Ա. Լոպուխին
Ադամը երկու հարյուր երեսուն տարեկանում (որդի) ծնեց իր նմանությամբ և իր կերպարով, և անունը դրեց Սեթ։ (Սինոդական թարգ․)[3]
Աստվածաշնչյան հեղինակը, սկսելով Ադամից, ծննդաբանության աղյուսակը վարելիս մշտապես հավատարիմ է մնում միևնույն կարգին: Հայտնի նահապետի անունը տալով՝ նա մատնացույց է անում վերջինիս տարիքը իր սերնդի հաջորդ անդամի ծննդյան պահին: Այնուհետև սահմանում է այդ նահապետի մնացյալ կյանքի տարիների քանակը, տալիս հանրագումարը նրա երկարակեցության և այս ամենն ավարտում վերջինիս մահվան հիշատակությամբ: Ժամանակագրական որոշ տվյալներում, որոնք գլխավորապես վերաբերում են այս կամ այն նահապետի որդու ծննդյան ժամանակին, ռուսական և սլավոնական տեքստերի միջև նկատվում է անհամաձայնություն՝ եբրայական և հունական Սուրբ Գրքերում առկա տարբերության պատճառով: Այս տարբերությունը, ամենայն հավանականությամբ, պատահականության հետևանք է (արված որևէ թարգմանչի կամ ընդօրինակողի կողմից) և, ամեն դեպքում, հավատքի էության առումով կարևոր նշանակություն չունի, լոկ ակնհայտորեն ապացուցելով այն բացահայտ ճշմարտությունը, որ Աստվածաշնչում չկա ամբողջական և ճշգրիտ ժամանակագրություն, և եղածն էլ շատ պայմանական է և հարաբերական, և համենայն դեպս որոշ մասերում էլ եղածը, ամենայն հավանականությամբ, ավելի ուշ է ներմուծված:
Ուրիշ, առավել կարևոր հարց ևս, որն առնչվում է նախաջրհեղեղյան սերնդաբանությանը, դա սերնդի անդամների՝ գրեթե մի ամբողջ հազարամյակ կազմող ապշեցուցիչ երկարակեցությունն է: Նահապետական երկարակեցության հավատքը խաթարելուն ուղղված միտումնավոր և անհիմն ռացիոնալիստական փորձերին հակառակ, դրա ճանաչումն ու ընդունումը հիմնավորվում է մի շարք իրական ապացույցներով: Այդ մասին նախ և առաջ վկայում է դրախտում մարդու անմահության նախկին փաստը, թեև անկման պատճառով մարդը կորցրեց աստվածային այդ պարգևը, սակայն մահվան վարակը կարող էր միայն աստիճանաբար խարխլել մարմնի նախաստեղծ ամրությունը: Այդ նույն բանի մասին է վկայում նաև նահապետական շրջանի նմանությունը մարդու մանկության հետ. Նախաջրհեղեղյան նահապետական ժամանակաշրջանն ասես թե մարդկության կյանքում վառ մանկության դարաշրջան էր, այսինքն՝ նրա ինչպես հոգեկան, այնպես էլ մարմնավոր ուժերի առանձնահատուկ հարստության, ամբողջականության, արդյունավետության ու թարմության մի ժամանակահատված: Սրա արժանահավատությունը մասամբ հաստատվում է հնագույն այլ ժողովուրդների համադրելի մի շարք ավանդություններով՝ գրի առնված եգիպտացի քուրմ Մանեֆոնի, փյունիկեցի Մոխի, քաղդեացի Բերոզի և ուրիշների կողմից: Վերջապես, նահապետական երկարակեցության փաստի կարևոր հիմնավորումը, միաժամանակ նաև լավագույն բացատրությունը աստվածային նախախնամության ակնհայտ ներգործությունն է՝ հանուն կրոնական վսեմ նպատակների, այն է կրոնական ճշմարտության պահպանումը, մարդկային ցեղի տարածումը և կրոնի, բարոյականության ու մշակույթի հիմնական տարրերի ամրապնդումը (առավել մանրամասն տե՛ս՝ Ի. Սպասկիի «Աստվածաշնչյան ժամանակագրություն», Գ. Կ. Վլաստովայի «Սրբազան տարեգրություն» և Ա. Պոկրովսկու «Աստվածաշնչյան ուսմունքը նախնադարյան կրոնի մասին»):
Ադամը... (որդի)ծնեց իր նմանությամբ և իր պատկերով... Այս նախադասությամբ բավական արտահայտիչ կերպով հիմնավորվում է մարդկային բնության հոգևոր և մարմնավոր հիմնական հատկությունների բնածին լինելու իրողությունը: Այդ ուժերի ներգործությամբ, Ադամի սերնդին են փոխանցվել ինչպես նրա բնության մեջ դրված աստվածային կերպարի հատկանիշները, այնպես էլ այն մեղսավոր նմանության հատկությունները, որոնք մթագնեցին աստվածային այդ կերպարը պատվիրանազանցության պատճառով(Ծննդ. 1:28, 3:16, Հռոմ. 5:12):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ադամը երկու հարիւր երեսուն տարեկանին իր նման ու իր կերպարանքով որդի ծնեց եւ անունը դրեց Սէթ:
(Արարատ թարգ․) Եվ Ադամն ապրեց հարյուր երեսուն տարի և իր նմանությամբ ու իր պատկերով որդի ծնեց և նրա անունը Սեթ դրեց:
(Գրաբար) Եկեա՛ց Ադամ ամս երկերի՛ւր և երեսուն. և ծնաւ ըստ կերպարանաց իւրոց և ըստ պատկերի իւրում. և անուանեաց զանուն նորա Սէ՛թ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: