Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 8:19

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Այդ ժամանակ մի դպիր, մոտենալով, ասաց Նրան. «Վարդապե՛տ, ես քո հետևից կգամ, ո՛ւր էլ որ Դու գնաս»։
   
    Այն ժամանակ, երբ ժողովուրդն այդքան մեծ սեր էր ցուցաբերում Քրիստոսի հանդեպ և այդպիսի ջերմեռանդությամբ հետևում էր Նրան, հարստությանը ծառա և խիստ հպարտ մի մարդ է մոտենում Հիսուսին և ասում է Նրան. «Վարդապե՛տ, ես քո հետևից կգամ, ո՛ւր էլ որ Դու գնաս»: Տեսնո՞ւմ ես, թե ինչպիսին է նրա հպարտությունը:

    Ինքն իրեն «արժանի» չհամարելով պարզ ժողովրդի միջից մեկը լինելուն, այլ ցույց տալով, որ ինքն անհամեմատ բարձր է մյուսներից` այսօրինակ մտքերով տոգորված այս մարդը մոտենում է Հիսուսին: Այդպիսին էին դարձել հրեական բարքերը. նրանք սովորաբար լեցուն էին ոչ պատեհ համարձակությամբ: Ճիշտ այդպես էլ հետագայում նաև մեկ ուրիշը, այնժամ, երբ բոլորը լռել էին, մոտենալով Հիսուսին` ասում է. «Ո՞րն է առաջին պատվիրանը» (հմմտ. Մատթ. 22:36): Այնուամենայնիվ, Տերն այս մարդուն չի դատապարտում իր անտեղի համարձակության համար՝ այդպիսով մեզ ուսուցանելով, որ մենք ևս հանդուրժենք այդպիսիներին:

    Այդ իսկ պատճառով էլ Հիսուս բացահայտորեն չի նախատում նրանց, ովքեր չար մտադրություններ ունեին, այլ Իր պատասխաններն ուղղորդում է նրանց մտքերի դեմ՝ միայն անձնապես նրա´նց «թույլ տալով» տեսնել իրենց մերկացումը և այդպիսով նաև այդպիսի մարդկանց երկակի օգուտ տալով: Նախ՝ այդպիսով Հիսուս ցույց էր տալիս Իր ամենիմացությունը (այն, որ Ինքը գիտե, թե ինչ կա թաքնված մարդկանց հոգու խորքում), և երկրորդ՝ նրանով, որ, չնայած Իր այդօրինակ սրտագիտությանը, Քրիստոս այդպիսի մարդկանց թույլ էր տալիս ասես «թաքցնել» իրենց մտադրությունները և հնարավորություն էր ընձեռում ուղղվելու, եթե միայն նրանք ցանկանային: Հենց այդպես Հիսուս վարվեց նաև այժմ` Իրեն մոտեցողի հետ: Վերջինս էլ, տեսնելով Հիսուսի գործած բազմաթիվ նշանները և այն, որ շատերն այդ նշանների շնորհիվ գրավվում էին դեպի ամենքի Փրկիչը, իր մեջ հույս արթնացրեց հարստանալ այդպիսի հրաշքներից մեկի «զորությամբ», ուստի շտապեց հայտարարել Քրիստոսի հետևից գնալու իր ցանկության մասին: Բայց որտեղի՞ց է սա հայտնի դառնում: Քրիստոսի պատասխանի´ց, որը համապատասխանում է ոչ թե հարցի մեջ արտաբերվող խոսքերին, այլ այդ հարցադրումն անողի մտադրությանը:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ մի օրէնսգէտ, մօտենալով, ասաց նրան. «Վարդապե՛տ, ես էլ քո յետեւից կը գամ, ուր էլ որ գնաս»:
Մի օրենսգետ մոտեցավ և ասաց Նրան. «Ուսուցի՛չ, կգամ և ե՛ս Քո հետևից, ուր էլ գնաս»:
   
    Այս մարդը երկու ախտով է բռնված: Նախ՝ հանդուգն ամբարտավանությամբ, որովհետև գարշում է ժողովրդից մեկը լինել և [Հիսուսի] հետ շրջելով՝ առանձին պատիվ է խնդրում. և երկրորդ՝ ագահությամբ է բռնված, որովհետև տեսավ, որ ժողովրդի միջից շատերն էին հրաշքների և [Հիսուսի] վարդապետության համար գնում Նրա մոտ, կարծեց, թե նրանցից ինչք կհավաքի: Սակայն կեղծավորությամբ ծածկեց իր ախտը՝ ասելով. «Կգամ և ե՛ս Քո հետևից, ուր էլ գնաս»՝ դժվարին թե դյուրին տեղ: Իսկ Ամենագետը չար բնավորության կեղծավորությունը խայտառակեց. ոչ թե հետ դարձրեց [օրենսգետին], այլ, հանդիմանելով երկու ախտերն էլ, պատշաճ պատասխան տվեց:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

19-20․ Եւ մի օրէնսգէտ, մօտենալով, ասաց նրան. «Վարդապե՛տ, ես էլ քո յետեւից կը գամ, ուր էլ որ գնաս»: Յիսուս նրան ասաց. «Աղուէսները որջ ունեն, եւ երկնքի թռչունները՝ բոյն. բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի»:
   
    «Եվ մի դպիր մոտենալով ասաց նրան. «Վարդապե՛տ, ես էլ քո ետևից կգամ, ուր էլ որ գնաս»: Հիսուս նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բույներ, բայց Մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի»:
    «Աղվես» է կոչում մարդկանց մեջ նենգավորներին, ինչպես և Հերովդեսի վերաբերյալ ասաց. «Գնացե՛ք, ասացե՛ք այն աղվեսին» (Ղուկ. 13։32): Իսկ թռչուններ անվանեց ինքնահավաններին՝ բանսարկուին նմանվողներին կամ նրա իսկ՝ բանսարկուի զորություններին, ինչպես և գրված է սերմնացանի առակում. «Եվ սերմի մի մասն ընկավ ճանապարհի եզրին, և երկնքի թռչունները գալով այն կերան» (Ղուկ. 8։5): Եվ քանի որ տեսավ դպիրի հոգին, որ նենգությամբ էր խոսում Իր հետ, աղվես անվանեց նրան՝ անարժան համարելով աշակերտելու Իրեն: Նրան անվանեց նաև ինքնահավան թռչուն և բանսարկու վհուկ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

19-22. Եւ մի օրէնսգէտ, մօտենալով, ասաց նրան. «Վարդապե՛տ, ես էլ քո յետեւից կը գամ, ուր էլ որ գնաս»: Յիսուս նրան ասաց. «Աղուէսները որջ ունեն, եւ երկնքի թռչունները՝ բոյն. բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի»: Եւ իր աշակերտներից մէկն ասաց. «Տէ՛ր, ինձ թո՛յլ տուր, որ գնամ նախ իմ հօրը թաղեմ»: Յիսուս նրան ասաց. «Դու իմ յետեւի՛ց արի եւ թո՛յլ տուր, որ մեռեալնե՛րը թաղեն իրենց մեռելներին»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:1