Ա. Լոպուխին
«Բաբելոնի որդիներին և բոլոր քաղդեացիներին՝ Փակուդից, Սուեից և Կուեից, և նրանց հետ՝ Ասորեստանի բոլոր որդիներին, գեղեցիկ երիտասարդներին, կուսակալներին և քաղաքների կառավարիչներին, ազնվականներին և անվանի մարդկանց, բոլոր հմուտ հեծյալներին»։[23] (Սինոդական թարգ․)
«Բաբելոնի որդիներին և բոլոր քաղդեացիներին» - վերջին հասկացությունն ավելի լայնընդգրկուն է, քան առաջինը, և բացի բաբելոնացիներից՝ «քաղդեացիներ» անվան ներքո են «միավորվում» նաև հաջորդիվ հիշատակվող երեք ժողովուրդները նույնպես:
«Փակուդից, Սուեից և Կուեից» - սլավոներենում ավելի ստույգ՝ առանց «ից»-ի․ «Փակուդ, Սուե և Կուե»՝ համաձայն Ալեքսանդրյան կոդեքսի։ Մյուս կոդեքսներում, Սիմմաքոսի և Թեոդոտիոնի թարգմանություններում՝ «Φακουκ και Σουε και Yχουε»։ Թարգումը նույնպես՝ Պեշիթոյի հետ մեկտեղ, այս բառերը ժողովուրդների անուններ են համարում։ Մյուսները, սակայն, այստեղ տեսնում են պաշտոնների և կոչումների անուններ, որոնց թվարկումը շարունակվում է համարի երկրորդ կեսում։ Ակիլլայի թարգմանության մեջ ասվում է՝ «επισκεπτην και τυραννον και χουφαιον», Վուլգաթայում՝ «nobiles, tyrannosque et principes», ինչպես որ ընդունում են նաև ռաբբիները՝ Լյութերի հետ մեկտեղ: Առաջին տեսակետն ավելի արժանահավատ է․ Երուսաղեմի դեմ պիտի դուրս գա հյուսիսի ամբողջ զորությունը՝ ոչ միայն քաղդեացիները, այլ նաև ասորեստանցիները, որոնք այժմ հիշատակվում իսկ են, և այս երկուսի միջև չէին կարող անվանապես հիշատակվել «ազնվականները, կառավարիչներն ու իշխանները»։ Սեպագիր արձանագրություններն ապացուցում են քաղդեական միապետության կազմում հետևյալ անունները կրող ժողովուրդների գոյությունը։ «Փակուդ»-ը համապատասխանում է սեպագիր արձանագրությունների «Փուկուդ» անվանը՝ մի ժողովուրդ, որի ներկայացուցիչներն ապրում էին Քաղդեայի ամենաարևելքում՝ Էլամի սահմանի մոտ։ «Սուե»-ն նույնն է, ինչ «Սուտու»-ն, կրճատ՝ «Սու», որ սեպագիր արձանագրություններում մշտապես առնչակցվում է Կուգուի հետ, կրճատ՝ «Կու» = «Կոա»։ Թե՛ այս, թե՛ մյուս ժողովուրդներն ապրում էին Ադեմի վերին ավազանում՝ Դիալայում (Shrader, Keilinschr. u. A. T, 2 Auf., 413. Delitzsch, Wo lag das Paradies, 240. Wikkler. untesuchung. 177. Altorientalische Forschungen II, 2, 254): Նրանք, ովքեր այս անունները համարում են ընդհանուր գոյականներ, հիմնվում են Եսայու 32:5-րդ և Հոբի 34:19-րդ համարների վրա, որոնցում «սուե»-ն գործածվում է «պատկառելի, հարուստ մարդ, իշխան» իմաստով։ «Փակուդ» բառն էլ առաջացել է «փակադ»՝ «դիտարկել», «հետևել» բայից, իսկ ահա «կոա» բառն այս տեսակետի պաշտպանները հրաժարվում են բացատրել:
«Ասորեստանի․․․որդիներին» - հատկանշական է, որ ասորեստանցիները նույնպես հիշատակվում են։
«Գեղեցիկ երիտասարդներին, կուսակալներին և քաղաքների կառավարիչներին» - տե՛ս 6-րդ համարի բացատրությունը։
«Ազնվականներին» - եբրայեցերենում՝ «շելիշիմ»․ տե՛ս 15-րդ համարի բացատրությունը:
«Անվանի մարդկանց» - սա հավելադրում է 6-րդ և 12-րդ համարներում հիշատակված անվանումներին, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մարգարեն չէր սիրում նույն ձևով վերաշարադրել իր խոսքերը։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) նրանց բերելու եմ, շրջապատել եմ տալու քեզ, բերելու եմ նրանց՝ Բաբելոնի զաւակներին ու բոլոր քաղդէացիներին, Փակուդին, Սուէին ու Կուէին, Ասորեստանի բոլոր զաւակներին էլ նրանց հետ՝ ընտիր երիտասարդներին, իշխաններին, զօրավարներին, երիվարներ հեծած անուանի սպառազէններին:
(Արարատ թարգ․) Բաբելոնի որդիներին և բոլոր քաղդեացիներին, Փակուդին, Սուեին և Կուեին, նրանց հետ՝ Ասորեստանի բոլոր որդիներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ, կուսակալներ և նախարարներ, ամենքը՝ զորականներ և երևելի մարդիկ, բոլորը՝ նժույգ հեծածներ։
(Գրաբար) զորդիսն Բաբելացւոց, և զամենայն Քաղդեացիսն, զՓակուդ և զՍուէ և զԿուէ, և զամենայն որդիսն Ասորեստանեայց ընդ նոսա. զերիտասարդս ընտիրս, զիշխանս, զզօրավարս, զսպառազէնս զանուանիս՝ զհեծեալս յերիվարս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: