Ա. Լոպուխին
«Եվ երբ մայր առյուծը սպասելով՝ տեսավ, որ իր հույսը զուր է, այն ժամանակ իր կորյուններից մեկ ուրիշին վերցրեց և երիտասարդ առյուծ կարգեց նրան»։ [5] (Սինոդական թարգ․)
«Տեսավ, որ իր հույսը զուր է» - այստեղ խոսքն այն հույսի մասին է, որը մարդիկ Հուդայում փայփայում էին Հովաքազի՝ Եգիպտոսի գերությունից վերադառնալու կապակցությամբ։
«Իր կորյուններից մեկ ուրիշին» - ըստ մեկնաբաններից ոմանց տեսակետի՝ այս երկրորդ կորյունին մատնացույց անելով՝ մարգարեն նկատի ուներ Հեքոնիային, ոմանց կարծիքով էլ՝ այստեղ խոսքը Սեդեկիայի մասին էր։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը գերության են տարվել Բաբելոն (9-րդ համար), հետևաբար այստեղ կարելի է հասկանալ թե՛ մեկին, թե՛ մյուսին։ Այստեղ չի կարող խոսք լինել Հովակիմի մասին, քանի որ նա մահացել էր Հրեաստանում: Այս երկու թագավորներից՝ Հեքոնիայից և Սեդեկիայից, ամենայն հավանականությամբ, մարգարեն այստեղ կարող էր նկատի ունենալ Հեքոնիային, քանի որ ինքը՝ Եզեկիելը նրա հետ գերության մեջ էր և մեծ հույսեր էր կապում Հեքոնիայի սերնդի հետ (Եզեկ․ 17:22-24)։ 17-րդ գլխի համաձայն՝ Հեքոնիան իսկապես որ իսրայելական վերջին թագավորն էր, մինչդեռ Սեդեկիան միայն Բաբելոնի վասալն էր։ Մյուս կողմից էլ, եթե «առյուծ» ասելով ի նկատի ենք ունենում Հովաքազի մորը՝ Համուտալին, ապա այս պարագայում «երկրորդ կորյուն» ասելով էլ մենք կարող ենք նկատի ունենալ միայն Համուտալի մյուս որդուն՝ Սեդեկիային. 9-րդ համարի նկարագրությունը նույնպես ավելի շատ վերաբերում է հենց Սեդեկիային: Արդյո՞ք «երկրորդ կորյուն» ասելով մարգարեն նկատի ուներ Սեդեկիային կամ Հեքոնիային․ այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Հովակիմն անտեսվում։ Մարգարեն մտադիր չէր ամբողջական պատմական ուրվագիծ ներկայացնելու, այլ ցանկանում էր մատնանշել Սեդեկիային՝ նրա նախորդներից նախազգուշացնող օրինակներ բերելով: Հազիվ թե մարգարեն կարողանար առաջին կորյունի կերպարի ներքո միավորել Հոսիայի (մահացել է Մեգիդոյի ճակատամարտում) և Հովաքազի (երկուսն էլ տառապանքներ են կրել փարավոնի ձեռքով) ճակատագրերը, իսկ երկրորդ կորյունի կերպարի ներքո էլ՝ Հովակիմի և Հեքոնիայի ճակատագրերը (այս վերջին երկուսը տուժել են Նաբուգոդոնոսորի պատճառով, Սմենդ)։ 3b հատվածը մեզ չի ուղղորդում դեպի Հոսիան։
«Եվ երիտասարդ առյուծ կարգեց նրան» - այսինքն՝ թագավոր հռչակեց։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Մայր առիւծը տեսաւ, որ կորիւնը բաժանուեց իրենից, յոյսը կտրեց եւ իր կորիւններից մի ուրիշ կորիւն առիւծ դարձրեց:
(Արարատ թարգ․) Երբ մայր առյուծը տեսավ, որ թուլացել է, անհույս էր սպասումը, այն ժամանակ իր կորյուններից մեկին առավ, առույգ առյուծ կարգեց նրան։
(Գրաբար) Եւ ետես զի անջատեցաւ ‘ի նմանէ, և կորեա՛ւ յոյս նորա. և նա ի՛ւս ևս ա՛յլ կորիւն ‘ի կորեանց իւրոց առիւծացոյց.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: