Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 6:26

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Նայե՛ք երկնքի թռչուններին. նրանք ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում, ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք առավել եք, քան նրանք»։
   
   Հիսուս այլ օրինակներով նույնպես ուսուցանում էր հետևյալը. «Նայե՛ք երկնքի թռչուններին»։ Որպեսզի ոչ ոք չասեր, թե մտատանջությունները մեզ անհրաժեշտություն են, Քրիստոս մեր մտքից հեռու է վանում այդ գաղափարը՝ համեմատություններ կիրառելու միջոցով, և դա անում է` օրինակներ բերելով, ինչպես ասում են, թե´ մեծից, և թե´ փոքրից։ Մեծից բերված օրինակը հոգու և մարմնի վերաբերյալ հիշատակումն է, փոքրից վկայաբերվածը՝ թռչունների օրինակը։ Այսպես, ուրեմն, եթե Ինքն Աստված այսկերպ հոգ է տանում ամենաստորին արարածների մասին, մի՞թե ձեզ չի տա այն, ինչի կարիքը դուք ունեք։ Հիսուս այսպես խոսում է պարզ ժողովրդի հետ, մինչդեռ սատանային այլ կերպ է պատասխանում։ Ի՞նչ կերպ. «Ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից» (Մատթ. 4:4)։ Այստեղ արդեն Քրիստոս խոսում է թռչունների մասին, և դա անում է շատ համոզիչ եղանակով, քանի որ այս օրինակը, իսկապես, մեծ զորություն ունի։ Սակայն որոշ ամբարիշտներ այնպիսի անմտության են հասել, որ քննադատում են նաև այս օրինակը։ «Նրանք, ովքեր ցանկանում են ազդել մարդու ազատ կամքի վրա, - ասում են այդ ամբարիշտները, - դա անելու համար չպետք է օրինակներ վերցնեն ֆիզիկական բնությունից, քանի որ այնտեղ գործում է անհրաժեշտության սկզբունքը։
   Ի՞նչ կարող ենք ասել` ի պատասխան այս ընդդիմախոսության։ Թեև այստեղ` բնության մեջ, անշուշտ, գործում է անհրաժեշտության սկզբունքը, բայց մենք կարող ենք նույնը (այն, ինչը որ վկայաբերվում է թռչունների օրինակով) անել նաև մեր սեփական կամքով։ Փրկիչը չասաց` «նայե՛ք թռչուններին. նրանք թռչում են…» (քանի որ դա մարդու համար անհնարին է), այլ ասաց. «Նայե՛ք…նրանք սնվում են առանց մտատանջվելու…»։ Իսկ դա կատարելը, եթե ցանկանանք, մեզ համար նույնպես դյուրին կլինի։ Եվ սրա վկայությունը տվել են նրանք, ովքեր իրենց գործով են ապացուցել (կատարել) դա։ Ուստի հատկապես պետք է հիանալ Օրինադրի իմաստությամբ, քանի որ Նա, թեև կարող էր որպես վկայություն մատնանշել մարդկանց օրինակները` հիշատակելով Եղիային, Մովսեսին, Հովհաննեսին և նման այլ սուրբերի, որոնք չէին հոգում իրենց կերակուրի մասին, բայց որպեսզի ավելի ուժգին ներազդի Իր ունկնդիրների վրա, Հիսուս խոսում է անբան արարածների մասին։ Եթե Քրիստոս մատնանշեր այդ արդարներին, Իր ունկնդիրները կարող էին ասել, թե «մենք դեռ շատ հեռու ենք նրանց նման լինելուց»։ Իսկ այժմ, երբ Հիսուս լռում է նրանց (արդարների) մասին և որպես օրինակ է բերում երկնքի թռչուններին, այդպիսով Նա «զրկում» է արդարացման ամեն հնարավորությունից՝ այս դեպքում ևս հետևելով Հին Օրենքի տրամաբանությանը։ Հին Կտակարանը նույնպես որպես օրինակ վկայաբերում է մե՛րթ մեղվին, մե՛րթ մրջյունին, մե՛րթ տատրակին, մե՛րթ ծիծեռնակին։ Մեզ (մարդկանցս) համար փոքր պատիվ չէ այն, որ մենք մեր կամքի ուժով կատարենք այն ամենը, ինչ նրանք (վերոհիշյալ կենդանիները) ունակ են գործել իրենց բնությունից ելնելով։ Այսպիսով, ուրեմն, եթե Աստված այսօրինակ հոգատարություն ունի մեզ համար ստեղծված արարածների (խոսքը երկնքի թռչունների և ցամաքի կենդանիների մասին է) նկատմամբ, ապա որքան առավել հոգածու կլինի մե´զ համար։ Եթե Աստված հոգ է տանում ծառաների մասին, ապա որքան առավել կհոգա տիրո´ջ մասին։ Ահա թե ինչու Փրկիչն ասաց. «Նայե՛ք թռչուններին»։ Եվ դա ասելով էլ` չավելացրեց, որ «նրանք չեն խմում և առևտուր չեն անում…» (քանի որ հիշյալ գործերը հրեաների կողմից արհամարհելի զբաղմունք էին համարվում), այլ գեթ հավելեց. «…ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում»։
   Սա լսելով` գուցե մեկը հարցնի. «Այդ ինչպե՞ս, մի՞թե չպետք է սերմանել…»։ Ո´չ, խոսքը բնավ այդ մասին չէ. Հիսուս չասաց, թե չպետք է սերմանել, այլ՝ չպետք է մտատանջության գիրկն ընկնել։ Եվ չասաց, թե չպետք է աշխատել, այլ՝ չպետք է փոքրոգություն ցուցաբերել և հոգսերով ջլատվել։ Քրիստոս պատգամում է սնվել, սակայն չափից ավելի չհոգալ կերակուրի մասին։ Այդ միտքն է ակնարկում նաև Դավիթը, երբ ասում է. «Բացում ես ձեռքը Քո, և Քո կամքով հագեցնում ես բոլոր արարածներին» (հմմտ. Սաղմ. 144:16)։ Եվ մեկ այլ տեղում էլ ասում է. «Նա ուտելիք է տալիս անասուններին և ագռավի ձագերին, որոնք դիմում են Իրեն» (Սաղմ. 146:9)։ Իսկ դու գուցե ասես՝ «մարդկանից այդ ո՞վ չի հոգացել…»։ Մի՞թե չես լսել, թե ես քանի՜ արդարների օրինակ եմ բերել քեզ համար։ Նրանց թվում չե՞ս տեսնում նաև Հակոբին, որն իր հայրական տնից դուրս եկավ առանց որևէ բանի։ Չե՞ս լսում նրա աղոթքը։ «Ինձ ուտելու հաց տայ եւ հագնելու հագուստ…» (Ծննդ. 28:20), - ասում էր նա։ Սա նշանակում էր, որ Հակոբը որևէ բանի մասին հոգս չէր անում, այլ ամեն բան Աստծուց էր խնդրում։ Նույն կերպ վարվեցին նաև առաքյալները, որոնք, ամեն ինչ մերժելով, ոչնչի մասին չէին հոգում։ Նույնն արեցին նաև այն հինգ հազար և երեք հազար հավատացյալները (խոսքը հացի բազմացման պատումի մասին է)։ Եթե այս խոսքերը լսելով էլ՝ դարձյալ չես ցանկանում ազատվել կենցաղային ծանր կապանքներից, ապա գոնե, մտածելով քո հոգսերի անօգուտ լինելու մասին, հրաժարվի´ր դրանցից։
Նայի՛ր թռչուններին և նրանցից իմաստությո´ւն ուսանիր։ Ահա թե ինչու Քրիստոս ասաց. «Նայե՛ք երկնքի թռչուններին. նրանք ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում, ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց»։ Եթե անբան կենդանիները չեն հոգում կերակուրի մասին, ապա ի՞նչ արդարացում կարող ես ունենալ դու, երբ ներկայի նկատմամբ նույնիսկ այնպիսի մի արհամարհանք չես ցուցաբերում, ինչպիսին որ ցուցաբերում են թռչունները…
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Նայեցէ՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում եւ ո՛չ էլ շտեմարանների մէջ հաւաքում. եւ ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք աւելին էք, քան նրանք:
   

   Նայեք երկնքի թռչուններին. ոչ վարում են, ոչ հնձում, ոչ էլ շտեմարաններում ժողովում, և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց: Չէ՞ որ դուք ավելին եք, քան նրանք:
[Սուրբ] Գիրքը սովորություն ունի դժվարությամբ հասկացողների համար օրինակ բերել անշունչ և անբան էակներից, ինչպես, [օրինակ], սա. «Նայե՛ք վեր՝ դեպի երկինք, և ներքև՝ երկրին» (հմմտ. Ես. 51։6), և այլուր. «Գնա մրջյունի՛ մոտ, ո՛վ ծույլ» (Առակ. 6։6). այդպես էլ այստեղ Տերն է ասում. «Նայեք [երկնքի] թռչուններին»: Ո՛չ աչքերով, այլ մտքո՛վ քննիր և հասկացիր. եթե հույժ հետին [արարածների] մասին [Աստված] այդքան հոգ է տանում, ո՛րքան խնամք կտանի նաև ձեզ համար: Եվ թեև նրանք բնությամբ են այդպիսին, սակայն մարդն էլ կարող է նույնն անել անձնիշխանությամբ, որովհետև մեր բնությունն էլ անձնիշխան է: Ուստի [Տերը] չասաց թե՝ «Տեսեք, որ թռչունները թռչում են», ինչը մենք չենք կարող անել, այլ թե՝ «չեն վարում», ինչը եթե կամենանք, հեշտ է կատարել, և օրինակ են Մովսեսը, Եղիան, Հովհաննես [Մկրտիչը] և այլ շատեր: Տես նաև այն, որ չասաց, թե չեն վաճառում ու շահ ունենում, այլ թե՝ «չեն վարո՛ւմ», որպեսզի ցույց տա, որ մշակությունից բացի, [մնացած] ամեն ինչ ավելորդ է: Եվ նաև մշակության հոգսն էլ է պետք Աստծուն հանձնել և ոչ թե չմշակել: Սակայն նույնիսկ եթե չմշակենք էլ, այդ դեպքում էլ երկնավոր Հայրը գիտի կերակրել, ինչպես թռչուններին և Իսրայելին անապատում (Ելք 16) կամ Քանանի երկրում՝ յոթերորդ տարվա ինքնաբերությամբ  (Ելք 24։8-12):

   «Չէ՞ որ դուք ավելին եք, [քան նրանք]»: Եթե փոքրերին խնամում է, որքա՛ն առավել՝ մեծամեծերիդ, և եթե ծառաներին դարմանում է, որքա՛ն առավել՝ տերերիդ: Իսկ «ավելին» ենք, որովհետև Աստծո նմանությամբ ենք ստեղծվել և Խոսքի պատկերով պատվվել, և որովհետև հարության հույսն ենք ընդունել և վերստին հրավիրվել անմահ կյանքի վիճակին:

   Իսկ այլաբանորեն՝ [Տերը] «երկնքի թռչուններ» է կոչում հրեշտակներին՝ ըստ այսմ. «Թագավորին մի՛ անիծիր քո սենյակներում» (հմմտ. Ժող. 10։20), որովհետև [հրեշտակները] Նրա թևավոր թռչուններն են և քո խոսքերը կհասցնեն Նրան: Նաև՝ որովհետև երկրագործական արհեստով չեն չարչարվում, քանի որ նրանց բնությունը մարմնական կերակրի կարիք չունի: Սակայն մեկ այլ կերպ վարում ու հերկում են՝ արդարության համար, որով կերակրվում են երկնավոր Հորից՝ ըստ նախախնամական բարի պարգևների լուսափայլ բխման՝ սկսած գերագույններից մինչև ստորին էությունները՝ զմայլվելով անճառ խորհուրդների տուրքերով: Եվ մեկնողական քննությամբ ծամելով՝ առաջինները [փոխանցում են դրանք] հաջորդ՝ առավել ցածր կարգերին: Ինչպես և [Տերն] է ասում. «Չէ՞ որ դուք ավելին եք, [քան նրանք]», քանի որ մարդը մարմնական կերակրի կարիք ավելի ունի, քան հրեղենների դասերը: Ուրեմն՝ եթե [Աստված] անկարիք [էակներին] կերակրում է հոգևոր կերակրով՝ երկնային հացով, նյութական պարգևներով որքա՛ն կարեկից կլինի քաղցի ենթականերիդ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Նայեցէ՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում եւ ո՛չ էլ շտեմարանների մէջ հաւաքում. եւ ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք աւելին էք, քան նրանք:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:19