Ա. Լոպուխին
«Եկավ ժամանակը, հասավ օրը, գնո՛ղ, մի՛ ուրախացիր, և ծախո՛ղ, մի՛ ողբա, որովհետև նրանց ամբողջ բազմության վրա բարկություն կա»։ [12] (Սինոդական թարգ․)
Աղետը հանգեցնելու է բնականոն հարաբերությունների լիակատար խեղաթյուրման և արդյունաբերական գործունեության դադարեցման, ինչպիսին էր, օրինակ, առևտուրը։ «Գնո՛ղ, մի՛ ուրախացիր» - Սովորաբար վաճառողն ավելի գոհ է լինում, քան գնորդը․ եթե այստեղ հակառակն է, ապա ուրեմն պետք է նկատի առնել, որ վաճառքը պարտադրված է եղել՝ վնաս հասցնելով հենց իրեն՝ վաճառողին, ինչպես Եսայու մարգարեության 5։5-րդ, Միքիայի մարգարեության 2:2-րդ համարների պարագայում է։ Ինչպես ցույց է տալիս այս մտքի շարունակությունը 13-րդ համարում՝ «քանի որ ծախողը հետ չպիտի դառնա իր ծախածին», այստեղ հիմնական առումով նկատի է առնվում անշարժ գույքը՝ հողեր, տներ։ Եվ կարծիք կա, որ նրանք, ովքեր Հեքոնիայի և Եզեկիելի հետ վերաբնակեցվել են Բաբելոնում, ազնվականներ են եղել՝ անկարող լինելով որևէ բան վաճառել նրանց, ովքեր մնացել էին Հրեաստանում (Սմենդ)։ Մարգարեն այս վաճառողներին իրենց կրած կորուստների համար մխիթարում է այն «մխիթարությամբ», որ նրանց ունեցվածքը, միևնույնն է, կործանվելու է Հրեաստանի մոտալուտ, վերջնական նվաճումով։ Այժմ նրանք գոնե ինչ-որ մի բան շահել են կորստյան ենթակա իրենց ունեցվածքի համար, մինչդեռ նրանք, ովքեր օգտվելով այդ վերջինների դժբախտությունից՝ էժան գնով են գնել նրանց գույքը, շուտով կորցնելու են թե՛ այդ գույքը, թե՛ իրենց վճարած գումարը։ Սակայն հնարավոր է, որ այստեղ առհասարակ հիշատակվում է այն, որ նվաճման ժամանակ կորստյան է մատնվելու ամենաթանկարժեք գույքը, որի ձեռքբերումն ուրախությամբ է ընդունվում, իսկ կորուստն ուղեկցվում է արցունքներով և ծայրահեղ կարիքավորության տիրապետությամբ (հմմտ․ Ղևտ․ 25:25):
«Որովհետև նրանց ամբողջ բազմության վրա բարկություն կա» - Կործանման դատապարտվածների մեծաքանակությունը չի դադարեցնելու պատիժը. Աստծո բարկությունը չի կարող տեղի տալ Նրա ողորմածությանը:
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 7:10
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Հասել է ժամանակը, ահա եկել է օրը: Գնողը թող չուրախանայ, ոչ էլ վաճառողը ողբայ, որովհետեւ Իսրայէլի ամբողջ բազմութեան վրայ բարկութիւնն է տիրում:
(Արարատ թարգ․) Եկավ ժամանակը, օրը մոտեցավ, գնողը թող չուրախանա, և ծախողը չողբա, որովհետև նրանց ամբողջ բազմության վրա բորբոք բարկություն կա։
(Գրաբար) Հասեալ է ժամանակ. ահա եկն օր. ստացօղն՝ մի՛ խնդասցէ, և որ վաճառէն՝ մի՛ ողբասցի. զի բարկութիւն ‘ի վերայ ամենայն անիրաւութեան մարդկան, և ‘ի վերայ ամենայն բազմութեան նոցա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: