Սրբ. Եփրեմ Ասորի
4-6․ Կենսատու արիւն պարունակող միս չուտէք, քանզի ես էլ ձեր կենսատու արիւնը կը պահանջեմ, բոլոր գազանների, ինչպէս նաեւ մարդու միջոցով կը պահանջեմ այն: Մարդու միջոցով պիտի պահանջեմ իր եղբօր հոգին: Ով թափի մարդու արիւնը, նրա արեան փոխարէն թող թափուի իր արիւնը, որովհետեւ Աստծու պատկերով եմ ստեղծել ես մարդուն:
Նոյի հետ երեք ուխտ էր հաստատել. առաջին՝ կենդանիների արյունախառն շնչահեղձ միսը չուտեն, երկրորդ՝ կենսատու արյուն պարունակող միս չուտեն (Ծննդ. 9:4), քանի որ նրանց արյունը պահանջվելու է բոլոր գազաններից, և երրորդ՝ եթե սպանեն, ապա իրենք էլ կսպանվեն, քանի որ «Ով թափի արյուն, - ասում է, - նրա արյան փոխարեն թող թափվի իր արյունը» (Ծննդ. 9:6), քանի որ Ադամն արարված է Աստծո պատկերով, այսինքն՝ արդար դատավորի նմանությամբ է արարված, որ պահանջի այն: «Ձեր անձերից, - ասում է, - արյունը կպահանջեմ» (Ծննդ. 9:5): Երկուսը մեկ տեղում կապեց, «մարդկանցից - ասում է, - և գազաններից՝ վախճանին» (Ծննդ. 9:5), որպեսզի ահ տա սպանողներին: Քանի որ եթե գազաններից էլ է վրեժ պահանջում, ապա որչա՞փ առավել նրանցից կպահանջի գազանների արյունը, եթե այն չի հեղվում իր արյան փոխարեն, ո՛չ անասունների արյունը հեղիր և ո՛չ էլ մարդկանց արյունը: Եթե մեկը մենք ենք հեղում, ապա մենք ենք դատապարտվում, իսկ մյուսը երբ մենք հեղում ենք, ապա արդարանում ենք: Փոխանակ այն հատվածի, որ ասում է. «Ձեր արյունը բոլոր գազանների միջոցով պահանջելու եմ» (Ծննդ. 9:5), հրեան ասում է. «Բոլոր գազանների ձեռքից»: Եվ քանի որ ասում է. «Մարդկանց արյան վրեժը պահանջելու եմ բոլոր մարդկանցից, նաև գազաններից եմ պահանջելու» (Ծննդ. 9:5), - ասում է: Իսկ եթե ծառային ցուլը հարվածի, ապա նրա տերը պիտի երեսուն սատեր վճարի, և ցուլն էլ պիտի քարկոծվի» (տե՛ս Ելք 21:32), մեր Տիրոջ և Հուդայի խորհուրդն է:
Ա. Լոպուխին
Կենսատու արյուն պարունակող միս չուտեք: (Սինոդական թարգ․) [4]
Կենսատու արյուն պարունակող միս չուտեք: Տալով սննդի մասին նոր օրենք` Աստված մտցնում է էական սահմանափակում` արգելելով կերակրի մեջ օգտագործել կենդանիների արյունը: Այս արգելքի պատճառը մատնանշում է այն մտայնությունը, ըստ որի` կենդանու արյունն ասես նույնացվում է նրա հոգու հետ: Նմանօրինակ գաղափար հանդիպում է նաև Սուրբ Գրքի շատ այլ տեղերում (Ղևտ.17:11, 4, 2Օր.12:16): Հետաքրքրական է, որ բացի Սուրբ Գրքից այս պատկերացումն առկա է նաև անցյալի շատ գրողների գործերում և գերազանցապես դասականների մոտ (Վերգիլիոս, Էմպեդոկլես, Պյութագորաս և այլք): Այսպիսով, ըստ հնադարի ժողովրդական համընդհանուր հոգեբանության` կենդանական աշխարհի հիմնական սկզբունքը, որ հոգի անունն է կրում, թաքնված է կենդանիների արյան մեջ: Կանգ առնելով պարզունակ հոգեբանության այս տեսակետի վրա և կամենալով դրա հիմքի վրա մարդուն ներշնչել ավելի մեծ հարգանք ցանկացած ուրիշ կյանքի հանդեպ (այդ թվում` և կենդանիների), Աստված արգելում է արյան օգտագործումը սննդի մեջ: Նոյին տրված այս առաջին պատվիրանը, հետագայում` Մովսեսի օրոք, ունենում է առավել հանգամանալից շարադրանք ու առավել լայն փաստարկումներ` ֆիզիկական, բարոյական և բարենորոգչական առումներով (Ղևտ. 17: 11, Եբր. 10:4, Ին. 1:17):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Կենսատու արիւն պարունակող միս չուտէք,
(Արարատ թարգ․) Միայն միսը, որն իր մեջ կենդանություն ունի, այսինքն միսն իր արյունով չուտեք:
(Գրաբար) Բայց զմիս արեամբ շնչոյ մի՛ ուտիցէք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: