Ա․ Լոպուխին
7-8․ Երբ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց ձևացրեց, թե չի ճանաչում նրանց, խստորեն խոսեց նրանց հետ և ասաց․ «Որտեղի՞ց եք գալիս»։ Նրանք պատասխանեցին․ «Քանանացիների երկրից՝ պարեն գնելու»։ [7] Թեև Հովսեփը ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք չճանաչեցին նրան։ (Սինոդական թարգ․)
Հովսեփը կարող էր հեշտությամբ ճանաչել իր եղբայրներին, քանզի նրան վաճառելու ժամանակ նրանք արդեն հասուն մարդիկ էին («մորուքներով», ինչպես նշում է Միդրաշը), և նրանց բաժանման ընթացքում, հաշվի առնելով քոչվորական կենցաղի միակերպությունը, նրանք չէին կարող զգալիորեն փոխվել։ Հետո Հովսեփը կարող էր սպասել նրանց հաց գնելու համար Եգիպտոս գալուն և այժմ նրանց բոլորին միասին տեսավ, ընդ որում՝ նա գիտեր և հասկանում էր նրանց լեզուն, սակայն քաղաքավարությունից դրդված՝ նրանց հետ թարգմանչի միջոցով էր խոսում։ Եղբայրները, ընդհակառակը՝ չճանաչեցին Հովսեփին, որն իրենց կողմից 17 տարեկանում էր վաճառվել, իսկ այժմ 38 տարեկան էր, զբաղեցնում էր Եգիպտոսի առաջին կառավարչի պաշտոնը․ զգեստներով, տեսքով և լեզվով նրանց եգիպտացի էր թվում։ Նման իրավիճակում նրանք ամենից քիչն իրենց եղբորը գտնելն էին ակնկալում, որի մահվան հարցում նրանք վստահ էին (Ծննդ․ 42:22)։
Իսկ ինչ վերաբերում է իր կողմից ճանաչված եղբայրների նկատմամբ Հովսեփի խիստ վերաբերմունքին, ապա կարելի է ենթադրել, որ նրա մեջ սկզբնական շրջանում պայքարում էին երկու հակառակ զգացումներ՝ մի կողմից տրտմության և վրեժխնդրության, իսկ մյուս կողմից՝ սիրո (վերջինս հաղթում է արդեն առաջին հանդիպման ժամանակ, Ծննդ․ 42:24)։ Հովսեփին հայտնի չէր թշնամիներին սիրելու մասին քրիստոնեական պատվիրանը, ուստի, կարելի է ենթադրել, որ նրա մեջ կարող էր վրեժխնդրության զգացում լիներ։ Այդուհանդերձ, «նրա խորամանկությունը, անկասկած, ուներ բարի նպատակներ, որոնք են՝ սպառնացող դժբախտ պատահարի միջոցով արթնացնել մեղավոր եղբայրների խիղճը, որպեսզի նրանք ընդունեն իրենց կատարած հանցանքը և զղջան, տեղեկություն ստանալ հոր և միամոր եղբոր մասին, և գաղտնիքը բացահայտելուց առաջ ամբողջությամբ ապահովել Բենիամինի անվտանգությունը, որի դեմ Հովսեփի կողմից խաբված եղբայրների նախանձը և բարկությունը կարող էին ուղղել իրենց զենքերը» (свт. Филарет «Записки на книгу Бытия», 2, 212)։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Երբ Յովսէփը տեսաւ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց օտար ձեւացրեց իրեն, խստագոյնս խօսեց նրանց հետ եւ ասաց. «Որտեղի՞ց էք գալիս»: Նրանք պատասխանեցին. «Քանանացիների երկրից. եկել ենք պարէն գնելու»:
(Արարատ թարգ․) Երբ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց իրեն չհայտնեց: Նրանց հետ խոսեց խստությամբ և հարցրեց. «Որտեղի՞ց եք եկել»: Եվ նրանք պատասխանեցին. «Քանանի երկրից՝ պարեն գնելու համար»:
(Գրաբար) Եւ իբրեւ ետես Յովսէփ զեղբարսն իւր, ծանեաւ. եւ աւտարանայր ի նոցանէ, եւ խաւսեցաւ ընդ նոսա խստագոյնս. եւ ասէ. Ուստի՞ գայք: Եւ նոքա ասեն` Յերկրէն Քանանացւոց գնել կերակուրս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: