Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 9:3

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Այն ժամանակ դպիրներից ոմանք իրենց մտքում ասացին. «Սա հայհոյում է»»։
   
    Դպիրները, չարությամբ լցված և մտարված Հիսուսին մեղադրել հայհոյախոսության մեջ, իրականում, սակայն, իրենց կամքին հակառակ նպաստեցին կատարված հրաշքի փառաբանմանը: Փրկիչն Իր խորաթափանցությամբ օգտվեց նրանց զրպարտությունից՝ հրաշք ցույց տալու համար: Երբ նրանք վրդովվում էին և ասում. «Սա հայհոյում է․․․ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ՝ միայն Աստված» (Մարկ. 2:7), այդժամ Տերն ի՞նչ պատասխանեց նրանց: Հերքե՞ց նրանց կարծիքը: Եթե Նա հավասար չլիներ Հորը, ապա Նա «կարիք» կունենար ասելու. «Ինչո՞ւ եք Իմ մասին սխալ կարծիք կազմում: Ես այդպիսի զորություն չունեմ»: Բայց Հիսուս նմանօրինակ ոչինչ չի ասում, այլ հաստատում և ապացուցում է բոլորովին հակառակը՝ և՛ Իր խոսքերով, և՛ կատարած հրաշքով: Սակայն քանի որ Իր մասին սեփական վկայությունը կարող էր տհաճ թվալ ունկնդիրներին, ուստի Քրիստոս ուրիշների՛ միջոցով է ցույց տալիս, թե Ով է Ինքը, և, զարմանալի է, որ դա անում է ոչ միայն Իր բարեկամների, այլև թշնամիների՛ միջոցով, որով և բացահայտվում է Նրա գերագույն իմաստությունը: Իր բարեկամների միջոցով Տերը դա ցույց տվեց այն ժամանակ, երբ բորոտին ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր» (Մատթ. 8:3)։ Եվ հարյուրապետին էլ ասաց. «Իսրայելում անգամ այսպիսի հավատ երբեք չգտա» (Մատթ. 8:10)։ Իսկ ահա թշնամիների միջոցով՝ ճիշտ ա՛յս դեպքում։

    «Այն ժամանակ դպիրներից ոմանք իրենց մտքում ասացին. «Սա հայհոյում է»»։ Նրանք այդ խոսքը չարտահայտեցին, լեզվով չասացին, այլ գաղտնի մտածեցին իրենց մտքում: Իսկ ի՞նչ արեց Քրիստոս: Նա բացահայտեց հրեա այդ դպիրների գաղտնի մտքերը՝ ցանկանալով ցույց տալ նրանց Իր Աստվածության զորությունը՝ նախքան անդամալույծի մարմնի բժշկության միջոցով վկայաբերված ապացույցը: Իսկ այն, որ միայն Աստծուն և Նրա Աստվածությանն է բնորոշ սրտի ծածուկ խորհուրդները բացահայտելը, այդ մասին Սուրբ Գիրքն ասում է. «Միայն Դու ես ճանաչում բոլոր մարդկանց որդիների սիրտը» (հմմտ․ Գ Թագ. 8:39):
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ ահա օրէնսգէտներից ոմանք իրենց մտքում ասացին՝ դա հայհոյում է:
   
    Եվ ահա օրենսգետներից ոմանք մտքում ասացին. «Հայհոյո՛ւմ է Դա»:

    Ո՛չ ամենքը, այլ ովքեր նախանձով վառված խռովվում էին, բայց բազմաթիվ հրաշքներից վախեցած՝ ո՛չ բացահայտորեն, այլ մտքում էին տրտնջում՝ [Հիսուսի] խոսքը հայհոյություն կոչելով. ասում էին. «Աստծուց բացի, Ո՞վ կարող է մեղքեր ներել». որովհետև լսողները կարծում էին, թե [Հիսուսն] Իր անձն է պատվում: Ուստի [Հիսուսն] այս կարծիքը չի ցրում, այլ իմաստությամբ հաստատում է, թե այն պատճառով է ներում, որ Աստված է:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ ահա օրէնսգէտներից ոմանք իրենց մտքում ասացին՝ դա հայհոյում է:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:2