Եզեկիելի մարգարեության մեկնություն 46։14

Ա. Լոպուխին

«Իսկ հացի ընծան դրա հետ մեկտեղ մատուցի'ր ամեն առավոտ` մեկ վեցերորդ արդու («yefa») և մեկ երրորդ հիմեն յուղ՝ ալյուրին խառնելու համար. սա է հավիտենական կանոնը` Տիրոջը հացի ընծա մատուցելու վերաբերյալ, հավիտյան»։ [14] (Սինոդական թարգ․)
   

    Եզեկիելի կողմից սահմանվող հացահատիկի ընծայի չափաքանակն ավելի մեծ է, քան Մովսեսի օրենքների պարագայում էր (տե'ս Ելք 29:38-42-րդ և Թվ. 28:3-8-րդ համարները), բայց այստեղ ոչ մի խոսք չկա գինու մասին – տե'ս Եզեկ. 45:23-րդ համարի բացատրությունը: Այստեղ սահմանվում է հացի ընծայի չափը` գառան համար, և դա այն դեպքում, երբ 5-րդ, 7-րդ և 11-րդ համարներում այդ չափաքանակի հարցը թողնվում էր մարդու ազատ կամընտրությանը։

    «Ամեն առավոտ» - Վուլգաթայում` «cata mane», ինչը տարօրինակ հավելադրում է` հունական նախդիրի տեսքով:

    «Խառնելու» - եբրայեցերենում այս արտահայտությունը եզակի կիրառություն ունի (ap. leg.) և պետք է որ արամեիզմի դրսևորում լինի:

    «Ալյուրին» - եբրայեցերենում` «solet», Յոթանասնից թարգմանության մեջ՝ «semidl», Վուլգաթայում` «simila» - «կոշտ ալյուր» (ի տարբերություն սովորական ալյուրի, որ կոչվում էր «kemakh»), որը զոհաբերության համար պահանջվում էր նաև ըստ Մովսիսական օրենքի:

    «Հավիտենական» - սա ծիսական կարգուկանոնի վերաբերյալ Մովսեսի օրենսգրքում ևս հաճախակիորեն կիրառվող մի արտահայտություն է, որը երբեմն փոխարինվում է ավելի ճշգրիտ արտահայտությամբ՝ «իրենց սերունդների ժամանակ նույնպես», «սերնդեսերունդ»։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Եվ նրա հետ ամեն առավոտ հացի ընծա պիտի մատուցես. մեկ վեցերորդ արդու և մեկ երրորդ հիմեն յուղ՝ նաշիհը խոնավացնելու համար. սա մշտատև հացի ընծա է Տիրոջը՝ հավիտենական կանոնով։
(Արարատ թարգ․) Եվ նրա հետ ամեն առավոտ հացի ընծա պիտի մատուցես. մեկ վեցերորդ արդու և մեկ երրորդ հիմեն յուղ՝ նաշիհը խոնավացնելու համար. սա մշտատև հացի ընծա է Տիրոջը՝ հավիտենական կանոնով։
(Գրաբար) և մաննա ընդ նմին այգո՛ւն այգուն, զվեցերորդ մասն չափոյն. և երորդ մասն քսէստի եւղ խառնեալ 'ի նաշիհն. մաննա Տեառն՝ հրաման յաւիտենական․