռկան գցելիս, քանի որ դեռևս լուսավորված չէին այն վերին լույսով, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ (Հովհ. 1։9): Իրենց ուռկան կոչված գործիքները գցում էին ծովի՝ կյանքի ալեկոծության մեջ, իսկ երբ արժանավորվեցին տեսնել անկոծելի Լույսը և նրանով լուսավորվել, այնժամ թողնելով անցավոր լույսի գործերը՝ հետևեցին Մեծին՝ իմանալի և անանցանելի Լույսին: Դրա համար մարդկային հոգիների որսորդներ եղան՝ իրենց վարդապետության ցանցերով որսալով և կորզելով նրանց կամակոր վիշապի երախից ու ժանիքներից, որ կամենում է բոլոր մարդկանց որսալ և գցել իր ցանցերի՝ հավիտենական հրի մեջ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Մինչ Յիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսաւ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչւում, եւ նրա եղբայր Անդրէասին. ծովի մէջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:17