Ելից գրքի մեկնություն 13։21

Ա. Լոպուխին

21-22․ Աստված ցերեկը նրանց առաջնորդում էր ամպի սյունով՝ նրանց ցույց տալով ճանապարհը, իսկ գիշերը՝ կրակի սյունով՝ նրանց լույս տալու համար, որպեսզի գնան գիշեր ու ցերեկ: [21] Ցերեկը ամպի սյունը, իսկ գիշերը կրակի սյունը չհեռացրեց ժողովրդի առջևից: (Սինոդական թարգ․)
   
   Անապատով ճամփորդելու դժվարությունը (Ոթոմն անապատի եզրին էր) աստվածային առանձնահատուկ հովանավորություն էր առաջ բերել. ցերեկն ամպի սյունը պահպանում էր հրեաներին տապից, իսկ գիշերը, հրի վերածվելով, լուսավորում էր նրանց ճանապարհը: Այս երևույթը քարավանային լույսերի հետ նույնացնելու համար ոչ մի հիմք չկա: Ինչպես ցույց են տալիս Սուրբ Գրքի մյուս տեղիների վկայությունները (Ելք 40:34, 38, Թվ. 9:15-23), հրեաների ճանապարհ ընկնելն ու ճանապարհին կանգ առնելը որոշվում էր ամպի սյան շարժումով և կանգառով, մինչդեռ քարավանային լույսերի շարժը հակառակ համեմատական էր ժողովրդի շարժմանը: Այդ նույն կերպ նաև Հնգամատյանում չկա ոչ մի տեղի, որի հիման վրա հնարավոր կլիներ հրեղեն ամպի սյունն ընկալել իբրև բնական ծուխ կամ կրակ: Ընդհակառակը, ամենուր (Ելք 13:21-22, 14:19-20, 33:9-10, Թվ.  9:15-16, Սաղմ. 77:14, 104:39) այս երևույթը պատկերվում է որպես Բարձրյալի ներկայության նշան:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Աստուած ցերեկը նրանց առաջնորդում էր ամպի սիւնով, որպէսզի ճանապարհ ցոյց տայ նրանց, իսկ գիշերը՝ հրէ սիւնով, որպէսզի գիշեր-ցերեկ նրանք ուղեցոյց ունենան:
(Արարատ թարգ․) Եվ Տերը գնում էր նրանց առջևից. ցերեկը գնում էր ամպի սյունով՝ նրանց ճանապարհ ցույց տալու համար, իսկ գիշերը՝ կրակի սյունով՝ նրանց լույս տալու համար, որպեսզի գնան գիշեր ու ցերեկ:
(Գրաբար) Եւ Աստուած առաջնորդէր նոցա ցերեկ` սեամբ ամպոյ. ցուցանել նոցա զճանապարհն: Եւ զցայգ` սեամբ հրոյ, լուսատու լինել նոցա ի գնալն` զցայգ եւ զցերեկ: