Ա. Լոպուխին
«Եվ ասա՛ Իսրայելի երկրին. «Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա, Ես քեզ դեմ եմ և պիտի հանեմ Իմ սուրը իր պատյանից ու քո միջից պիտի վերացնեմ արդարին և ամբարշտին»։ [3] (Սինոդական թարգ․)
Մարգարեն այրվող անտառի այլաբանությունը բացատրում է դարձյալ այլաբանության միջոցով՝ կիրառելով Աստծո սրի վերաբերյալ այլաբանությունը: Սակայն այս երկրորդ այլաբանությունն ինքն իրենով հասկանալի է, քանի որ Աստծո գալիք դատաստանը հենց սրի միջոցով գործադրվող դատաստան է լինելու, որը պիտի իրականանա Նաբուգոդոնոսորի միջնորդությամբ։ Այն, որ այս Նաբուգոդոնոսորը, իսկ ավելի ճիշտ՝ Հուդայի դեմ նրա սանձազերծած պատերազմն է նկատի առնվում «Աստծո սուր» արտահայտության ներքո, միանգամայն պարզ է դառնում 19-րդ և 30-րդ համարներից։
«Արդարին և ամբարշտին» - այն, որ Աստծո ուղարկած պատուհասները տարբերություն չեն դնում արդարների և ամբարիշտների միջև, դա նախախնամության խորհուրդն է, մի հանգամանք, որը մեկ անգամ չէ, որ հիշատակվում է Սուրբ Գրքում (Հոբ 9:22, Սաղմ․ 77։23)։ Եզեկիել մարգարեն այս տեղեկույթի համատեքստում որևէ հակասություն չի տեսնում ընդդեմ 18-րդ գլխում արտահայտված տեսակետների։ (Հետևաբար, այնտեղ արդար մարդուն փոխարենը խոստացվում էր մի ոչ երկրային կյանք): Սակայն Յոթանասնից թարգմանությունն այս ակնհայտ հակասությունը վերացնելու և այս հատվածում նախախնամության ուղիների վերաբերյալ առաջացող թյուրըմբռնումներից խուսափելու համար այստեղ թարգմանում է՝ «անարդար և անօրեն», իսկ Թարգումում ասվում է. «Ես կհանեմ քո արդարներին քո միջից, որպեսզի կործանեմ քո մեղավորներին»։ Հատկանշական է, որ Երուսաղեմն այդ օրինակով դատապարտած Եզեկիել մարգարեի տեսակետի համաձայն այնտեղ կային արդար մարդիկ (և ոչ թե միայն Երեմիան, այլ նաև ուրիշներ):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) եւ կ՚ասես Իսրայէլի երկրին. «Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. ահա ես քո դէմ եմ: Մերկացնելու եմ սուրս իր պատեանից եւ քո միջից ոչնչացնելու եմ անիրաւին ու անօրէնին:
(Արարատ թարգ․) Եվ ասա՛ Իսրայելի երկրին. Այսպես է ասում Տերը. "Ահա ես քեզ դեմ եմ և իմ սուրը պիտի հանեմ իր պատյանից և քեզնից պիտի վերացնեմ արդարին և ամբարիշտին։
(Գրաբար) և ասասցե՛ս ցերկիրն Իսրայէլի. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր Աստուած. Ահաւասիկ ես ‘ի վերայ քո, և մերկացի՛ց զվաղակաւորն իմ ‘ի պատենից իւրոց, և սատակեցից ‘ի միջոյ քումմէ զանիրաւն և զանօրէնն.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: