Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 7:12

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Ուրեմն, այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև սա են Օրենքը և Մարգարեները»։
   
    Իր այս կարճ խոսքերով Փրկիչն ամփոփում է ամեն ինչ և մատնացույց անում, որ առաքինությունը և´ դյուրին է, և´ հարմար, և´ բոլորին հայտնի: Եվ Նա պարզապես չի ասում՝ «այն ամենը, ինչ կամենում եք», այլ՝ «ուրեմն, այն ամենը, ինչ կամենում եք»: «Ուրեմն» բառը Նա օգտագործել է ոչ առանց նպատակի, այլ հատուկ մտադրությամբ: «Եթե ցանկանում եք լսված լինել, - ասում է Հիսուս, - ուրեմն բացի Իմ ասածից նաև սա´ արեք»: Իսկ ինչի՞ մասին է խոսքը. «Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն»:

    Տեսնո՞ւմ ես, թե Հիսուս ինչպես է այստեղից նույնպես բխեցնում այն եզրակացությունը, որ աղոթքի հետ մեկտեղ մեզ անհրաժեշտ է նաև բարի կյանքով կենցաղավարել: Նա չի ասում՝ «ինչ ցանկանում ես, որ Աստված տա քեզ, դա´ արա քո մերձավորին», որպեսզի դու չհակաճառես՝ ասելով. «Ինչպե՞ս է դա հնարավոր. Նա Աստված է, իսկ ես՝ մարդ»: Ուստի և Փրկիչն ասում է՝ «եթե քեզ համար ինչ-որ մի բան ես ցանկանում ստանալ քեզ հավասարից (այսինքն` քեզ նման մարդուց), դու էլ նույնին արժանացրու քո մերձավորին»: Ի՞նչը կարող է սրանից ավելի դյուրին լինել: Ի՞նչը կարող է սրանից ավելի արդար լինել:

    Այնուհետև, մեր աչքի առջև դնել այն մեծագույն գովասանքը, որին մենք կարող ենք արժանանալ այս պատվիրանը պահելու համար` դեռևս պարգևները ստանալուց էլ առաջ, Հիսուս ասում է. «…որովհետև սա են Օրենքը և Մարգարեները»: Այստեղից երևում է, որ առաքինությունը մեզ համար բնական մի պահանջմունք է, և մենք ամենքս էլ արդեն իսկ մեր բնույթով գիտենք, թե ի´նչ պետք է անել, այնպես որ երբևէ չենք կարող արդարանալ մեր «անտեղյակությամբ»:

    Տեսնո՞ւմ ես, որ Քրիստոս տարօրինակ ոչինչ չի հաստատել, այլ վերասահմանել է գեթ այն, ինչը բնությունը սկզբից ևեթ արդեն իսկ պահանջել էր մարդուց: «Դու ինչպե՞ս ես ցանկանում, - ասում է Նա, - որ մերձավորներդ վարվեն քեզ հետ. այդպե՛ս վարվիր նաև դու: Ցանկանո՞ւմ ես, որ քեզ գովեն: Գովի՛ր և դու: Ցանկանո՞ւմ ես, որ քեզնից չգողանան: Ինքդ մի՛ գողացիր: Ցանկանո՞ւմ ես պատվի արժանանալ: Պատվի՛ր ուրիշներին: Ցանկանո՞ւմ ես ողորմություն ստանալ: Ինքդ ողորմա´ծ եղիր: Ցանկանո՞ւմ ես սիրված լինել: Ինքդ սիրի՛ր: Ցանկանո՞ւմ ես, որ քո մասին վատ բան չլսես: Ինքդ վատ խոսքեր մի՛ ասա ուրիշների մասին»: Եվ նկատի՛ր, թե որքան ճշգրիտ են ընտրված Փրկչի արտահայտությունները: Նա չի ասում՝ «այն ամենը, ինչ չեք կամենում, որ մարդիկ ձեզ անեն», այլ՝ «այն ամենը, ինչ կամենում եք…»: Քանի որ դեպի առաքինություն տանող ճանապարհները երկուսն են. դրանցից մեկը արատներից հեռու մնալու ուղին է, իսկ մյուսը՝ առաքինություններ գործելու ճանապարհը: Հիսուս առաջարկում է վերջինը՝ դրանով իսկ հստակ ցույց տալով նաև առաջինի անհրաժեշտությունը: Առաջին ճանապարհն Աստված մեզ համար բացել է` ասելով. «Ինչը դու ատում ես, ուրիշին չանես» (Տոբ. 4:16), իսկ վերջին ուղին Քրիստոս հստակ ցույց է տալիս՝ ասելով. «Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց»:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

«Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները»:
   

    Այն ամենն, ինչ կամենում եք, որ մարդիկ անեն ձեզ, նույնը դուք նրա՛նց արեք:

    Նախ այստեղ այն է հայտնում, որ առաքինությունը խիստ դյուրին բան է և բոլորին հարազատ ու ծանոթ: Եվ երկրորդ՝ սրանով հայտնում է բարու առավելության սահմանը, որի մասին նախ խոսեց, որ ինչ բարի բան որ կամենալով անեք միմյանց, Մարդասերը կընդունի իբրև Իր համար արված՝ ըստ այսմ. «Ինչ որ արեցիք այս փոքրիկներին մեկին, Ի՛նձ արեցիք» (հմմտ. Մատթ. 25։40): Տես նաև այն, որ չասաց. «Ինչպես կամենում ես, որ Աստված անի քեզ, այդպես էլ դուք արեք միմյանց», որպեսզի ոչ ոք չասի, թե դա անհնար բան է, քանի որ Նա Աստված է, իսկ ես՝ մարդ: Ուստի ասում է՝ ինչքան կամենում ես քո ծառայակցից բարիք ընդունել՝ որ քո ունեցվածքը չգողանա, քո կնոջն ու տունը չցանկանա, լեզվով գովի քեզ և անկեղծ սեր ցուցաբերի, այդպես վարվիր և դո՛ւ նրա հանդեպ, որովհետև եթե պարտավոր ենք չարին բարով պատասխանել, որքա՛ն ավելի բարուն, որպեսզի կրկնակի տանջանքի չենթարկվենք. մեկը՝ որ վայելեցինք [ծառայակցի բարիքները], և ապա՝ որ հատուցելիս ապերախտ գտնվեցինք: Ահա հույժ թեթև և արդարությամբ լի օրենք, որի մասին ոմանք ասում են, թե Հոգով զվարթ Բառնաբասը միշտ սա էր քարոզում՝ ցույց տալով, որ Քրիստոսի քարոզությունը նախկինի խափանումը չէր, ինչպես ոմանք կարծում էին, այլ բնականի հետ նաև գրավոր [օրենքի] իրականացումը, ինչպես և [Տերն] է ասում.

    Որովհետև հենց սա՛ են Օրենքն ու Մարգարեները:

    Աստծո ինչպիսի՜ մարդասիրություն: Ինչ որ տնկեց մեր բնության մեջ, հենց դա էլ Օրենքով գրի առավ և մարգարեների միջոցով քարոզեց, որպեսզի երբ այն պահանջի, չմերժենք, իբր չի տվել, և կատարելիս էլ չմեծամտանանք, իբր ինչ-որ նոր բան ենք արել: Որովհետև Օրենքն ուրիշ բան չէ, քան բնական կարգերի երկրորդումը, որով շատերը պայծառացան և գրի չառնված օրենքով փայլեցին աշխարհում՝ ըստ առաքյալի. «Ովքեր Օրենք չունեն, բնությամբ էին գործում Օրենքի [պահանջները]՝ գրված իրենց սրտում» (հմմտ. Հռոմ. 2։14-15): Նաև՝ երբ դուք սա անում եք, կատարվում են Օրենքն ու մարգարեների [քարոզածը], ինչպես [երևում է] այստեղ. «Օրենքն ու պատվիրանները սրանում են ամբողջանում. ընկերոջդ պիտի սիրես անձիդ պես» (հմմտ. Մատթ. 22։39-40), և՝ «Սերն իր ընկերոջը չարիք չի պատճառում. Օրենքի իրականացումը սերն է» (Հռոմ. 13։10):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

«Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1