Ա․ Լոպուխին
3-10. Եվ Հուդան նրան ասաց. «Այն մարդը մեզ կտրուկ ասաց. «Իմ աչքին չերևաք, եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի»։ [3] Եթե մեր եղբորը մեզ հետ ուղարկես, կգնանք և քեզ համար պարեն կգնենք, իսկ եթե չուղարկես, չենք գնա, որովհետև այդ մարդը մեզ ասաց. «Իմ աչքին չերևաք, եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի»։ Իսրայելն ասաց. «Այդ ի՞նչ փորձանք բերեցիք իմ գլխին, ինչո՞ւ հայտնեցիք այդ մարդուն, թե եղբայր ունեք»։ Նրանք ասացին. «Այդ մարդը հարցուփորձ արեց մեր և մեր ընտանիքի մասին, թե՝ «Տակավին կենդանի՞ է ձեր հայրը», թե՝ «Եղբայր ունե՞ք»։ Եվ մենք հայտնեցինք նրան ըստ նրա հարցերի։ Ի՞նչ իմանայինք, թե ասելու է. «Բերե՛ք ձեր եղբորը»։ Հուդան ասաց իր հայր Իսրայելին. «Թո՛ւյլ տուր, որ պատանին գա ինձ հետ, վեր կենանք գնանք, որպեսզի և՛ մենք, և՛ դու, և՛ մեր երեխաները ապրենք ու չմահանանք։ Ես նրա համար պատասխանատու եմ. ինձնի՛ց կպահանջես նրան։ Եթե նրան հետ չբերեմ ու քո առաջ չկանգնեցնեմ, թող մեղավոր լինեմ իմ ամբողջ կյանքում։ Որովհետևև եթե չդանդաղեինք, ապա երկու անգամ գնացած−եկած կլինեինք»։(Սինոդական թարգ․)
Այստեղից սկսած՝ որպես գլխավոր գործող անձ հանդես եկող Հուդայի խոսքը (կարծես հոր կողմից առաջիկայում նրա անդրանկության իրավունքի ճանաչման մասին կանխատեսում, Ծննդ. 49:8-11), ունի այն նույն ինքնազոհողությունը, որը կար Ռուբենի խոսքում (Ծննդ. 42:37)։ Հովսեփի այս երկու եղբայրները ներգրավված չէին նրա կյանքի դեմ մյուս եղբայրների մտածած հանցավոր ծրագրում, երկուսն էլ ժամանակին փորձել էին փրկել նրան և այժմ մաքուր խղճով կարող էին խոսել իրենց հոր առջև։ Սակայն Հուդայի խոսքը տարբերվում է Ռուբենի խոսքից չափավոր զգացմունքայնությամբ, զգալի դատողականությամբ և համոզվածությամբ։ Վերոնշյալ հանգամանքները և Հուդայի նկատմամբ Հակոբի ունեցած ավելի մեծ վստահությունը (համեմատած Ռուբենի նկատմամբ վերաբերմունքի` ի նկատի ունենալով Ծննդ. 35:22−ը) ծերունուն դրդում են խոստովանելու Բենիամինին թողնելու անհրաժեշտությանը։ Վերջինս Հուդայի խոսքում «պատանի» (եբր.՝ «նաառ», Վուլգաթա՝ «peur») է կոչվում, չնայած այդ պահին մոտ 25 տարեկան էր և մի քանի որդի ուներ (Ծննդ. 46:21): Հետևաբար նա այդ անունը ստանում է որպես եղբայրներից ամենակրտսերը։ Եբրայերեն «նաառ»−ի նմանատիպ օգտագործումը հանդիպում է նաև սուրբգրային այլ համարներում։ Օրինակ` թագավոր դառնալիս Աստծուն ուղղված իր աղոթքում Սողոմոնը իրեն «պատանի» է կոչում (Գ Թագ. 3:7), չնայած որ այդ ժամանակ արդեն ուներ Ռոբովամ որդուն (Գ Թագ. 14:21)։ Այնուամենայնիվ, Հակոբի հատուկ հոգատարությունը Բենիամինի հանդեպ բխում է ոչ թե նրա փոքր տարիքից, այլ սիրելի Ռաքելից ծնված երկրորդ և վերջին որդու հետ ունեցած հատուկ կապվածությունից (Ծննդ. 44:27, 28)։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Յուդան, դիմելով նրան, ասաց. «Մարդը մեզ կտրուկ ու յստակ ասաց. «Իմ աչքին չերեւաք, եթէ ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի»:
(Արարատ թարգ․) Եվ Հուդան խոսեց նրա հետ՝ ասելով. «Այն մարդը մեզ հաստատապես ասաց. «Իմ երեսը չեք տեսնի, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի»:
(Գրաբար) Խաւսեցաւ ընդ նմա Յուդա` եւ ասէ. Վկայութեամբ եդ ընդ մեզ վկայութիւն այրն` եւ ասէ. Մի տեսանիցէք զերեսս իմ, եթէ ոչ եղբայրն ձեր կրտսեր ընդ ձեզ իցէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: