Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։20

Ա. Լոպուխին

«Եվ սիրահարվեց իր սիրեկաններին, որոնց անդամները էշի անդամների պես էին, իսկ սերմնացայտումը՝ ինչպես հովատակների դեպքում է»։[20] (Սինոդական թարգ․)
   
   «Սիրեկաններին» - եբրայեցերենում՝ «պիլգեշիա» - «հարճ» (որը նմանահունչ է միևնույն նշանակությունն ունեցող «παλλαξ», «рellex» բառին)։ Այս բառը միայն այստեղ է, որ կիրառվում է տղամարդկանց վերաբերությամբ և ակնհայտորեն նվաստացուցիչ իմաստ է արտահայտում: Այստեղ խոսքը պետք է որ վերաբերի ա՛յն տղամարդկանց, որոնք իրենց մարմինները «վաճառում» են կանանց: Թե ինչպիսի գնահատական է մարգարեն տալիս նրանց, ցույց են տալիս հետագա մակդիրները։ Կիմխին նույնպես սույն արտահայտությունն այս իմաստով է հասկանում․ «Scorta mascula» (արական սեռին պատկանող «հարճեր»): Մյուս մեկնաբաններն այստեղ նկատում են հեգնական հիշատակություն՝ հասցեագրված եգիպտացի ներքինիներին և մարմնավաճառուհիներին: Բառը հանդես է գալիս իգական սեռի դերանվան հետ համակցությամբ, ինչը ցույց է տալիս այդ «հարճերի»՝ Եգիպտոսին պատկանելիությունը։ Կարելի է կարծել, որ ասորեստանցի և քաղդեացի ազնվականներին զուգահեռ այստեղ ենթադրվում են նաև եգիպտացի ազնվականները, որոնց կոչում են «պիյագեշեթ»՝ կազմ ու պատրաստ պահված ցանկացած զգայական ցանկություն բավարարելու համար։ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «․․․Քաղդեայի վրա», ինչն արդյունք է այն բանի, որ Յոթանասնից թարգմանության հեղինակները 19-21-րդ համարներում տեսնում են քաղդեացիների հանդեպ տածած կրքի վերաբերյալ խոսքի շարունակությունը։ Թարգումում ասվում է. «Նրանց ծառան լինելու համար»: Պեշիթոյում՝ «սիրահարվեցին իրենց հանցագործություններին»: Սիմմաքոսի թարգմանության մեջ՝ «επι τους παιδας αυτων», Թեոդոտիոնի թարգմանության մեջ՝ «επι τας εκλεκας αυτων», Վուլգաթայում, ինչպես և ռուսերեն թարգմանության մեջ՝ «super concubitum сorum»:

   «Անդամ» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 16։26-րդ համարը։

   «Էշի․․․» - էշն իր ցանկասիրության պատճառով մեծ դեր է ունեցել ասորա- պաշտամունքների մեջ (Creuzr. Comment. Herod 266), և եղել է ժամանակ, որ էշն ունեցել է նաև հատուկ ֆալիկական ունակությամբ օժտված կենդանու (Pindar Pyth. X, 32): Այստեղ կարող է ցուցում լինել եգիպտական որոշ ​​պաշտամունքների անբարոյականության վերաբերյալ (ինչպիսին էր Իսիդայի պաշտամունքը):
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Աչքդ գցեցիր էշերի ու ձիերի անդամներ ունեցող քաղդէացիների վրայ:
(Արարատ թարգ․) Եվ նա սիրահարվեց իր տարփածուներին, որոնց անդամները էշի անդամների պես էին, իսկ սերմնացայտումը՝ ձիերի սերմնացայտում։
(Գրաբար) և արձակեցեր զաչս քո առ Քաղդեացիսն՝ յիշանդամս և ‘ի ձիանդամս: