Ա․ Լոպուխին
Ասա՛ Իսրայելի ամբողջ ժողովրդին. «Այս ամսի տասներորդ օրը թող յուրաքանչյուրն իր համար մեկ գառ վերցնի՝ ամեն տունը մեկ գառ՝ ըստ իրենց ընտանիքների»: (Սինոդական թարգ․)[3]
Ավիվի՝ եկեղեցական տարվա առաջին ամիս դարձնելն ամրապնդում էր եգիպտական ստրկությունից ազատվելու հիշողությունը: Միևնույն նպատակն էր հետապնդում նաև Զատկի տոնի հաստատումը («Պասեխ»՝ «կողքով անցնել», Ելք. 12:11-12):
Զատկի տոնակատարության ընթացքում փառաբանելով Եգիպտոսից ելքի պատմական իրադարձությունը՝ Իսրայելի ժողովուրդը դրա հետ մեկտեղ տոնում էր նաև իր՝ որպես Աստծո ժողովուրդ ընտրվելը, իր ծնունդը և արարումը, քանի որ ելքը հենց այդ նպատակն էլ ուներ՝ Իսրայելի վերածնունդը որպես Աստծո ժողովուրդ (Ելք 19:4-6): Զատիկը ծննդյան տոն է, կյանքի տոն: Տոնի հենց այս ընդհանուր իմաստն է արտահայտվում նրա առանձին ծիսակատարությունների միջոցով: Աստծո ընտրությանն արժանանալու համար հրեա ժողովուրդը պետք է մաքրագործվեր: Հին Կտակարանում դրա միակ միջոցը զոհաբերություններն էին: Զոհով է սկսվում և նրա մեջ է կենտրոնանում զատկական տոնակատարությունը:
Զատկական տոնի զոհը գառն էր, որը «Տիրոջ համար զատկի զոհ» (Ելք 12:27) կամ «զատկի տոնի զոհ» (Ելք 34:25) էր կոչվում: Նրան նույն իմաստն է վերագրվում նաև հրեական «zebach» անվամբ, որը կիրառվում է արյան զոհաբերությունը մատնանշելու համար: Բարձրյալի՝ աստվածպաշտության համար նախատեսված գառն ընտրվում էր մորթվելուց չորս օր առաջ՝ ավիվի 10-ին, հավանաբար նրա անարատ լինելն ավելի ուշադիր զննելու համար: Այն ընտրվում էր յուրաքանչյուր ընտանիքի կողմից, քանի որ ստրկությունից ազատվել և Աստծո ժողովրդի անդամ էին դարձել բոլոր հրեաները:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Դու խօսի՛ր իսրայէլացի ողջ ժողովրդի հետ ու ասա՛. «Այս ամսի տասներորդ օրը ամէն մարդ թող մի ոչխար առնի ըստ իր ընտանիքի՝ ամէն մի տան համար մէկ ոչխար:
(Արարատ թարգ․) Խոսե՛ք ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով. “Այս ամսվա տասներորդ օրը թող յուրաքանչյուրն իր համար մեկ գառ առնի՝ ամեն տունը մեկ գառ՝ ըստ իրենց ընտանիքների:
(Գրաբար) Խաւսեաց ընդ ամենայն ժողովրդեան որդւոցն Իսրայէլի եւ ասասցես. Ի տասներորդում ամսեանս այսորիկ առցեն իւրեանց իւրաքանչիւր ոչխար ըստ տունս ազգաց իւրեանց. ոչխար ըստ երդ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: