Ա. Լոպուխին
34-35. «Եվ ձեզ պիտի տանեմ ժողովուրդների անապատը և այնտեղ պիտի դատ անեմ ձեզ հետ երես առ երես»։ [35] «Ինչպես որ Ես դատ արեցի ձեր հայրերի հետ՝ Եգիպտոսի երկրի անապատում, նույնպես և դատ պիտի անեմ ձեզ հետ,- ասում է Տեր Աստված»։ (Սինոդական թարգ․)
«Եվ ձեզ պիտի տանեմ ժողովուրդների անապատը» - այսինքն՝ սիրիական անապատը, որը նույնպես գտնվում էր Պաղեստինի և Բաբելոնի միջև, ինչպես որ Իսրայելի 40-ամյա դեգերումների «օրրան» անապատն էլ գտնվում էր Պաղեստինի և Եգիպտոսի միջև։ Այստեղ անապատը կոչվում է «ժողովուրդների անապատ», քանի որ այն սահմանակից է շատ ժողովուրդների և պատկանում է նրանց՝ այն նույն տրամաբանությամբ, համաձայն որի՝ արաբական անապատը գտնվում է Եգիպտոսում և, հետևաբար, պատկանում է միայն այդ երկրին ու կոչվում է «Եգիպտոսի երկրի անապատ» (36-րդ համարում): Իսրայելի համար պահանջվում էր մի նոր (նույնիսկ ավելի նշանակալի) սրբագործում, և դա դարձյալ տեղի պիտի ունենար անապատում, ինչը մատնանշում էր նաև Օսէէն 2։14-րդ համարում: «Վերջին ժամանակների իրողություններն իրենցից ներկայացնում են առաջին ժամանակներում տեղի ունեցած իրողությունների պատկերները» (Կրեչմար):
«Դատ պիտի անեմ» - նույնն է թե՝ «Ես ձեզ կմեղադրեմ մեղքերի մեջ ու կպատժեմ այդ մեղքերի համար»։
«Երես առ երես» - նույնպիսի անմիջական կերպով, ինչպես որ Սինայում էր (տե՛ս հաջորդող համարը)։ Մարգարեն ակնարկում է հրեաների՝ բաբելոնյան գերությունից ազատագրության երկարատև ու դժվարին գործընթացը։
--------------------------------
[35](Էջմիածին թարգ․) Բերելու եմ ձեզ ազգերի անապատը, դատի եմ նստելու ձեզ հետ երես առ երես,
(Արարատ թարգ․) Եվ ձեզ ժողովուրդների անապատը պիտի տանեմ և այնտեղ երես առ երես դատ անեմ ձեզ հետ։
(Գրաբար) և ածից զձեզ յանապատ ազգացն. և դատեցից ընդ զձեզ անդ դէմ յանդիման:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: