Ա. Լոպուխին
«Եվ ասաց Նա ինձ. «Իսրայելի և Հուդայի տան ամբարշտությունը մեծ է, շատ մեծ է. և այս երկիրը լցված է արյունով, և քաղաքը լեցուն է անիրավությամբ․ որովհետև նրանք ասում են․ «Տերը լքել է այս երկիրը, և Տերը չի տեսնում»»։[9] (Սինոդական թարգ․)
Արդարև, Աստված խոստացել էր փրկել ժողովրդի մի փոքր մասին (նրանց, ովքեր դրոշմված էին նշանով), և ի պատասխան մարգարեի աղոթքի՝ Նա չի վերափոխում Իր այդ խոստումը, այլ միայն պարզ է դարձնում այն իրողությունը, որ խիստ արդարադատության օրենքների համաձայն առաջնորդվելու դեպքում ամբողջ Իսրայելը, անխոս, արժանի կլիներ ոչնչացման։
«Իսրայելի և Հուդայի» - այսօրինակ հիշատակությունը հազվադեպ է հանդիպում Եզեկիելի մարգարեության մեջ (Եզեկ․ 4:4-6-րդ համարներ, 23-րդ գլուխ, 37:15-րդ համար և այլ տեղիներ)։ Մեծավ մասամբ կիրառվում է կա՛մ «Իսրայել», կա՛մ «Հուդա» անվանումը՝ որպես միմյանց հոմանիշներ։ Այստեղ, սակայն, մարգարեն կամենում է ցույց տալ, որ Երուսաղեմին պատուհասած արհավիրքի միջոցով քավվում է ոչ միայն Հուդայի թագավորության, այլև Իսրայելի թագավորության մեղքը, և որ Եզեկիելը ճշմարտապես այդ «միջանկյալ» ժողովրդին համարում է «Իսրայելի մնացորդ»։
«Մեծ է, շատ մեծ է» - հմմտ․ Ծննդ․ 4։13-րդ համարը՝ Կայենի մասին, 18:20-րդ համարը՝ Սոդոմի մասին, ինչպես և Ողբ 4։6-րդ համարը:
«Այս երկիրը լցված է արյունով, և քաղաքը լեցուն է անիրավությամբ» - տե՛ս 7:23-րդ համարի բացատրությունը․ այնտեղ հիշատակված «արյունալի ոճիրներով» արտահայտությունն այստեղ կրկնվում է հակիրճ ձևով՝ «արյունով»։ Այնտեղ կիրառված «բռնություն» բառի փոխարեն էլ (հմմտ․ նաև 8:17-րդ համարի հետ) այստեղ մատնանշվում է դրանց պատճառը՝ «անիրավությամբ», որը հանդես է գալիս որպես դատական եզրույթ։ Երուսաղեմի «բռնությունների» և «անիրավությունների» դեմ անընդհատ կրկնվող նախատինքներից կարելի է եզրակացնել, որ քաղաքային դատարանում, հավանաբար, տիրապետում էր ահռելի չափերի հասնող կողմնակալությունը՝ ի վնաս աղքատների և անօգնականների։ Այն ժամանակվա հրեաների կյանքից մեզ հայտնի չեն արյունահեղության ուղղակի օրինակներ, ուստի սա կարող է հիպերբոլիզմի (չափազանցության) դրսևորում լինել։ Յոթանասնից թարգմանության հեղինակները, հավանաբար նույնպես այդպես կարծելով, այստեղ տարընթերցում են. «Երկիրը լցվեց շատ մարդկանցով» («դամ»՝ «արյուն» բառն ենթերցում են «ամ»՝ «մարդիկ», և այդ ամենի արդյունքում հետևյալ նախադասությունը ստացան. «ճիշտ այնպես, ինչպես երկիրը լի է մարդկանցով, այդպես էլ «քաղաքն է լցված անիրավություններով և անմաքրություններով»):
«Որովհետև նրանք ասում են․ «Տերը լքել է այս երկիրը, և Տերը չի տեսնում» - Աստված խորհում է հետևյալը․ «նրանք կարծում են, թե Ես չեմ տեսնում»։ 8:12-րդ համարում արտահայտված անթրոպոմորֆիզմի (մարդակերպության) գրեթե բառացի կրկնությունն է՝ այն տարբերությամբ միայն, որ այնտեղ սկզբունքայինն ու առաջնային կարևորություն ունեցող միտքը հետևյալն է. «Տերը մեզ չի տեսնում»: Արյունահեղության և վիրավորանքի (գործնական դրսևորմամբ) մեղքերից բացի՝ Հուդան աչքի է ընկնում նաև Աստվածային նախախնամության և ամենագիտության հանդեպ կասկածամտության (տեսական դրսևորում) մեղքով, որից մեկ քայլ անդին անաստվածությունն է (աթեիզմ)։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Եւ Տէրն ասաց ինձ. «Իսրայէլի ու Յուդայի երկրի այդ տան անիրաւութիւնները սաստիկ շատացան, որովհետեւ այդ երկիրը լցուեց ժողովուրդների բազմութեամբ, այդ քաղաքն էլ՝ անօրէնութեամբ ու պղծութեամբ, որովհետեւ ասացին, թէ՝ «Տէրը լքել է երկիրը, այլեւս չի նայում երկրին»:
(Արարատ թարգ․) Եվ ինձ ասաց. «Իսրայելի և Հուդայի տան անօրենությունը շատ ու շատ մեծ է, և երկիրը լցվել է արյունահեղությամբ, քաղաքը լիքն է անիրավությամբ, որովհետև ասում են, թե Տերը լքել է երկիրը, Տերը չի տեսնում։
(Գրաբար) Եւ ասէ ցիս. Անիրաւութիւն տանդ Իսրայէլի և Յուդայ մեծացա՛ւ յոյժ յոյժ. զի լցա՛ւ երկիրդ ժողովրդովք բազմօք, և քաղաքդ լի՛ եղև անօրէնութեամբ և պղծութեամբ. զի ասացին եթէ եթո՛ղ Տէր զերկիրն, և ո՛չ ևս հայի Տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: