Եզեկիելի մարգարեության մեկնություն 22։26

Ա. Լոպուխին

«Նրա քահանաները խախտում են Իմ օրենքը և պղծում են Իմ սրբությունները, չեն զանազանում սուրբը անսուրբից և տարբերակում չեն դնում մաքուրի ու անմաքուրի միջև, և Իմ շաբաթների առաջ նրանք փակել են իրենց աչքերը, և Ես արհամարհված եմ նրանց մեջ»: [26] (Սինոդական թարգ․)

   
   Քահանաների դեմ ուղղված մեղադրանքները բնութագրվում են նրանով, որ դրանք արտահայտում են մարգարեի խստագույն հայացքը՝ պայմանավորված հատկապես քահանաների՝ իրենց պարտականությունները քաջ գիտակցելու անհրաժեշտությամբ, ինչը, ցավոք, բացակայում է:

   «Խախտում են Իմ օրենքը» - որը պետք է պահպանեին և ուսուցանեին (հմմտ․ Սոփ․ 3:4, Օս․ 8:1

   «Պղծում են Իմ սրբությունները» - տե՛ս սույն գլխի 8-րդ համարը։

   «Չեն զանազանում սուրբը անսուրբից» - հնարավոր է, օրինակ, որպես զոհ այրելով կենդանու չթույլատրված մասերը կամ էլ թույլ տալով, որ հաշտության զոհաբերությունից հետո սրբազան կերակուրին մոտենան ամենքը՝ առանց խտրության։

   «Տարբերակում չեն դնում մաքուրի ու անմաքուրի միջև» - ժողովրդին հեռու չեն պահում անմաքուր կենդանիներ ճաշակելուց։ 44:23-րդ համարում այս և նախորդ արտահայտությունները գրեթե հոմանիշ են իրար:

   «Եվ Իմ շաբաթների առաջ նրանք փակել են իրենց աչքերը» - հոգ չեն տանում, որ ժողովրդի մեջ պահվեն այդ շաբաթները, անտարբեր են դրանց հաճախակի խախտումների նկատմամբ (տե՛ս սույն գլխի 8-րդ համարը)։

   «Եվ Ես արհամարհված եմ նրանց մեջ» - բառացիորեն՝ «պղծված»։ Սլավոներենում՝ «Եվ Ես պղծված եմ Իմ մեջ»: Չափազանց խիստ ու տպավորիչ մի արտահայտություն՝ փոխարենը կիրառելու սովորական հնչեղություն ունեցող «անարգեցին Աստծո անունը» արտահայտությունը։ Քահանաները ժողովրդի աչքերում Աստծուց «խլեցին» ա՛յն սրբությունը (Նրա անվան սրբությունը), որն աշխարհում Աստծո բոլոր գործողությունների գլխավոր հիմքն ու նպատակն իսկ է։
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Նրա քահանաներն անարգում էին օրէնքներս ու պղծում սրբութիւններս. սուրբը պիղծից չէին տարբերում, արատաւորը անարատից չէին ջոկում. իմ շաբաթներին աչք էին փակում եւ պղծում էին շաբաթներս իրենց մէջ:
(Արարատ թարգ․) Նրա քահանաները բռնացան իմ օրենքի վրա, իմ սրբությունները պղծեցին, սուրբը և անսուրբը չզանազանեցին, անմաքուրի և մաքուրի միջև տարբերակումը չսովորեցրին, իրենց աչքերը ծածկեցին իմ շաբաթներից, և ես պղծվեցի նրանց մեջ։
(Գրաբար) Եւ քահանայք նորա անարգէին զօրէնս իմ և պղծէին զսրբութիւնս իմ. և զսուրբն ‘ի պղծոյն ո՛չ ընտրէին, և զարատաւորն յանարատէ անտի ո՛չ զատուցանէին. և ‘ի շաբաթուց իմոց ծածկէին զաչս իւրեանց, և զշաբաթս իմ պղծէին ‘ի միջի նոցա: