Ա. Լոպուխին
1-2․ «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [1] «Մարդո՛ւ որդի, Երուսաղեմին հայտարարի՛ր նրա պղծությունները»։ (Սինոդական թարգ․)
Երուսաղեմը՝ անառակացող։ Ցույց տալով Երուսաղեմի և Հուդայի թագավորության անկման «անհրաժեշտությունը», որը բխում էր նրանց ներկայիս բարոյական վիճակից (14:12-27) և հրեա ժողովրդի ի բնե ստորությունից (15-րդ գլուխ)՝ մարգարեն այժմ հանդես է գալիս ժողովրդի ողջ պատմության վերաբերյալ մի ընդարձակ ակնարկով՝ այդպիսով նպատակ ունենալով ցույց տալ, որ թագավորության կործանումով իրենց անխուսափելի ավարտն են գտնում միայն հրեաներին բնորոշ ամբարշտության երկարընթաց, պատմական շղթան և հատկապես Իսրայելի կռապաշտությունը: Դեպի իր հարազատ ժողովրդի անցյալն ուղղված մարգարեի հայացքը չափազանց մռայլ է: Օգտագործելով Հին Կտակարանում սիրելի և ընդունելի՝ ամուսնության վերաբերյալ պատկերը՝ Իսրայելի և Յահվեի միջև Ուխտով հաստատված հարաբերությունները ցույց տալու համար՝ մյուս մարգարեների նման Եզեկիելը նույնպես Ուխտի հանդեպ Իսրայելի անհավատարմությունը ներկայացնում է որպես պոռնկության դրսևորում այնպես, որ այս ամբողջ մեծ գլուխը կարծես թե հանդիսանում է մի անվերջանալի հետադարձ հայացք դեպի Եսայու մարգարեության 1։21-րդ համարը․ «Ինչպե՜ս պոռնիկ դարձավ հավատարիմ քաղաքը»։ Սակայն, համաձայն Եսայու տեսակետի, նախքան պոռնիկ դառնալը Երուսաղեմը հավատարիմ էր, լեցուն արդարությամբ․ այն Աստծո լեռն էր, արդարադատության քաղաքը (1:26, 27)։ Այդ նույն կերպ էլ Ամոս մարգարեի համար հրեաների՝ անապատում թափառելն իդեալական ժամանակն էր նրանց պոռնկության համար (5:25)։ Օսեէն Իսրայելի «մեղքի շրջանը» սկսված է համարում է Բաբելոնի իշխանությանը ենթակա դառնալու ժամանակաշրջանից (9:10), իսկ ահա Երեմիան նույնիսկ «հիշում» է այնպիսի ժամանակներ, երբ հրեա ժողովուրդը Յահվեի նկատմամբ ջերմ սիրով լցված մի հարսնացու էր (2:2-րդ համարը և շարունակությունը): Սակայն Եզեկիելը, ընդհակառակը, Երուսաղեմի մեղքը տանում-հասցնում է մինչև սկզբնաղբյուրներ. դեռևս Երուսաղեմի ծագումն էլ բնույթով հեթանոսական էր. կռապաշտությունը սկսվել է արդեն «օրորոցից»՝ եգիպտական ստրկությունից: Մարգարեի այս ամբողջ պատմական ակնարկը գրված է ժողովրդի սարսափելի մեղքերի թողած ճնշող տպավորության ներքո, մեղքե՛ր, որոնք անընդհատ թարմանում էիր և սերնդեսերունդ փոխանցվում էին մեկը մյուսին։ Ժողովրդի ողջ անցած կյանքը կռապաշտությունից դեպի կռապաշտություն ընթացող մի շրջապտույտ էր, որն իր ավարտին պիտի հասներ Երուսաղեմի կործանումով։ Երբ Հուդայի թագավորության հետ երկրի երեսից վերացավ նաև հին Իսրայելի վերջին մնացորդը, այդժամ պարզ դարձավ, թե ինչպիսի՛ն է եղել այդ ժողովրդի անցյալը, որը հանգեցրել է նմանօրինակ վախճանի (Երուսաղեմն այստեղ նույնացվում է ամբողջ Իսրայելի հետ): Իսրայելի ունեցած անցյալի նույնատիպ, համատարած դատապարտումը Եզեկիելի կողմից տեղի է ունենում 20-րդ և 23-րդ գլուխներում, որոնք շատ նման են ներկայիս գլխին։ Իսրայելի անցյալն ու ներկան այսպիսի մռայլ կերպով պատկերելով սակայն՝ մարգարեն ավելի հուսադրող պատկեր է ներկայացնում ապագայի վերաբերությամբ (53-րդ համարից սկսած)՝ գլխի վերջնահատվածում, սովորության համաձայն, անցում կատարելով վախճանաբանությանը (որը, հավանաբար, կարող է մատնացույց անել այն իրողությունը, այս խոսքն իր վերջնական տեսքին է բերվել Երուսաղեմի անկումից հետո․․․)։ Առավել մասնավոր ձևով դիտարկելով՝ կարող ենք մարգարեական այս խոսքը բնականորեն բաժանել հետևյալ 5 հատվածների․ Աստծո տված բարիքները (2-14-րդ համարներ), որոնք հակադրվում են ժողովրդի գործած մեղքերին (15-34-րդ համարներ), ինչն էլ հանգեցնում է ծանրագույն պատժի (35-43-րդ համարներ)։ Ժողովրդին պետք է ուղղորդել խորագույն զղջման (44-58-րդ համարներ), որպեսզի հնարավոր լինի հույս ունենալ ավելի լավ ժամանակների (59-63-րդ համարներ):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: