Ծննդոց գրքի մեկնություն 5:15

Ա. Լոպուխին

15-17․ Մաղաղաելը հարյուր վաթսունհինգ տարեկանում ծնեց Յարեդին։ [15] Յարեդին ծնելուց հետո Մաղաղայելն ապրեց ևս ութ հարյուր երեսուն տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր։ Մաղաղայելը մեռավ՝ ապրելով ութ հարյուր իննսունհինգ տարի։ (Սինոդական թարգ․)

   

   Մաղաղայելը... ծնեց Յարեդին... Այս նոր նահապետի անունը, ծագելով հրեական «յարադ» բայից, որը նշանակում է «իջնել, վայր իջնել», մատնացույց է անում նրան իբրև «իջնող, վայր ընկնող» մի մարդու: Մենք, պահելով այդ բառի թե՛ բառացի և թե՛ փոխաբերական իմաստները, իրավունք ունենք ենթադրելու, որ այստեղ խոսքը սեթականների, ինչպես մի որևէ բարձունքից իրապես վայր իջնելու, այնպես էլ նրանց բարոյական անկման մասին է: Քանի որ Յարեդի սերունդը, Սեթի ճյուղով՝ հինգերորդը Ադամից, ժամանակակից էր Ղամեքի սերունդին, Կայենի ճյուղով նույնպես հինգերորդը Ադամից, և մյուս կողմից էլ առկա է ավանդություն, թե սկզբնապես սեթականներն ապրել են բարձրադիր գոտիներում, իսկ կայենականները՝ ցածրադիր հարթավայրերում, ապա ճշմարտությունից զուրկ չէ այն կարծիքը, ըստ որի, սեթականները, Յարեդի դարաշրջանում հափշտակվելով ժամանակակից կայենուհիների գեղեցկությամբ (վերջիններիս գլխավորում էր չքնաղ Նոյեման - Ծննդ. 4.22), իրենց բարձունքներից իջել են կայենականների հարթավայրեր, նրանց հետ մտել են հանցավոր կապերի մեջ և բարոյական անկում ապրել: Այս կարծիքը, հիմք ունենալով բանասիրական տվյալները, հենվում է նաև հին հրեական ավանդության վրա, որն ի դեպ, զետեղված է Ենոքի գրքում:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Մաղաղայէլը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Յարէդին:
(Արարատ թարգ․) Եվ Մաղաղիելն ապրեց վաթսունհինգ տարի և ծնեց Հարեդին:
(Գրաբար) Եւ եկեաց Մաղաղայէլ ամս հարևր և վաթսո՛ւն և հինգ, և ծնաւ զՅարէդ։