Եզեկիելի մարգարեության մեկնություն 43։21

Ա. Լոպուխին

«Եվ վերցրո՛ւ ցլիկը՝ մեղքի համար զոհաբերությունը, և այն այրի՛ր տան որոշված տեղում՝ սրբարանից դուրս»։ [21] (Սինոդական թարգ․)
   

    Մովսիսական օրենքի համաձայն՝ մեղքի համար զոհաբերությունը, որն ասես իր վրա էր կրում այդ մեղքի անմաքրությունը, պետք էր այրել ճամբարից (բանակատեղիից) դուրս։ Ներկայիս խորհրդանշական զոհաբերությունը նույնպես պետք է այրվի սրբարանից դուրս, բայց մյուս կողմից էլ՝ այս «նոր» զոհաբերությունը, որն ավելի սուրբ էր, քան Մովսիսական զոհաբերությունը, պետք էր այրել ոչ թե ամբողջովին տաճարից դուրս, այլ տաճարի («տան») հատուկ վայրում, որը մարգարեի կողմից կոչվում է «mithkad»՝ մի բառ, որով Նեեմ․ 3։31-րդ համարում մատնանշվում էր քաղաքի արևելյան դարպասներից մեկը, որն էլ, հետևաբար, սերտ առնչություն կամ անմիջական կապ ուներ տաճարի հետ, մասնավորաբար՝ տաճարի արևմտյան, հետին մասի հետ, որտեղ, համաձայն Եզեկիելի վկայության, կար մի հատուկ կառույց, որը ծառայում էր առավել պակաս օրհնաբեր և սրբազան նպատակի, ինչպես նաև «gizra», չնայած որ դա բավարար հիմքեր չի տալիս «mithkad»-ը տաճարի այս վերոնշյալ վայրի հետ նույնացնելու համար, սակայն էլ առավել քիչ հավանական է, որ այն նույնական էր Եզեկ․ 46։19-20-րդ համարներում նկարագրված քահանայական խոհանոցների հետ (Էվալդ): Այս վայրի մասին վստահաբար կարելի է ասել միայն, որ այն տաճարի տարածքից դուրս չի գտնվել (Եզեկ․ 45:2)։ Յոթանասնից թարգմանությունն այն անվանում է «տաճարում՝ արտաքսված («apokecwrismenw») հատվածում» (նրանք տարընթերցում են «mithrad»՝ «mithkad»-ի փոխարեն)՝ ակնհայտորեն նկատի ունենալով հատուկ նշանակություն ունեցող մի կառույց: Այդ վայրն, այսպիսով, ծառայում էր կիսասրբազան, կիսաանմաքուր նպատակի (մարգարեի կողմից սուրբի և անսուրբի միջև բաժանումը շատ նրբանկատորեն է կատարվում): Մովսիսական օրենքի համաձայն՝ մեղքի համար մատուցվող ամբողջ զոհաբերությունը չէր այրվում բանակատեղիից դուրս, քանի որ ճարպն ու արյունն այրվում էին զոհասեղանի վրա։ Այսպես պետք է լիներ նաև Եզեկիելի զոհաբերության դեպքում, ինչի մասին ոչինչ չի ասվում, հավանաբար, այն պատճառով, քանի որ դա ինքնին հասկանալի էր։ Կամ գուցե այստեղ տարբերությո՞ւն կա Մովսիսական զոհաբերության հետ համեմատությամբ. արյունոտ զոհաբերության միայն մաքուր մասն էր (և ոչ թե ամբողջը, այլ միայն այն, ինչ անհրաժեշտ է ցողելու համար), որ արժանի էր դեպի Աստված բարձրանալու՝ մեղքն իր վրա վերցրած զոհի արյամբ ցողվելու միջոցով:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Թող վերցնեն մեղքերի համար ողջակիզուող զուարակը եւ այրեն տաճարում առանձնացուած մի տեղում, սրբարանից դուրս:
(Արարատ թարգ․) Եվ կվերցնես մեղքի պատարագի ցլիկը և այն կայրես տաճարի որոշված տեղում՝ սրբարանից դուրս։
(Գրաբար) Եւ առցեն զզուարակն զվասն մեղացն՝ և այրեսցի ‘ի զատեալ տեղւոջ տաճարին՝ արտաքոյ սրբութեանցն։