Ելից գրքի մեկնություն 13։20

Ա. Լոպուխին

Եվ Սոկքոթից դուրս գալով՝ Իսրայելի որդիները եկան և բնակվեցին Ոթոմում՝ անապատի եզրին: (Սինոդական թարգ․)[20]
   
   Սոկքոթից արևելյան ուղղությամբ դուրս գալով՝ հրեաները եկան Ոթոմ, որը գտնվում է անապատի եզրին: Թվոց գրքի խոսքերով՝ (Թվ. 33։6) այն անապատի եզրին էր և հենց այդ Ոթոմ անապատով էլ, որն այլ կերպ կոչվում է Սուր (Ելք 15:22), հրեաները քայլում էին Կարմիր ծովով անցնելուց հետո՝ երեք օրերի ընթացքում (Թվ. 33:8): Եվ քանի որ Սուր-Ոթոմ անապատը Քարքարոտ Արաբիայի մաս էր կազմում, ուրեմն հրեաների երկրորդ կայանատեղին գտնվում էր Եգիպտոսի հետ սահմանի վրա: Ներկայումս եգիպտական մի պապիրուսի հիման վրա (որտեղ նկարագրված է արևելյան սահմանի ամրությունների գծի երկայնքով ոմն Սինեխի փախուստը Եգիպտոսից) ընդունված է համարել, որ Ոթոմը Եգիպտոսն արևելքից՝ ասիական քոչվորների ներխուժումից ապահովելու համար նախատեսված եգիպտական ամրություններից մեկն էր: Այս մասին որոշակի ցուցում կա հենց Ոթոմ անվան մեջ. այն համահունչ է այդ ամրությունների եգիպտական անվանը՝ «խեթամ»:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Սոկքոթից դուրս գալով՝ իսրայէլացիները եկան եւ կայք հաստատեցին Ոթոմում՝ անապատի եզրին:
(Արարատ թարգ․) Եվ Սոկքոթից մեկնեցին ու իջևանեցին Ոթոմի մեջ՝ անապատի եզրին:
(Գրաբար) Եւ չուեալ որդւոցն Իսրայէլի ի Սոկքովթայ, բանակեցան յՈթոմ առ անապատին: