Ա․ Լոպուխին
«Եվ ամեն մեկն այն ուղղությամբ էր գնում, որն իր երեսի առաջ էր. ուր հոգին ուզում էր գնալ, նրանք գնում էին այնտեղ. երբ գնում էին, չէին շրջվում»։(Սինոդական թարգ․)[12]
12-րդ համարի առաջին և երրորդ նախադասությունները բառացիորեն նույնական են 9-րդ համարի հետ։ Նմանատիպ բառացի կրկնությունները համապատասխանում են Եզեկիել մարգարեի ոգուն, քանի որ մարգարեն դրանք օգտագործում է որպես ընթերցողի ուշադրությունն այս կամ այն մտքի վրա սևեռելու միջոց։ Այսպիսով, մարգարեն շատ կարևոր է համարել այն իրողությունը, որ քերովբեները քայլելիս հետ չեն շրջվել․ այդ հանգամանքը շատ է հուզել մարգարեին։ Սակայբ 9-րդ համարի հետ նույնական արտահայտությունների կողքին 12-րդ համարում 9-րդ համարի հետ համեմատությամբ կան նաև մի շարք էական տարբերություններ. 9-րդ համարում այն նկատառմանը, որ յուրաքանչյուր «կենդանի» քայլել է անմիջապես իր դեմքի ուղղությամբ, նախորդում է ա՛յն նկատառումը, որ ընթացքի ժամանակ այդ կենդանիները չեն շրջվել, միչդեռ այստեղ՝ 12-րդ համարում, այս երկու նկատառումները շարադրված են հակառակ հերթականությամբ։ 9-րդ համարում ասվում էր՝ «երբ գնում էին, չէին շրջվում, այլ ամեն մեկն իր դեմքի ուղղությամբ էր գնում», իսկ 12-րդ համարում ասվում է՝ «Եվ ամեն մեկն այն ուղղությամբ էր գնում, որն իր երեսի առաջ էր․․․ երբ գնում էին, չէին շրջվում»։ 9-րդ համարում գլխավոր գաղափարն այն էր, որ կենդանիները երբեք չեն շրջվել, քանի որ միայն այդպիսով էր հնարավոր նրանց թևերի միջև մշտական և մշտապես նույնանման շփումը, մի բան, որը հենց 9-րդ համարի թեման է: 12-րդ համարում այս միտքը երկրորդական բնույթ ունի, իսկ գլխավորն այն է, որ կենդանիները կարող էին գնալ իրենց յուրաքանչյուր դեմքի ուղղությամբ, այսինքն՝ բոլոր ուղղություններով։ Դա այստեղ հիմնական գաղափարն է ա՛յն պատճառով, քանի որ մարգարեն այս համարում արդեն ցանկանում է մատնանշել, թե ինչն էր նման նույնօրինակության և աշխարհի բոլոր կողմերի հանդեպ քերովբեների ունեցած հավասար հասանելիության պայմաններում ինչն էր որոշում նրանց շարժումը այս մի, և ոչ թե մեկ այլ ուղղությամբ: «Ուր հոգին գնում էր, նրանք այնտեղ էին գնում»․ ահա այսպես է մարգարեն եբրայեցերեն բառացիորեն պատասխանում այս հարցին։ Այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ «այս չորս էակներին ուղղված այդ առանձնահատուկ հրամանը, որով պայմանավորված՝ նրանք իրենց շարժումն ուղղում էին այս կամ այն ուղղությամբ, նույնքան սակավ անհրաժեշտություն ուներ, որքան Եսայու մարգարեության 6-րդ գլխում սերովբեներից մեկին ուղղված այն աչքի ընկնող հրամանը, որով սերովբեին պատվիրվում էր զոհասեղանից տաք ածուխ վերցնել։ Քերովբեների այդ ամբողջ կառքը ներծծված էր մեկ ոգով և մեկ կամքով, որն այդ էակներին էր փոխանցվում առանց խոսքի միջնորդությանը դիմելու» (Կրեչմար): Ո՞րն էր, սակայն, այդ «ոգին», որը «որոշում» էր Աստվածային կառքի շարժման ուղղությունը: Այն, որ «ռուախ» («ոգի») բառը, որը եբրայեցերեն լեզվում ունի ամենատարբեր իմաստները, այստեղ կիրառվում է առանց որևէ հավելյալ բացատրության, ինչպես նաև նախադասության մեջ այս «ռուախ» արտահայտությանը նախորդող բառը որևէ կասկած չեն թողնում, որ «ռուախ» բառն այստեղ կիրառվում է «քամի» նշանակությամբ։ Այն, որ քերովբեների և, առհասարակ, ամբողջ Աստվածային կառքի շարժումը պայմանավորվում էր քամու շարժումով, բացարձակապես նվաստացուցիչ չէր ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի համար, քանի որ այդ քամին սովորական քամի չէր: Ինչպես որ այդ քամուն առընթեր ընթացող ամպը մարգարեի աչքերի առջև էր ներկայանում ոչ երկրային էակների կերպարանքներով, այդպես էլ այս քամին, որն ընթանում էր Տիրոջ առջևից, այսպես ասած, պիտի արժանի և ընդունակ լիներ իր այդ «առաքելությանը»։ Այն պետք է իր մեջ բովանդակեր առնվազն ամպի մեջ եղածի նման մի բան, եթե ոչ՝ ավելի բարձր և գերազանց մի զորություն։ Ներկայիս տեսիլքի բաղկացուցիչ բոլոր մասերում և գործողություններում, նույնիսկ այնպիսի աննշան դետալներում, ինչպիսիք էին անիվները, կար կյանք, միտք և գիտակցություն: Բայց այն դեպքում, երբ մարգարեն խոսում է այսպես կոչված ամպի «ներքին բովանդակության» մասին, նա, սակայն, որևէ բան չի ասում այդ ամպի առջևից ընթացող, «փոթորկվող» քամու նույնօրինակ բովանդակության մասին։ Մարգարեի հոգևոր տեսողությունն անկարող եղավ ներթափանցելու այդ արտասովոր քամու ներքին բովանդակության մեջ այնպես, ինչպես այդ հայացքը թափանցել էր ամպի բովանդակության մեջ: Ակնհայտ է, որ այս քամու մեջ ուրիշ ոչ ոք չկար, քան միայն Աստծո Հոգին («Ռուախ Էլոհիմ»), որը Եզեկիելի գրքում, ինչպես որ հաճախ նաև առհասարակ է պատահում, ներկայացվում է որպես քամու միջոցով գործող Անձ (Եզեկ. 2:2, 3:14, 8:3, 11:24, Գ Թագ․ 18:12, Դ Թագ․ 2:16, Հոբ 37։1, Եզեկ․ 37։9, Հովհ․ 3:8, 20:25, Գործք․ 2։2)։ Այս իրադարձություններից հատկապես ուշագրավ է Աստծո Հոգու հայտնությունը հետևյալ քամիների միջոցով՝ Եզեկիելի տեսիլքում չոր ոսկորների կենդանացման դրվագում և առաքյալների վրա հորդառատ էջքի ժամանակ։ Ահա թե որքան շատ բան գիտեր Հին Կտակարանը Սուրբ Հոգու մասին:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Եւ իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում. դէպի ո՛ր կողմը որ հողմը փչում էր՝ նրանք այն կողմն էին գնում եւ ընթանալիս յետ շուռ չէին գալիս:
(Արարատ թարգ․) Եվ ամեն մեկն ուղիղ իր դիմացն էր գնում, ուր հոգին գնալու լիներ, նրանք գնում էին. երբ գնում էին, չէին դառնում։
(Գրաբար) Եւ իւրաքանչիւր հանդէպ երեսաց իւրեանց գնային. յոր կողմն դիմէր հողմնն՝ գնային, և յետս ընդդէմ ո՛չ դառնային ‘ի գնացս իւրեանց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: