Ա. Լոպուխին
11-17․ «Ուստի կենդանի եմ Ես, - ասում է Տեր Աստված, - որովհետև դու պղծեցիր Իմ սրբարանը քո բոլոր պղծություններով և քո բոլոր գարշելիություններով. Ես էլ պիտի նսեմացնեմ քեզ, և Իմ աչքը չպիտի խնայի, և Ես չպիտի ողորմեմ քեզ»։ [11] «Քո մեկ երրորդը ժանտախտով պիտի մեռնի, և սովով պիտի կոտորվեն քո մեջ, մեկ երրորդը սրով պիտի ընկնի քո շուրջը, իսկ մեկ երրորդին էլ ցրիվ պիտի տամ բոլոր քամիներին և սուր պիտի մերկացնեմ նրանց հետևից»։ «Եվ Իմ բարկությունը պիտի կատարվի, և Իմ զայրույթը նրանց վրա պիտի թափեմ ու պիտի բավականանամ։ Եվ պիտի գիտենան, որ Ես՝ Տերս, խոսել եմ Իմ նախանձախնդրությամբ, երբ որ Իմ զայրույթը նրանց վրա հասնի»։ «Եվ քեզ ավերմունքի ու նախատինքի պիտի մատնեմ քեզ շրջապատող ազգերի մեջ, ամեն անցորդի աչքի առաջ»։ «Եվ դու ծաղր ու նախատինք, նախօրինակ ու սարսափ պիտի դառնաս քեզ շրջապատող ազգերի համար, երբ որ Ես քո դեմ դատաստան տեսնեմ բարկությամբ ու զայրույթով և կատաղի պատուհասներով. Ես՝ Տերս, ասացի սա»։ «Եվ երբ նրանց դեմ արձակեմ սովի կատաղի նետերը, որոնք պիտի կործանեն, երբ դրանք արձակեմ ձեզ կործանելու համար, և սովը սաստկացնելու եմ ձեր մեջ և ջախջախելու եմ ձեր հացի գավազանը»։ «Եվ ձեզ վրա սով և կատաղի գազաններ պիտի ուղարկեմ, և քեզ անզավակ կդարձնեն, և ժանտախտ ու արյունահեղություն պիտի անցնի քո միջով, և սուր պիտի բերեմ քեզ վրա. Ես՝ Տերս, ասացի սա»։ (Սինոդական թարգ․)
Երուսաղեմի պատժի իրականացման գործողությունն ավելի մոտիկից է նկարագրվում՝ անդադար կրկնվող ա՛յն հավաստիացումով, որ ոչ թե Եզեկիելը, այլ Տե՛րն է այդպես ասում։ Դա արվում է խոսքի երեք տարբեր բաժանումներով, որոնք բաժանվում են միմյանցից՝ նույնքան անգամ կրկնվելուց հետո. «Ես՝ Տերս, ասացի սա» (13-րդ, 15-րդ և 17-րդ համարներ)։
«Ուստի կենդանի եմ Ես, - ասում է Տեր Աստված, - որովհետև դու պղծեցիր Իմ սրբարանը քո բոլոր պղծություններով և քո բոլոր գարշելիություններով. Ես էլ պիտի նսեմացնեմ քեզ, և Իմ աչքը չպիտի խնայի, և Ես չպիտի ողորմեմ քեզ» - Տերը երդվում է Իր իսկ կյանքով (դա երդումներից ամենահանդիսավորն է, հմմտ․ Թվ․ 14։21, 28, Բ Օրին․ 22։40)՝ խոստանալով, որ Երուսաղեմի անօրինությունների պատճառով, որոնցից գլխավորը տաճարի պղծումն էր (որը սկիզբ էր առել Մանասեի կողմից), մյուս պղծությունների (կուռքերին պաշտելուժ) և գարշելիությունների պատճառով (գուցե դարձյալ կռապաշտության մասին է խոսքը․ սրա նմանողությամբ 6-րդ գլխում Իսրայելի գլխավոր մեղքը, որը բնորոշ էր «բարձր տեղերին» կամ «բարձունքներին», համարվում է իսրայելացիների կռապաշտությունը) Աստված Երուսաղեմի հետ պիտի վարվի առանց Իրեն հատուկ զիջողամտության:
«Պիտի նսեմացնեմ», բառացիորեն՝ «պիտի մերժեմ» (սլավոներենում՝ «պիտի հրաժարվեմ») կա՛մ քեզ, կա՛մ քեզնից («հրաժարվել»-ու պարագայում, ասել է թե՝ «երես կդարձնեմ»), որպեսզի ոչ մի դեպքում քո հանդեպ խղճահարություն չարթնանա։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 5:5
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Քանի ես կենդանի եմ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ նրա համար, որ իմ սրբութիւնները պղծեցիք ձեր բոլոր գարշելի կուռքերով ու պիղծ պաշտամունքներով, - ես մերժելու եմ ձեզ, աչքս էլ ձեզ չի խնայելու, ոչ էլ ողորմելու եմ ձեզ:
(Արարատ թարգ․) Ուստի կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որովհետև դու քո բոլոր գարշելի քանդակներով և պիղծ կուռքերով անմաքուր դարձրիր իմ սրբարանը. ես էլ պիտի կոտորեմ քեզ, և աչքս չպիտի խնայի, իսկ ես էլ չպիտի ողորմեմ։
(Գրաբար) Վասն այդորիկ կենդանի՛ եմ ես՝ ասէ Ադովնայի Տէր. փոխանակ զի զսրբութիւնս իմ պղծեցեր ամենայն գարշելեօքն քովք, և ամենայն պղծալից պաշտամամբքն քովք. և ես մերժեցի՛ց զքեզ, և ո՛չ խնայեսցէ ‘ի քեզ ակն իմ. և ո՛չ ողորմեցայց քեզ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: