Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ Հիսուս նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բներ, բայց Մարդու Որդին Իր գլուխը դնելու տեղ չունի»»։
«Այդ ի՞նչ է, - ասում է Հիսուս այդ մարդին, - դու հույս ունե՞ս, որ Իմ հետևից գնալով՝ փո՞ղ կհավաքես: Չե՞ս տեսնում, որ Ես նույնիսկ այնպիսի բնակարան չունեմ, ինչպիսին ունեն թռչունները»…: «Աղվեսները, - ասում է Քրիստոս, - որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բներ, բայց Մարդու Որդին Իր գլուխը դնելու տեղ չունի»:
Այնուամենայնիվ, Հիսուս սա ասաց ոչ թե այս մարդին Իրենից հեռացնելու համար, այլ նրա վատ մտադրությունը մերկացնելու և նրան հնարավորություն տալու համար Իր հետևից գնալ ճշմարիտ հույսով, եթե, իհարկե, նա ցանկանա դա անել: Իսկ որպեսզի դու ճանաչես այս մարդու խորամանկությունը, նայի՛ր, թե նա ինչ է անում: Լսելով Քրիստոսի խոսքերը և մերկացվելով՝ նա չի ասում. «Պատրաստ եմ հետևելու Քեզ»:
Քրիստոս հաճախ նման կերպ վարվում էր նաև այլ դեպքերում: Թեև Նա բացահայտորեն չէր ամբաստանում Իրեն մոտեցած անբարեմիտ մարդուն, բայց Իր պատասխանով ցույց էր տալիս այդպիսի մեկի չար մտադրությունը: Ճիշտ այդպես վարվեց Հիսուս նաև մեկ ուրիշ դրվագում` պատասխանելով նրան, ով դիմել էր Իրեն «Բարի Վարդապետ» (Մատթ. 19:16) խոսքով և կարծում էր, թե իր այդ հաճոյախոսությամբ կարող էր Հիսուսի բարեհաճությանն արժանանալ: Այդժամ արդեն Քրիստոս, նկատի ունենալով այս մարդու մտադրությունը, նրան պատասխանեց. «Ինչո՞ւ ես Ինձ բարի անվանում: Ոչ ոք բարի չէ, բացի միայն Աստծուց» (հմմտ. Մատթ. 19:17):
Եվ երբ Փրկչին ասացին` «Ահա՛ Քո մայրը և Քո եղբայրները փնտրում են Քեզ» (հմմտ. Մատթ. 12:47), այդժամ Քրիստոս (քանի որ վերջիններս դեռևս մարդկային մտածումներ ունեին իրենց մեջ և ցանկանում էին ոչ թե օգտակար խոսքեր լսել, այլ ցույց տալ, որ իրենք մտերիմ են Հիսուսին, և այդպիսով փառավորվել) լսի՛ր, թե ինչ է ասում. «Ո՞վ է Իմ մայրը, կամ ովքե՞ր են Իմ եղբայրները» (Մատթ. 12:48):
Եվ, դարձյալ, դիմելով Իր եղբայրներին (որոնք Իրեն ասում էին` «հայտնի՛ր Քեզ աշխարհին» (Հովհ. 7:4), և այդպիսով ցանկանում էին ունայն փառք ձեռք բերել իրենց համար), Քրիստոս ասում է. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է» (Հովհ. 7:6): Նույնը Հիսուս անում է նաև հակառակ տեսանկյունից: Այսպես, Նաթանայելի մասին ասում է. «Ահա՛ իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա» (Հովհ. 1:47): Եվ դարձյալ. «Գնացեք պատմեցե՛ք Հովհաննեսին, ինչ որ դուք լսեցիք և տեսաք» (Մատթ. 11:4):
Այստեղ նույնպես Հիսուս պատասխանում է ոչ թե խոսքերին, այլ Իր մոտ եկածի մտադրությանը: Նման կերպ Նա խոսում է նաև ժողովրդի հետ՝ համապատասխան նրանց ներքին տրամադրվածությանը. «Ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք անապատ» (Ղուկ. 7:24): Քանի որ ժողովուրդը, հավանաբար, Հովհաննեսի մասին մտածում էր որպես պարզ և սովորական մի մարդու մասին, ուստի, շտկելով նրանց այդպիսի կարծիքը, Հիսուս ասում է. «Ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք անապատ. քամուց շարժվող մի եղե՞գ…թե՞ փափուկ զգեստներով զարդարված մի մարդ» (հմմտ. Ղուկ. 7:24–25): Այդպիսով Քրիստոս ցույց է տալիս, որ Հովհաննես Մկրտիչը և՛ ինքն իր ներքին բնույթով է ամուր, և՛ անձնատուր չի լինի որևէ արտաքին հաճույքի: Հենց այդպես էլ Քրիստոս նաև այստեղ է պատասխան տալիս՝ խոսողի մտքին համապատասխանաբար: Նկատի՛ր, թե Հիսուս ինչպիսի մեղմություն է ցուցաբերում նաև այս պարագայում: Նա չի ասում՝ «թեև Ես ունեմ….բայց արհամարհում եմ այդ ամենը», այլ ասում է՝ «չունեմ…»: Տեսնո՞ւմ ես, թե որքան մեծ խոհեմություն և միաժամանակ հանդուրժողականություն է ցուցաբերում Փրկիչը:
Եթե Քրիստոս երբևէ կերավ, խմեց կամ երբ թվաց, թե անում է ինչ-որ մի բան, որը չէր «համաձայնում» Հովհաննեսի գործելակերպին, ապա Նա դա արեց հրեաների փրկության համար, կամ ավելի ճիշտ՝ ամբողջ տիեզերքի´ փրկության համար` միաժամանակ նաև փակելով հերետիկոսների բերանները, և ա´յն պատճառով, քանի որ Հիսուս մեծապես ցանկանում էր դեպի Իրեն գրավել այդ ժամանակ Իր շուրջը գտնվողներին:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Յիսուս նրան ասաց. «Աղուէսները որջ ունեն, եւ երկնքի թռչունները՝ բոյն. բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի»:
Հիսուսն ասաց նրան. «Աղվեսները որջ ունեն, և երկնքի թռչունները՝ բույն, բայց Մարդու Որդին տեղ չունի, ուր գլուխը դնի»:
Այսինքն՝ եթե հպարտ բնավորությամբ ոգևորված՝ դեպի փառք ես շտապում, այս կյանքում մենք անգամ անասունների չափ պատիվ չունենք, իսկ եթե ախտդ կամենում ես ինչքով հագեցնել, թռչուններից էլ աղքատ ենք շրջում աշխարհում: Նաև՝ քո մեջ նենգավոր խորհուրդներ կան և հպարտության ախտն է բնակվում, իսկ Իմ աստվածությունը, որն [այստեղ] խորհրդանշվում է «գլուխ» [բառով], հանգստի տեղ բնավ չունի քո մեջ, այլ «հեզերի, խոնարհների և նրանց մեջ, ովքեր դողում են Իմ խոսքերից» (Ես. 66։2):
Ստեփանոս Սյունեցի (†735)
Հիսուս նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բույներ, բայց Մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:19
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Յիսուս նրան ասաց. «Աղուէսները որջ ունեն, եւ երկնքի թռչունները՝ բոյն. բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:19

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: