Եզեկիելի մարգարեության մեկնություն 34։23

Ա. Լոպուխին

«Եվ նրանց վրա պիտի կարգեմ մի հովվի, որը պիտի արածեցնի նրանց՝ Իմ ծառա Դավթին․ նա պիտի հովվի նրանց և նա է լինելու նրանց հովիվը»։ [22] (Սինոդական թարգ․)
   
   Քանի որ Աստված մեկն է, ուստի Նա Իսրայելի նախկին երկու թագավորների փոխարեն և բազում չար հովիվների փոխարեն հրեաներին տալու է մեկ հովիվ, որը լինելու է Աստծո կամքի ու նախասահմանումների հավատարիմ գործադրողը («Իմ ծառա». բացի Դավթից այս անվանումով է կոչվում նաև Նաբուգոդոնոսորը՝ իհարկե մեկ այլ իմաստով – Երեմ․ 25:9-րդ համար և այլ տեղիներ), այսինքն՝ հենց ինքը՝ Դավիթը, սակայն ոչ թե հարություն առած (եբրայեցերենում, իմիջիայլոց, կիրառված է «կում» - «բարձրանալ», «բարձրացնել» բայը) նախահայրը (ինչպես որ կարծում են Գիտցը և որոշ այլ մեկնաբաններ), այլ Դավիթն ա՛յն իմաստով, որն այս բառին տրվում է դեռևս Օսէէի մարգարեության 3:5-րդ (այլև՝ 2:2-րդ հմմտ․ Մաղ․ 3։2-3-րդ համարներ) համարում։ Այդպիսով մատնանշվում է Դավթի ա՛յն ժառանգը, որի շնորհիվ նրա սերունդը կհասնի փառքի ու վսեմության գագաթնակետին։ Խոսքն այնպիսի մի անձի մասին է, որի մեջ բարձրագույն աստիճանի կհասցվի այն ամենը, ինչը մասնակի և անկատար էր Դավթի պարագայում, ասել է թե՝ Դավթի այդ ժառանգը կլինի ոչ ավել, ոչ պակաս Ինքը՝ Մեսիան։ Եզեկիելն այստեղ կարող էր մատնանշել նաև Երեմիայի մարգարեության 23-րդ գլուխը։ Այսպիսով, նախ (15-րդ համարում) խոստանալով, որ Նա Ինքն է արածեցնելու ոչխարներին, այժմ արդեն Աստված ավելի հստակորեն է սահմանում, թե Իր այդ անմիջական հովվությունն ինչ եղանակով է իրականացվելու։ Դավթի սերնդից ծագող Մեսիայի գալուստով Իսրայելին կառավարելու գործընթացն այլևս ոչնչով չի տարբերվելու անմիջապես Աստծո կառավարելու եղանակից (դրա «պատճառը» Մեսիայի Աստվածությունն իսկ է):
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Դատելու եմ խոյ առ խոյ ու նրանց վրայ մի հովիւ եմ կարգելու՝ իմ ծառայ Դաւթին, եւ նա հովուելու է նրանց: Նա է նրանց համար հովիւ լինելու, իսկ ես՝ Տէրս, լինելու եմ նրանց Աստուածը,
(Արարատ թարգ․) Եվ նրանց վրա մի հովիվ պիտի կարգեմ՝ իմ Դավիթ ծառային, և նա պիտի հովվի նրանց. նա է լինելու նրանց հովիվը։
(Գրաբար) Եւ կացուցից ‘ի վերայ նոցա Հովիւ մի զծառայ իմ զԴաւիթ, և նա հովուեսցէ զնոսա. նա՛ եղիցի նոցա հովիւ․