Ա. Լոպուխին
15-16. Օրհնեց նրանց և ասաց. «Աստված, Ում առաջ քայլեցին իմ նախնիները` Աբրահամն ու Իսահակը, Աստված, որ պահպանեց ինձ իմ մանկությունից մինչև այսօր, [15] Հրեշտակը, որ փրկեց ինձ ամեն տեսակ փորձանքներից, թող օրհնի այս մանուկներին, թող սրանց մեջ վերապրի և իմ նախնիների` Աբրահամի ու Իսահակի անունը, նրանք թող օրհնյալ լինեն երկրի վրա և շատ բազմանան»: (Սինոդական թարգ․)
Աստվածաշնչում առաջին անգամ հենց այստեղ է ձեռք դնելը ներկայացվում իբրև օրհնության և օրհնաբեր շնորհների փոխանցման նշան: Այնուհետև այսպիսի նշանակությամբ այն մշտապես պահպանվում է հինկտակարանյան եկեղեցում (Թվեր. 8։10, 27։18−23) և այնտեղից էլ փոխանցվում է նորկտակարանյան եկեղեցուն (Մատթ. 19։13, Գործք. 6։6, 13։11): Հակոբի օրհնությունը տարածվում է ինչպես Հովսեփի (ըստ եբրայերեն տեքստի և ռուսերեն թարգմանության), այնպես էլ նրա զավակների վրա, որոնք և Հակոբի (Ծննդ. 49։22−26) և Մովսեսի օրհնություններում (Բ Օր. 33։13−17) միավորվում են Հովսեփի անվան ներքո:
Օրհնության բուն ձևը չափազանց կարևոր է, քանի որ այն արտահայտում է իրենով նահապետական շրջանը ավարտող աստվածաշնչյան նահապետի մաքուր հավատը և վեհ աշխարհայեցողությունը: Այստեղ, առաջին հերթին, ամուր հավատն է առ Աստված, որպես ուխտի Աստված, Ով նահապետներից պահանջում էր սուրբ և աստվածահաճո կյանք, և Ում գոհացնում էին նրանք իրենց կյանքով (Ծննդ. 17։1)։ Ավելին, Հակոբը խոնարհաբար Աստծուն հաճելի լինելու օրինակներ է մատնանշում միայն իր հայրերի կյանքից, այլ ոչ թե իր կյանքից։ Այնուհետև նույնքան ամուր և պայծառ հավատն է Աստծո նախախնամության հանդեպ, որը մարդկային կյանքի բոլոր ակնթարթները (Ծննդ. 37։35, 43։14), նույնիսկ ամենաանբարեպատեհները, միավորում և լուծում է բարենպաստ ամբողջության մեջ: Վերջապես, բացառիկ է բոլոր չարիքներից ազատող Հրեշտակ−Ազատարարի, Հրեշտակ֊Աստծու հանդեպ հավատը (քանի որ նա զուգադրվում է Աստծու հետ), ով ժամանակին մենամարտել էր Հակոբի հետ (Ծննդոց. 32։24): Իսկ մեկանգամյա «օրհնությամբ» Աստծուն երիցս կանչելու այս աղոթքն արտահայտում է աշխարհում աստվածային գործողությունների միասնության մասին նահապետի միտքը և այնուհետև կարող է կանխագուշակել Երրորդության խորհուրդը: Ամենամոտ իմաստով յուրաքանչյուր կոչ ներառում է հոգևոր և մարմնական բարիքներ հայցող աղոթական ցանկություն, որոնք այնուհետև միավորվում են հետևյալ բառերի մեջ. «թող սրանց մեջ ապրի իմ և իմ հայրերի անունը»:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Օրհնեց նրանց եւ ասաց. «Ասուած, որին հաճոյ եղան իմ նախնիները՝ Աբրահամն ու Իսահակը, Աստուած, որ պահպանեց ինձ իմ մանկութիւնից մինչեւ այսօր,
(Արարատ թարգ․) Եվ օրհնեց Հովսեփին ու ասաց. «Այն Աստվածը, որի առաջ քայլեցին իմ հայրերը՝ Աբրահամը և Իսահակը, այն Աստվածը, Ով խնամում է ինձ, որի համար կամ մինչև այսօր,
(Գրաբար) Եւ աւրհնեաց զնոսա եւ ասէ. Աստուած, որում հաճոյ եղեն հարքն իմ առաջի նորա Աբրաամ եւ Իսահակ. Աստուած որ կերակրէ զիս ի մանկութենէ իմմէ մինչչեւ ցայսաւր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: